Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում կա հստակ կեցվածք եւ դա համահունչ է Արցախի իշխանության դիրքորոշմանը». Կարեն Օհանջանյան

Սեպտեմբեր 21,2020 15:57

Aravot.am-ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը 

-«Ինձ համար կրկնակի անհասկանալի է, երբ Ղարաբաղը ասում է, որ մեր և Հայաստանի մոտեցումները նույնանման են։ Հիմա Հայաստանում չկա մոտեցում, դիրքորոշում, չկա որևէ մոդել, որին հանրությունը տեղեկացված լինի։ Հիմա, եթե նույնանման են, ինչի՞ն են նույնանման, Հայաստանի չեղած դիրքորոշմա՞նը նույնանման, ուղղակի չեմ հասկանում։ Եվ սա վտանգավոր է։ Եթե դու չունես հստակ դիրքորոշում, հաջորդ առաջարկը քո օգտին չի լինելու, որովհետև միջնորդները շատ զգայուն են, և իրենք բանակցային գործընթացներում փորձում են հասկանալ, թե որ կողմը ինչ չափի, ինչ խորության զիջումների է պատրաստ գնալ, եթե իրենք քեզնից չեն լսում հստակ մոտեցումներ, իրենք համարում են, որ քո դիրքորոշումը շատ էլաստիկ է, և կարելի է այդ էլաստիկությունը հենց քո դեմ կիրառել։ Դա շատ բնական բան է»,- օրերս հայաստանյան քաղաքագետների հետ հանդիպման ժամանակ խոսելով Արցախի հարցի մասին` ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով. «Չափազանց կարևոր է ունենալ հստակ դիրքորոշում, որ բոլորը հասկանան, որ այս գծից այն կողմ ձև չկա քեզ հետ պայմանավորվելու»։ Չե՞ք կարծում, որ նա իրավացի է այն առումով, որ Հայաստանում չկա հարցի կարգավորման մոտեցում եւ «լողալու» հնարավորությունները մեծ են:

-Հայկական երկու անկախ պետությունների համար բանակցությունների օրակարգը ի սկզբանե եւ մինչ օրս կառուցված է ժողովուրդների կամարտահայտության վրա, ողջ հայ ժողովրդի, որ ներառում է Հայաստանը, Արցախը, սփյուռքը: Բանակցությունները գնում են միջազգային միջկառավարական ինստիտուտների շրջանակներում՝ հիմնականում որոշ երկրների ղեկավարությունների նախաձեռնությամբ: Միջնորդների օգնությամբ բանակցությունները չեն ենթադրում, որ միջնորդները պետք է մեզ հակամարտության լուծում պարտադրեն: Միջնորդները օժանդակում են հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնելուն: Նրանց մանդատը ավելիի վրա չի տարածվում: Սա արբիտրաժային որոշման նպատակով բանակցություն չէ, երբ միջազգային կառույցները հակամարտության լուծում են պարտադրում, ինչպես եղավ Դեյթոնում:

Բանակցություններում միջնորդական առաքելություն իրականացնող հիմնական կառույցը ԵԱՀԿ-ն է, որը Մինսկի խմբին հանձնարարել է միջնորդ լինել արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցություններում: Սա պետք է գիտենան բոլորը, երբ ինչ-որ մեկը փորձում է մանիպուլյացիաներ անել հանրային կարծիքի հետ` հղում անելով ԵԱՀԿ Մինսկի խմբին:

Ինչ մնում է հստակ դիրքորոշմանը, չեմ կարծում թե Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում, որ ողջ հայությունն է իրեն պատվիրակել պաշտպանել վերջին 32 տարվա ձեռքբերումները: Փաշինյանը ժողովրդին ասում է այնքան, որքան ժամանակին ասում էին Քոչարյանն ու Սարգսյանը: Գուցե մի քիչ ավելին: Միայն այն, որ Փաշինյանը մշտապես հայտարարում է, որ բանակցություններում Արցախի անունից պետք է խոսի Արցախի ընտրված իշխանությունը՝ մեծ բան է: Իսկ ի՞նչ են արել Քոչարյանն ու Սարգսյանը: Իրենցով են արել բանակցություններին մասնակցելու արցախցիների իրավունքը, նրանց անունից բանակցություններ վարել ու Արցախի իշխանություններին փոխանցել դոզավորված տեղեկություն:

