Լրահոս
Օրվա լրահոսը

«Առհավետ կփակվի ճանապարհը այն բոլոր տարրերի համար, ում մտքով կանցնի օգտվել ժողովրդավարության հնարավորությունից՝ նրա գերեզմանափորը դառնալու համար». Ռուբեն Մեհրաբյան

Սեպտեմբեր 21,2020 16:43

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության առաջին համագումարն էր: Կուսակցության հիմնադիր անդամ Ռուբեն Մեհրաբյանն իր ելույթում ասաց. «Այսօր փառահեղ տոն է՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձը, օր, որի մասնակիցը 29 տարի առաջ դարձավ նաեւ իմ սերունդը»:

Նա պատմական ակնարկ արեց. «Կայսրության փլուզման հետեւանքն էր ամբողջատիրական համակարգի կազմաքանդում, ազատ, անկախ ժողովրդավարական պետության քաղաքական մշակույթի արմատավորում ու որպես դրա արգասիք՝ ինստիտուտների ձեւավորում: Այս ընթացքը ՀՀ-ում, որն ուղեկցվել է նաեւ ավերիչ երկրաշարժով, ազատագրական պատերազմով, շրջափակմամբ, ծանր ճգնաժամով, պատերազմով, 90-ականներին հարթ չի անցել ու չէր էլ կարող հարթ անցնել: Այդ ընթացքն արձանագրել է լրջագույն նահանջ, այդ թվում՝ պետությունը զավթած բռնատիրական տարրերի արյունահեղության արդյունքում: Ղարաբաղյան խնդրով բանակցային օրակարգի հրապարակային նենգափոխումը, ապատեղեկատվությունը, կոռուպցիոն շահը կանգնեցրեցին երկիրը փաստի առաջ: Պետությունը բռնազավթվեց կազմակերպված հանցավոր խմբավորման կողմից ու վերածվեց հանցագործությունների գործիքի: Ցավոք, մեր մանուկ ժողովրդավարությունը դեռ չուներ պատշաճ փորձ ու դիմադրողականություն, այդ ահեղ մարտահրավերները հաղթահարելու համար: Սակայն փաստն այն է, որ պատերազմում հաղթանակած հայ ազգը ոչ մի օր չի դադարել իր պայքարը ու ոչ մի օր չի հանդուրժել իրավազրկումը սեփական տանը»:

Մեհրաբյանը խոսեց նաեւ 2008-ի Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների մասին. «Ում հրամանով դա տեղի ունեցավ, ՀՀ-ում բոլորը վաղուց գիտեն դրա պատասխանը, բացի մեր անախրոնիզմ դարձած խայտառակ ու ցավոք մինչ օրս հանդուրժվող դատական համակարգից»:

Նա ասաց, որ քաղաքական խմբերը, շարժումները, կազմակերպությունները մշտական փնտրտուքների մեջ են, թե որն է բանաձեւը եւ ինչպես ձերբազատվեն այս չարիքից: Բանաձեւը գտնվեց 2018-ի գարնանը. «Անուրանալի է այն համազգային վճռականությունը ու ամենաբարձր քաղաքացիական գիտակցությունը, որը դրսեւորվեց հայ ժողովրդի կողմից այդ օրերին: Միջազգային հանրության կողմից հասցեագրված ուղերձները թույլ տվեցին, որ մեր երկիրը խուսափի արտաքին թյուրընկալումներից ու արտաքին միջամտությունից: Թավշյա հեղափոխությունը պատմական հնարավորություն բացեց հայ ժողովրդի առաջ, մեր երկիրը դուրս բերվեց ավտորիտար բռնապետության ճանկից ու կրկին բռնեց ժողովրդավարության ճանապարհը ու այս բացառիկ հնարավորությունը մսխելը մեզ չի ներվելու ապագա սերունդների կողմից: Այժմ եկել է ժամանակ, որ մենք իրագործենք ժողովրդավարական բարեփոխումներ իրագործելու անշրջելի ինստիտուտների ձեւավորման ճիշտ բանաձեւը: Ողջ պետական կառավարման համակարգը, հատուկ ծառայությունները, իրավապահ մարմինները,իհարկե, դատական համակարգը արմատապես բարեփոխելու խնդիր կա, սա այն է, ինչին արժանի է հայ ժողովուրդը ու այն է, ինչ պարտավոր է անել ՀՀ ցանկացած ազատ եւ ժողովրդավարական ընտրություններում քվե ստացած իշխանությունը: Իսկ այն, ինչ այսօր արվում է, մեղմ ասած՝ հեռու է բավարար լինելուց»:

Ռուբեն Մեհրաբյանը նաեւ ընդգծեց. «Մինչ օրս պետությունը, օրենսդիր մարմինը չի տվել պետության բռնազավթման քաղաքական գնահատականը, իրերը չի կոչել իրենց անուններով, դրանով թույլ է տվել, որ պետության բռնազավթում իրականացրած տարրերը իրենց համարեն առնվազն նույն բարոյական հարթության վրա, ինչ պետության ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհը հարթող ուժերը»:

Մեհրաբյանը հայտարարեց. «Մեր՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության ստեղծումն օրվա հրամայական է: Մենք գալիս ենք մեր օրակարգով, որի առանցքում է բոլոր ոլորտներում ժողովրդավարական բարեփոխումների անշրջելիության ինստիտուցիոնալ երաշխիքների ձեւավորումը»: Ըստ նրա, դա է միակ գրավականը, որ առհավետ փակվի ճանապարհը այն բոլոր տարրերի համար, ում մտքով կանցնի հերթական անգամ օգտվել ժողովրդավարության հնարավորությունից՝ նրա գերեզմանափորը դառնալու համար, մեր անկախությունը, ինքնիշխանությունը վաճառելու համար. «Այլեւս երբե՛ք: Մենք գաղափարակիցներով գալիս ենք համոզված, գալիս ենք հաստատուն քայլերով այս օրակարգն իրականություն դարձնելու համար՝ փոփոխվող աշխարհակարգի պայմաններում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930