«Աբսուրդ է, երբ դու ունես պետություն և սկսում ես դրա մասին մտածել, կամ պետության առկայության պայմաններում քննարկում ես այնպիսի հարցեր, որոնք բնորոշ են համայնքին»,- «Մեդիա կենտրոնի» կողմից Վանաձոր քաղաքում կազմակերպված «Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելն՝ ավելի» թեմայով քննարկմանը հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Ըստ նրա՝ հիմնական խնդիրը պետական ինստիտուտների նկատմամբ վստահության ձևավորման հարցն է: Նա այս առիթով ասաց. «Այն գիտակցությունն է կարևոր, որ իմ հարցը ոչ թե պետք է լուծվի Կրեմլում, Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում, Թեհրանում, Լիբանանում, Աթենքում կամ Փարիզում, այլ պետք է լուծվի Երևանում, նկատի ունեմ հենց Վանաձորում, Գյումրիում, այնտեղ, որտեղ քո պետությունն է»:
Ըստ Արթուր Սաքունցի՝ մտածողության ձևավորման տեսակետից շատ քիչ բան ունենք ուրախանալու, եթե հաշվի չառնենք բանակը. «Եթե խոսում ենք անկախության մասին, ապա խոսում ենք զինված ուժերի մասին՝ որպես քո անվտանգության և անկախության երաշխավոր»:
Ըստ Արթուր Սաքունցի՝ անկախության բովանդակության հիմնական հիմքը ազատ մտքի և ազատության երաշխավորումների մեջ է. «Եթե ուշադիր նայենք, մեր 30-ամյա պատմության ընթացքում մեր ամենալուրջ հետընթացներն անկախության կարգավիճակով գտնվելով, բայց բովանդակային առումով անկախություն կորցնելու գործողությունները եղել են այն ժամանակ, երբ ազատությունները սահմանափակ են եղել. օրինակ՝ հայ-ռուսական գազային պայմանագրերը, որի ճիրաններում ենք հիմա»:
Կարդացեք նաև
Ըստ Արթուր Սաքունցի՝ դա այն ժամանակ էր, երբ ազատությունները խիստ սահմանափակված էին: Արթուր Սաքունցի փաստմամբ՝ ազատություն նշանակում է երկխոսություն, երբ դու ձևավորում ես մարմիններ, որոնք կախված են քեզնից: Խոսելով 2018-ի թավշյա հեղափոխության մասին՝ Արթուր Սաքունցն ասաց. «2018-ի թավշյա հեղափոխությունը կարելի է ասել իրապես անկախության երաշխավորման կարևոր շարժումն էր, երբ այդ ազատությունը ներսում ձեռք բերվեց: Իհարկե, կային ծայրահեղ գնահատականներ, որ սա ավելի կարևոր էր, քան անկախությունը, որն այդպես չէ: Բայց անկախության բովանդակային երաշխիքի՝ ազատության վերականգնման, ազատության ապահովման տեսանկյունից դա կարևոր էր: Բայց մենք, իհարկե, այս հարցում նույնպես ունենք մտահոգություններ, քանի որ ազատությունների երաշխավորումը ենթադրում է նաև դրանց հիմնական մեխանիզմները՝ երկխոսությունները, կարծիքների արտահայտում, որոշումների կայացմանը մարդկանց մասնակցություն: Այն, ինչ հիմա կատարվում է, երբ մարդիկ կառավարության շենքի առաջ ցույց են անում և ասում՝ ուզում ենք գնալ ՌԴ, լուրջ խնդիր է»:
Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ և Ռեստարտ նախաձեռնության անդամ Անի Տեր-Մելիքսեթյանի հավաստիացմամբ՝ հեղափոխությունը չարեց Նիկոլ Փաշինյանը կամ «Իմ քայլը» խմբակցությունը, այն արեց ժողովուրդը՝ երիտասարդությունը. «Անկախության գիտակցումը հենց երիտասարդությանն է պատկանում: Հիշենք 2013-ի ընտրակեղծիքների դեմ պայքարը, 2017-ի՝ «տարկետում լինելու է» պայքարը: Այդ ամենում ներգրավված էր ողջ ժողովուրդը, բայց կորիզը երիտասարդությունն էր, քանի որ հանրության ամենահզոր ու անվախ ուժը երիտասարդությունն է: Եկեք հիշենք Դավիթ Պետրոսյանին, Յուրի Ավագյանին, որոնք դժվար ճանապարհ անցան, հետապնդման ենթարկվեցին, բայց այդ մարդիկ մեր մեջ արթնացրին պայքարի ոգին: 1991-ին ստորագրված թուղթ չէր անկախությունը, այլ գաղափար, որը պետք էր իրականացնել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի