«Սա յուրաքանչյուր ժողովրդի և ազգի համար ամենակարևոր տոնն է, քանի որ մարդը ծնվում է ազատ և անկախ: Ազատությունից և անկախությունից ավելի մեծ արժեք չկա»,- «Մեդիա կենտրոնի» կողմից Վանաձոր քաղաքում կազմակերպված «Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելն՝ ավելի» թեմայով քննարկմանը հայտարարեց Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:
Նրա համոզմամբ՝ երբ խոսում ենք պետության անկախության մասին, պետք է գիտակցենք, որ դա յուրաքանչյուր քաղաքացու ազատությունն է. «Եթե այդ ազատությունը, անկախությունը կա, որն ի վերուստ տրված է, ուրեմն կա դեպի ազատություն, անկախություն մղումը: Եվ կարծում եմ՝ անկախությունն այնպիսի մի բան է, որը պահանջում է ամենօրյա աշխատանք: Բավական է, որ մի պահ կանգ առնես, մտածես, որ ամեն ինչի հասել ես, և արագ պատմությունը զրկի քեզ այդ հնարավորությունից»:
Ռուբեն Բաբայանը որոշ հիշողություններ պատմեց 1988-ից. «1988-ի ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից էի: Այն ժամանակ ստեղծում էին Ղարաբաղ կոմիտեները, Տիկնիկային թատրոնի Ղարաբաղ կոմիտեի նախագահն էլ ես էի: Քանի որ Ազատության հրապարակում բազմահազարանոց ցույցեր էին, և երեխաները հաճախ կորում էին, կոչ արեցինք, որ երեխաներին բերեն թատրոն, որ ծնողները հանգիստ մասնակցեն այդ ցույցերին»:
Ըստ Ռուբեն Բաբայանի՝ 1988-ի ամբողջ իմաստն այն է, որ սկսեցինք հասկանալ` մենք ենք որոշելու մեր ճակատագիրը. «Սա պետք է բնական ձևով անցներ դեպի անկախություն: Նշում ենք սեպտեմբերի 21-ը. ուզում եմ անպայման ասել՝ ի տարբերություն ինձ ու շատ մարդկանց, կային մարդիկ, որոնք այդ անկախության համար պայքարում էին նույնիսկ, սովետական ամենադաժան տարիներին՝ Ստեփան Զատիկյան, Պարույր Հայրիկյան, Ազատ Արշակյան, Աշոտ Նավասարդյան: Առաջինը եռագույնը 1989-ին Թատերական հրապարակում բարձրացրեց Մովսես Գորգիսյանը: Հիշում եմ՝ այդ ժամանակ ինչ էր կատարվում: Մենք պետք է շնորհակալ լինենք այդ մարդկանց: Երբ հաճախ ասում են, որ մենք դարերով շարունակ ձգտել ենք դեպի անկախություն, երազել անկախության մասին, կարծում եմ՝ դա գեղեցիկ հեքիաթ է: Եթե ձգտում ու երազում ես, շատ ավելի շուտ իրականություն կդառնար: Միշտ կան մարդիկ, որոնք միշտ վառ են պահել անկախության այդ գաղափարը: Եթե կա կայծը, մի օր կբռնկվի հրդեհը»:
Կարդացեք նաև
Ռուբեն Բաբայանի համար անկախության ամենամեծ ձեռքբերումը երիտասարդությունն է. «Սերունդը, որը ծնվել է անկախ Հայաստանում, միևնույն է, սա ուրիշ մտածողություն է: Հնարավոր չէ վերադարձնել, նույնիսկ, եթե համոզեն, թե ինչքան լավն ու բարի էր կյանքն անցյալում»:
Ռուբեն Բաբայանը կարևորեց այն, որ մարդիկ հասկանան՝ ինչ նատի ունենք՝ անկախ պետություն ասելով: Ըստ նրա՝ հաճախ այն կետերը, որ մենք բերում ենք, ավելի շատ բնորոշում են գաղութի խնդիրները, քան անկախ պետության. «Գաղութ ասելով՝ նկատի ունեմ այն, որտեղ լուծվում են զուտ ազգային խնդիրներ: Իսկ անկախ պետությունն արդեն ի տարբերություն գաղութի՝ պահանջում է քեզնից մեծագույն պարտավորություններ: Չեն կարող լինել միայն իրավունքներ առանց պարտավորությունների»:
Ռուբեն Բաբայանի ձևակերպմամբ՝ ազատության և տիրոջ զգացողությունը կայֆ զգացողություն է. «Եթե մենք այդ կայֆն ապրում ենք, որ ինքդ ես որոշում՝ ինչ անել, ինչ չանել, ինքդ ես արարում, դրանից մեծ երջանկություն չկա: Ինչքան էլ դու սպասես ուրիշից, միևնույն է, այդ դեպքում դու ինքդ չես որոշում»:
Ռուբեն Բաբայանի համոզմամբ՝ մենք հիմա կանգնած ենք այն փուլում, որ պետք է ավելի լավ գիտակցենք՝ ինչ է նշանակում անկախ, ազատ, սուվերեն երկիր և ինչով է այն տարբերվում գաղութից:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի