Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանում զրուցել ենք գրող, բանաստեղծուհի Արմենուհի Սիսյանի հետ: Aravot.am-ի հետ զրույցում Արմենուհին ասում է, որ դեպի գրականություն գնալու մեջ Աստծո մատը խառն է եղել: Ասում է՝ վիրահատությունից հետո Աստված իր համար դուռ է բացել, ու ամեն ինչ սկսվել է նորովի, եւ ինքը սկսել է լրջորեն մոտենալ գրականությանը. «Համարում եմ, որ դա հենց այնպես չէր, այլ ի վերուստ էր նախանշված, կյանքս ուղղակի բաժանվեց մինչեւ գրականությունը, եւ գրականություն գնալուց հետո…Երբ գիտակցության եկա վիրահատությունից հետո, աչքիս առաջ եկավ այն եկեղեցին, որտեղ ես մտել էի նախքան վիրահատությունը, որտեղ հատուկ չէի էլ գնացել, այն ինձ տարել էր…Իսկ դրանից հետո եղավ այն, ինչ եղավ…»:
Մանկության մասին խոսելիս՝ հիշում է Կոմիտասի` իրենց բակում գտնվող մանկապարտեզը, որտեղ սիրում էին իրեն համբուրել. «Ես ինձ դրանից վատ էի զգում, անթաքույց հանում էի թաշկինակս, նայում էի համբուրողի երեսին եւ մաքրում էի այտերս…Մինչեւ հիմա, երբ անցնում եմ այդ հատվածով, ինձ թվում է, թե մանկապարտեզի այն ժամանակվա վարիչը ուր որ է՝ դուրս կգա ու կուզենա ինձ համբուրել…Բայց այս անգամ ես իսկապես նրան ջերմ կգրկեի ու կհամբուրեի»:
Մանկության տարիներից նաեւ հետեւյալ դրվագն է հիշում. «Քանի որ մանուկ ժամանակ ավելի բաց գույներով էի ու կատարյալ խարտյաշ, հայրիկս մի օր կատակով ասաց, թե հարևան մուտքի մոլոկաններն են իմ ծնողները… Ես լուրջ ընդունեցի, ծնողներս ու ավագ քույրերս մի լավ ծիծաղեցին, ասացին, որ կատակ է ու մոռացան այդ մասին… Իսկ ինձ երկար ժամանակ այդ միտքը չի լքել, հատկապես, որ այդ մոլոկան ամուսիններն ամեն անգամ ինձ տեսնելիս, անգամ հեռվից, սիրալիր ժպտում էին և ակնհայտ ցույց տալիս իրենց ոչ անտարբեր վերաբերմունքն իմ նկատմամբ… Ի դեպ, նրանք երեխա չունեին (ինձանից բացի) ու ամեն հանդիպումից հետո կասկածի ավելի մեծ չափաբաժին էր մնում իմ սրտում…
Բակում այդպիսի մի հանդիպումից հետո երկար լաց եղա, բայց մեկընդմիշտ ընդունեցի, որ «խորթ» ծնողներիս ավելի շատ եմ սիրում ու աշխատեցի այլևս չտեսնել իսկական ծնողներիս քաղցրալուր հայացքներն ու սիրառատ ժպիտները… Ինչքան էլ ինձ փորձեին հակառակը համոզել, միևնույն է, կասկածի նշույլը միշտ թաքուն ինձ աչքով է անում… Կան թեմաներ, որոնց շուրջ անգամ կատակել չի կարելի երեխաների հետ. շատ անշնորհակալ ժողովուրդ են երեխաները. հազար ու մի լավ բան չեն հիշի, բայց մի սխալ արարք չեն ջնջի հիշողությունից…»:
Կարդացեք նաև
Ստեղծագործական ճանապարհին էլ անդրադարձ եղավ: «Ես էությամբ սովորող մարդ եմ, եւ երեխայից էլ կարող եմ ինչ-որ բաներ սովորել, եթե ցանկանում եմ…Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնց հանդիպել եմ իմ ճանապարհին, ամեն մեկից ինչ-որ ջերմ պատառիկ ունեմ իմ սրտում, բայց չեմ կարող ասել, թե ինչ-որ մեկն ինձ հատուկ օգնել է»,-նշեց մեր զրուցակիցը:
Հավելեց, որ շատերի հետ կապված հիշողություններ ունի՝ Լեւոն Անանյանի, Սամվել Մկրտչյանի, ու ափսոսանք հայտնեց. «Սովորաբար հիշում ենք նրանց, ովքեր այլեւս մեզ հետ չեն»: Հիշում է, թե ինչպես էր մշտազբաղ Լեւոն Անանյանն իրեն ներկայացնելիս կատակով ասում. «Իրեն այդպես երիտասարդ մի նայեք, դուստրն իրենից մեծ է»…Կամ Սամվել Մկրտչյանի հետ կապված հետեւյալ դրվագն է հիշում. «Ուլիսեսի» թարգմանությունից հետո ես անդրադարձ էի արել «Գրական թերթում», Սամվել Մկրտչյանն ինձ այսպիսի հարց տվեց՝ ինչու դու կարդացե՞լ ես «Ուլիսեսը մինչեւ վերջ…Ասացի՝ իհարկե կարդացել եմ, առանց կարդալու, ինչպես կգրեի: Ասաց՝ երկուս…Ես զարմացած հարցրի՝ այսինքն…Ասաց՝ դու երկրորդ մարդն ես, որ կարդացել ես ինձանից հետո»:
