Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության տոն Գյումրիում՝ մեծ թվով զբոսաշրջիկներով (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 21,2020 20:03

Գյումրիում Անկախության տոնի առիթով պաշտոնական որևէ միջոցառում, թեկուզև անվտանգության պայմանները պահպանելով, այսօր տեղի չունեցավ, սակայն քաղաքը, ինչպես և նախորդ տարի, լի էր զբոսաշրջիկներով։

Քաղաքի պատմական հատվածում զբոսաշրջիկների տարբեր խմբեր էին շրջում, որոնց զբոսավարները մատուցում էին Գյումրու կառույցների պատմությունը։ Լի էին նաև ռեստորանները, սրճարանները, կային սրճարաններ, որտեղ նստելու տեղ անգամ չկար։

Որոշ սրճարաններում էլ հնչում էին հայրենասիրական երգեր՝ արցախյան պատերազմում նահատակված հերոսների հարազատների մասնակցությամբ, նրանց երախտիքի խոսքեր ուղղելով։

Զբոսաշրջային ընկերության ղեկավար Լիզա Գասպարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Գյումրին զբոսաշրջիկների հետաքրքրության կիզակետում հայտնվել է օգոստոսի կեսերից, հատկապես շաբաթ-կիրակի օրերին այս քաղաքում մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում։

«Գյումրիի զբոսաշրջային գրավչությունն ու հետաքրքրությունը քաղաքային տուրն է, որի սեզոնը սկսվում է սեպտեմբեր, հոկտեմբերին։ Վերջին շաբաթներին բավական ակտիվ է եղել, ակտիվությունը նկատվում է թանգարանների վերաբացումից հետո, հյուրանոց-հյուրատներում էլ աշխուժություն կա։ Զբոսաշրջիկների 50 տոկոսը գիշերակաց է վերցնում, 50 տոկոսը՝ ոչ։ Սկզբի երկու-երեք շաբաթվա ընթացքում գրեթե գիշերակաց չէին վերցնում, գալիս էին ուղղակի զբոսանքի ու հիմնականում քաղաքի կենտրոնի սրճարանների ու ռեստորանների գործն էր լավ։ Թանգարանների բացվելուց ու մյուս մարզերի նկատմամբ հետաքրքրությունը սպառելուց հետո եկան Գյումրի,այս տարի զբոսաշրջիկները շատ այցելեցին Լոռի և Տավուշ։

Վերջին երեք շաբաթը կարելի է ասել, որ շատ պահանջված են քաղաքային տուրերը Գյումրիում, թե՛ զբոսավարներն են բավական զբաղված, թե՛ թանգարանների բակում նախկին ակտիվությունն ու աշխուժությունը կա»։

Լիզա Գասպարյանն ասում է, որ մինչև հոկտեմբեր զբոսաշրջիկները կայցելեն Գյումրիում։ Ըստ նրա, թեև նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին էլ Գյումրիում ցուրտ էր, բայց զբոսաշրջային պիկը սկսվեց դրանից հետո։

Մեր զրուցակիցը փաստում է, որ Գյումրի այցելող զբոսաշրջիկների մեծ մասը մայրաքաղաքից են։

«Գյումրին դեռ անճանաչելի է Երևանի բնակիչներից շատերի համար, մարզերից մարզ հոսքը դանդաղ է, բայց անցած տարի հոկտեմբեր ամսին ունեցել են Կոտայքից, Տավուշից մեծ հոսք․ շաբաթ-կիրակի օրերին թե՛ աշակերտական, թե ՛մանկավարժական խմբեր գալիս էին Գյումրին բացահայտելու։

Մենք շարունակում ենք մայրաքաղաքի բնակիչներին Գյումրին ճանաչելի դարձնել, Երևանը ամենախիտ բնակչություն ունեցող քաղաքն է։ 60 տարեկան զբոսաշրջիկ ենք ունեցել, երևի թե քարտեզի վրա ամենուր եղել էր, բայց Գյումրիով ապշած քայլել է, զմայլվել պատմական կառույցներով։ Երբ հարցրել ենք, թե առաջին անգա՞մ եք Գյումրիում, պատասխանել է՝ երբեք չեմ մտածել, որ Գյումրին այսքան սիրուն է և այսքան լավ պահպանված։ Գյումրին դեռևս ասոցացվում է երկրաշարժի հետ, երբ հարցնում ես՝ ինչո՞ւ չէիք գալիս Գյումրի, պատասխանում են, թե մենք գիտեինք մինչև հիմա ավերակների մեջ է, մինչև հիմա գիտենք, թե տնակ պիտի տեսնենք, չենք պատկերացրել, որ պատմական միջուկ կա ու այսքան գեղեցիկ։ Այդ տեղեկության պակասը կա, դրա համար էլ Երևանը մեզ համար ամենապահանջված շուկան է», -ասաց Լիզա Գասպարյանը։

Հիշեցնենք, որ օրերս Գյումրի էր այցելել Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը, որը նշել էր, թե Գյումրին աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է․ իր դիմագիծը, մշակութային ժառանգությունը պահպանած, արվեստի քաղաք է և ավելի գեղեցիկ է, քան Երևանը։ 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930