Անկախության տոնի առիթով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով պատվավոր զինվորական կոչումներ, դիվանագետական դասային աստիճաններ եւ բարձրագույն պարգեւներ շնորհվեցին մի շարք անձանց:
Սեպտեմբերի 21-ին ՀՀ նախագահի նստավայրում կայացած պարգեւատրման արարողությունից հետո՝ ՀՀ նախագահը շնորհավորելով պարգեւատրված տարբեր ոլորտների ներկայացուցիչներին ու զինվորականներին՝ նշեց, որ որպես ժողովուրդ եւ պետություն մեզ համար շատ բան դեռ առջեւում է, եւ դրա համար պետք է ունենալ հստակ տեսլական եւ ծրագիր: Նա առանձնացրեց վարչապետի տեսլականը:
«Շատ կարեւոր է, որ ցուցաբերենք հաստատուն կամք, կարգապահություն, հետեւողականություն եւ ունենանք հավատ, որ մենք ենք մեր ճակատագրի տերը, որ ինքներս կարող ենք մեր երազանքներն իրականություն դարձնել»,-ասաց նախագահը:
Ափսոսանք հայտնեց, որ դիմակի պատճառով շատերի դեմքը չտեսավ: Հատուկ հիշատակեց վաղամեռիկ հուշարձանագետ եւ իր գործի նվիրյալ Սամվել Կարապետյանին, որին ճանաչում է յոթանասունականներից՝ Արմեն Հախնազարյանի միջոցով: «Եթե չլիներ Սամվելը, մենք չէինք ճանաչի մեր մշակույթի ու պատմության մեծագույն կտորները…Ցավում եմ, որ այսօր Սամվելը մեզ հետ չէ»:
Կարդացեք նաև
Նախագահն ասաց, որ ՀՀ ազգային հերոս , սրտային վիրաբույժ, վաստակաշատ բժիշկ Հրայր Հովակիմյանին եւս ճանաչում է շուրջ երեսուն տարի. նա ժամանակին ԱՄՆ-ն թողեց ու եկավ Հայաստան ու ստեղծեց իր դպրոցը: Արմեն Սարգսյանը հավելեց, որ մեծ պատիվ է նման մարդու հերոսի կոչում շնորհելու հրամանագիրը ստորագրելը;
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