Արմենուհի Սիսյանի համար լավ գրականությունն անկեղծ գրականությունն է. «Աստված մի արասցե, որ բոլորն իրար նման գրեին…Շատ եմ ուրախանում, որ կարդում ու ձեռագրից հասկանում ես, թե դա որ հեղինակի գործն է՝ ինչ ազգության ուզում է լինի, ինչ ժամանակների հեղինակ էլ լինի…Երբ Սարոյանին ասում են՝ շարունակաբար նույն բանի մասին ես գրում, իրեն հատուկ անկեղծությամբ ասում է՝ վահ, բա էլ ում մասին գրեմ…Երբեմն ինձ ասում են՝ երեւում է, որ կանացի գրականություն է, ես դա որպես հաճոյախոսություն եմ ընկալում, որովհետեւ եթե անկեղծ եմ իմ գրի հետ, հո տղամարդու նման չե՞մ գրելու, իհարկե տղամարդու անունից ունեմ պատմվածքներ, որոնք նույնպես ապրված են, իմ միջով անցկացրել եմ, որովհետեւ երբ չիմացած բաներից ես գրում, երկար կյանք չի ունենում…
Եթե կին է գրել, թող զգացվի, որ կին է հեղինակը…Չնայած Ֆլոբերն ասում է՝ Մադամ Բովարին ես եմ, բայց դա շատ խորքային հարց է…Անպայման գրականությունն ինչ-որ տեղ հուշ է քո մասին, քո ապրածի մասին եւ նաեւ այն մասին, ինչ արդեն կորցրել ես…Էլիոթի խոսքը հիշեցի՝ ամեն բանաստեղծություն մի տապանաքար է…Առանց թախծի լավ գրականություն չկա, հատկապես մեծ կտավի ամեն ստեղծագործություն ցավի ու տառապանքի ծնունդ է»:
Մուսայի մասին խոսելիս Արմենուհին ժպտալով ասում է. «Մուսա հասկացությունն ինձ համար պարադոքսալ մի բան է…Այն որ ասում են՝ նստում, սպասում են՝ մինչեւ մուսան գա…Ես կուզեի տեսնել՝ ո՞վ է մուսան, ինչպիսին է (ծիծաղում է-Գ.Հ.)…Ստեղծագործող մարդու համար, կարծում եմ, ստեղծագործական շարժիչ ուժն իր հետ է, դա չի նշանակում, որ անվերջ պետք է գրես, խոսքն այն մասին է, որ ստեղծագործական շարժիչ ուժը քո մեջ է. ամենուր է, անկախ նրանից՝ դու քայլում ես փողոցում, տաքսի ես նստում, թե խոհանոցում ճաշ ես պատրաստում…Կուտակումներ ու խմորումներ են լինում, ու կարեւոր չէ՝ այդ պահին գրեցիր, թե ոչ…Դրսում լսված հպանցիկ մի խոսք կամ ինչ-որ մեկի պատմությունը հետո անպայման գրի է վերածվելու… Ի դեպ, պահի գեղեցկությունը զգալու համար նաեւ դառը պահեր էլ պետք է ունենալ, իրականում այդ դառը պահերը պարգեւատրումներն են, վայելելը հենց գիտակցելն է»:
Մեր հարցին՝ ինքը լինելով գրող՝ կարդո՞ւմ է իր ժամանակակիցների գործերը, մեր զրուցակիցը պատասխանում է, որ ցավոք, ոչ բոլոր գրողներն են իրար կարդում, ինչը տխուր բան է, բայց ինքը կարդում է. «Հիմա ձեռքիս Վարդան Գրիգորյանի «Մանյա այրքն» է…վաղուց էի ուզում կարդալ…Ես բոլորովին գոհ չեմ այն մոդայիկ արտահայտությունից, թե արտասահմանյան հեղինակներին պետք է կարդալ պարտադիր, էլի կարդանք նրանց, բայց մենք էլ ունենք հրաշալի ստեղծագործողներ, նրանց գործերին էլ պետք է ծանոթ լինել»:
Արմենուհի Սիսյանը շատ է շրջագայել գրչի բերումով, սիրով է հիշում գրողական ծրագրի շրջանակում Ավստրիայում անցկացրած 2-3 ամիսները, իսկ ամենատպավորիչը համարում է այցելությունը Ճապոնիա. «Դա միանգամայն այլ մշակույթ ու քաղաքակրթություն է, ամեն երկիր գնալիս առաջին տպավորությունը մարդկանցից եմ ստանում…Իսկ Ճապոնիայում ինձ զարմացրեց մարդկանց համեստությունը, ճապոնացիների խոնարհությունը հարգանքի է արժանի…