Իսկ ձեր հարցին, թե Հայաստանում չկա այս հարցի վերաբերյալ կայուն դիրքորոշում՝ կարճ կպատասխանեմ: Հայաստանում կա հստակ կեցվածք եւ դա համահունչ է Արցախի իշխանության դիրքորոշմանը: Բանակցությունները դարձել են առավել թափանցիկ, որքան դա հնարավոր է, հասարակությունը դրանց մասին գիտի ավելի շատ, քան Քոչարյանի եւ Սարգսյանի ժամանակ:

-Անդրադառնալով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին հայտարարություններին էլ, Ռոբերտ Քոչարյանը նկատում է. «Ղարաբաղում ասում են․ «Մեզ համար անվտանգությունն է կարևոր»։ Քո հռչակագիրն անկախության անվտանգության մասին չի, քո պետության ստեղծման իրավական հիմքերի մասին է։ Դու ոնց որ էդ շենքում նստած, ֆունդամենտը դրած, դու «լոմով» քանդում ես էդ ֆունդամենտը, չի կարելի էդպիսի բան անել։ Երկարատև առումով դա չափազանց մեծ վնաս է հասցնելու մեր բանակցային դիրքերին»։ Համամի՞տ եք:

-Ես համաձայն չեմ: Արայիկ Հարությունյանը նման հայտարարություն անելիս հստակ գիտակցում էր, որ ապագայի ցանկացած համաձայնության հիմքում ընկած է մեր ժողովրդի կամարտահայտությունը: Արցախի համար թիվ մեկ հարցը Արցախի միջազգային ճանաչումն է, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, այլ խոսքով՝ Արցախի միջազգային ճանաչումը: Եթե Արայիկ Հարությունյանն ասում է, որ մեզ համար ամենակարեւորը մեր քաղաքացիների անվտանգության ապահովումն է, դա նշանակում է, որ բացառապես հայտարարված արժեքների, մեր դե-ֆակտո անկախության շրջանակներում է հնարավոր ապահովել Արցախի տարածքային ամբողջականությունն ու քաղաքացիների ֆիզիկական լայնամասշտաբ անվտանգությունը: Այնպես որ, Արայիկ Հարությունյանի խոսքերը այս համատեքստում են: Եթե մեր ժողովուրդն անվտանգ լինի, կհասնի բարգավաճման:

Այս առումով ուզում եմ հիշեցնել Նապոլեոնի խոսքերը ընդդիմադիրներին, թե ոչ ոք չի ճանաչի Ֆրանսիան. Բոնապարտն ասել է. «Չճանաչել Ֆրանսիան, նշանակում է պայծառ արեւային օրվա ժամանակ չճանաչել արեւը»: Այնպես որ անվտանգությունը մեզ թույլ կտա կառուցել ժողովրդավարական եւ արդարացի պետություն եւ միջազգային հանրության կողմից այն չճանաչելը կլինի ողջ միջազգային իրավունքի ամոթը:

-Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», Ռոբերտ Քոչարյանը հիշեցնում է ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությունը, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանին ու նկատում. «Հարց է առաջանում՝ հանուն ինչի՞ ես դու Ադրբեջանին էական հնարավորություն տալիս ասել, որ նրանք վերջապես իրենք են հաստատում, որ դա նույն միավորն է, և ինչո՞ւ պետք է նույն միավորի շրջանակում այս սեղանի շուրջ բանակցենք երկու հոգու հետ։ Գիտե՞ք, այս իշխանությունը ոչ միայն չգիտի, ինչ անել, այլ նաև չգիտի՝ ինչ չի կարելի անել, և սա մեծ պրոբլեմ է»։ Այս մասով ի՞նչ կասեք:

