Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարությունից ոչ-ոք չկար Անկախության օրը սահմանվելիք ռեկորդներին

Սեպտեմբեր 21,2020 20:50

Յուրի եւ Արթուր Սաքունց եղբայրներն այսօր՝ Հայաստանի անկախության տոնի օրը, Երեւանի Շահումյան հրապարակում Գինեսի ռեկորդներ սահմանեցին:

Յուրին ձեռքերի վրա քայլելով, ատամներով բռնած ճոպանով մի քանի մետր տեղաշարժեց 4,5 տոննա կշռող Ջիփ ավտոմեքենան: Այս ռեկորդը սահմանելուց առաջ, նա լրագրողներին ասել էր, թե մտադիր է գերազանցել ադրբեջանցու  ռեկորդը, որը յոթ տարի առաջ տեղաշարժել էր 1,5 տոննայանոց ավտոմեքենան:

Յուրայի կրտսեր եղբայրը՝ Արթուրը, բարելավեց սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետությունում սահմանած իր իսկ ցուցանիշը: Այն ժամանակ նա ատամներով բռնած ճոպանով 12 տոննա քաշ ունեցող ավտոբուսը տեղաշարժել էր 11 մետր: Իսկ այսօր Արթուրը նույնը կատարեց արդեն քաշելով  14 տոննա ընդհանուր կշռով երկու մեքենա:

Եղբայրները լրատվամիջոցներին ասացին, որ ցանկանում են աշխարհին ցույց տալ հայաստանցու եւ արցախցու ուժը, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության հզորությունը եւ հպարտ են, որ դա իրենց բազմիցս է հաջողվել:

Եղբայրները սպորտում բավականին բարձր ձեռքբերումներ են ունեցել: Յուրան, ինչպես ինքը նշեց, ուժային եռամարտիկ է, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի չեմպիոն: Նա նաեւ զբաղվում է մաս ռեսթլինգով: Իսկ Արթուրը սամբոյից աշխարհի բրոնզե մեդալակիր է, միջազգային մրցաշարերի հաղթող:

Սակայն եղբայրները նեղված էին ԿԳՄՍ նախարարությունից արժանացած արհամարհական վերաբերմունքից: Նրանց խոսքով, իրենք թե զանգերով, թե անձնապես տեղեկացրել են նախարարությանը, որպեսզի ներկա գտնվեն, սակայն մերժում են ստացել: «Մենք բողոքող տեսակ չենք, մենք ինչ-որ բան ուզող չենք: Մենք նախարարությունից ոչինչ չենք խնդրել: Ընդհակառակը, ես եմ մեքենա ծախել, որպեսզի կարողանամ մրցման մեկնել: Մենք ընդամենը ցանկանում էինք, որ նախարարությունից այսօր ներկայացուցիչ  լինի»,- ասում էր Յուրի Սաքունցը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930