-Հարկ է նկատել, որ հենց Ռոբերտ Քոչարյանն է համաձայնել նրան, ինչ ունենք այսօր բանակցություններում, հատկապես՝ ներկայիսս ձեւաչափը: Հենց նա միջնորդների եւ Ադրբեջանի ճնշումների արդյունքում հրաժարվեց բանակցություններում արցախցիների մասնակցության պահանջից եւ դարձավ ողջ հայության շահերի ներկայացուցիչ, ավելի հստակ՝ ներկայացրեց Արցախը միանձնյա: Այնպես որ ես մեծ տարբերություն չեմ տեսնում Քոչարյանի եւ Փաշինյանի գործողություններում:

Հայաստան, Արցախ, Սփյուռք, սա մեր ցանցային պետական մտածողությունն է: Ես առավել հակված եմ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը ընկալել հենց սրա հիմնավորում: Թեեւ կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն չպետք է աներ:

Ինչ մնում է պետական կառույցներին, մենք անկախ պետություն ենք եւ Հայաստանի ղեկավարության պարտքն է հարգել արցախցիների ստիպված ընտրությունը: Արցախը անկախ պետություն է եւ միաժամանակ հզոր եռամիասնության մաս, ինչին ուղղված են մեր սիրտն ու միտքը: Մենք հզոր Հայաստանի, մեր ընդհանուր հայրենիքի մասն ենք:

– Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը նույն հարցազրույցում հիշեցնում է, որ Արցախը բանակցային գործընթացից դուրս էր մնացել դեռ 1996 թվականին:

– Այնժամ դեռ Արցախը ամբողջությամբ հեռացված չէր բանակցային գործընթացից: Միշտ էլ եղել են Արցախի ներկայացուցիչներին բանակցություններից հեռացնելու փորձեր: Սակայն Արցախի ֆորմալ հեռացումը բանակցություններից հնարավոր եղավ միայն Քոչարյանի՝ Հայաստանի նախագահ ընտրվելուց հետո:

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի նախագահի՝ օրերս «Ապշերոն» հանքավայրում ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ արված հայտարարությունները, որ բանակցությունները իրականում դադարել են եւ դրա մեղավորը Հայաստանն է:

-Գործնականում հակամարտության կողմերը միշտ էլ փոխադարձ մեղադրանքներ են ներկայացրել բանակցությունների տապալման համար: Բանակցությունների տրամաբանությունը սա էլ է ենթադրում: Հայաստանը մշտապես հայտարարել է, որ Արցախի անվտանգության սպառնալիքի դեպքում կպաշտպանի իր եղբայրներին եւ կճանաչի Արցախի անկախությունը: Այնպես որ` Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Ալիեւի արձագանքը ես համարում եմ հակառակորդի աճող հզորությունից անհանգստացած պետության ղեկավարի խոսք: Մենք չենք թաքցնում մեր նպատակը. Արցախն ու Հայաստանը դարձնել ժամանակակից գլոբալ եւ տարածաշրջանային մարտահրավերներին գիտակցումով միշտ բարձր մակարդակի վրա գտնվող ժամանակակից տնտեսությամբ, ինքնաբավ ժողովրդով հզոր ռազմական տերություն: Սա անհրաժեշտ է աշխարհում գոյատեւելու, ապրելու եւ բարգավաճելու համար:

Ինչ մնում է Լիբանանից եւ մոլորակի այլ տարածաշրջաններից մեկ եղբայրների վերադարձին Արցախ, հանուն որի նրանք կյանք, ֆինանսական եւ նյութական ռեսուրսներ են ներդրել, ապա մեր ժողովրդի իրավունքն է, ընդունել դժբախտության մեջ հայտնված մեր եղբայրներին: Սա մեր ժողովրդի մարդասիրական պոռթկումն է եւ մենք դրանից չենք հրաժարվի, չնայած Ալիեւի կոկորդիլոսի արցունքներին: Մենք կանենք ամեն հնարավորը, որ ցանկացած ժամանակ կարող լինենք արժանի հակահարված տալ Ադրբեջանին եւ նրա գործընկերներին եւ խաղաղություն պարտադրենք:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լուսանկարը՝ Կարեն Օհանջանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930