Ես զարմանում եմ, որ ասում են՝ հպարտ եմ, որ հայ եմ…Ինչո՞ւ ես հպարտ, չէ՞ որ հպարտ լինելը Աստվածաշնչյան մեղք է…Ճապոնիայում շփվել եմ այնպիսի մարդկանց հետ, որոնք բանաստեղծներ էին, հրատարակիչ, արվեստի մարդիկ…Նրանք կարող էին իրենց թույլ տալ հպարտ լինել,. Բայց այնքան համեստ ու խոնարհ: Նույնիսկ իրենց բարեւելու ձեւն էր յուրահատուկ: Իրենց գրողների միության նախագահն ինձ մրցանակ շնորհելիս այնպես էր խոնարհվում, որ ես ամաչում էի, իրենք դիմացինին հարգելու, արժեւորելու յուրահատուկ մշակույթ ունեն…Մեծ պատիվ եմ համարում, որ թարգմանվեցի ու տպագրվեցի այնտեղ, հիմա մեղք եմ գործում՝ ասելով, որ ժամանակակից գրողներից միայն իմ գործերն են թարգմանվել ճապոներեն, իսկ ընդհանրապես թարգմանվել ու հրատարակվել եմ 14 լեզուներով…Ես չեմ հպարտանում դրանով, խոնարհաբար եմ ասում, որովհետեւ հաջողությունը պարտավորեցնող է, դա նաեւ ավելին անելու մոտիվացիա է»:
Արմենուհու համար ամենաարժեքավոր նվերները կապված են ծնողների հետ, դա հատկապես մայրիկից մնացած մասունքներն են՝ ժակետն ու մատանին: «Ինձ թվում է մայրիկիս մատանին կախարդական է, ինչպես հեքիաթներում…Բավական է դնեմ մատիս ու աշխարհը փոխվում է, զգում եմ իր օրհնությունը, ներկայությունը, շունչը»,-ժպտում է գրողը:
Դուստրերի մասին խոսելիս, ասում է՝ դաստիարակելիս հատուկ չի ասել, թե սա պետք է անել, կամ սա չպետք է անել, ուղղակի շատ սեր է տվել. «Իհարկե պետք է նաեւ խիստ լինել, բայց իրենք սիրո հետ են ամեն ինչ վերցրել ու գեներով ստացել»:
Գրողն ասում է, որ ամեն գրքից հետո՝ ինքնախարազման շրջան է անցնում, որովհետեւ ամեն անգամ դժգոհ է մնում իրենից, բայց համարում է, որ դա էլ ճանապարհ է՝ հաջորդ գիրքն ավելի լավ գրելու. «Ինչպես փորձառություն ենք ձեռք բերում տարիքի, այնպես էլ յուրաքանչյուր գրքի հետ, անպայման հասունանում են գործերդ…»: Առաջին գիրքը տպագրվել է 2006 թ, այս պահին տպարանում է 10-րդ գիրքը, որը պիեսների ժողովածու է՝ անցյալ տարի մրցանակ էր շահել «ԲուքՖեստում»՝ դրամատուրգիայի անվանակարգում: Մրցանակը մեկ պիեսի համար էր, բայց դա պարտավորեցրեց, որ ի մի բերի գրածները եւ ամբողջացնի:
Արմենուհի Սիսյանը համեստորեն հաջողակ լինելը վերագրում է ոչ թե իրեն, այլ ստեղծագործությանը, ասում է՝ որոշ ստեղծագործություններ կարող են իրենց ճակատագիրը հարթել. «Ինչ վերաբերվում է «Ագռավն ասաց» պիեսին, ագռավի հետ շատ տվել-առել եմ: Ես սկզբում վախենում էի ագռավից, հետո վախերս էի բերում թղթի վրա…Նայում էր ագռավի աչքերի մեջ ու հաղթահարելով վախը՝ գրում… Գործս նախ տպագրվեց, ապա բեմադրվեց…Ագռավն ասում էր՝ տե՞ս, ինչ լավն եմ, իսկ դու ինձ չէիր սիրում…Ներկայացումից հետո ես այլեւս չեմ վախենում ագռավներից»: Գրողը հավատում է խորհրդանշաններին, իսկ ագռավի կերպարի մեջ ուզում է ներառել բոլոր ագռավներին՝ սկսած Նոյի ագռավից՝ որպես ագռավահայր, վերջացրած Պոյի ագռավով, «Սասնա Ծռեր» էպոսում եղած ագռավի հետ կապված առնչություններով, մինչեւ Աբել ու Կայեն…
Արմենուհին իրեն հաջողակ մարդ է համարում, ասում է հաջողություններն այն վայրկյաններն են, որ, դիցուք, հիմա վայելում է աշնանային արեւի ճառագայթները. «Ես ինձ համարում եմ հաջողություններ ունեցող մարդ, բայց կարծում եմ, որ դա պահանջում է ամենօրյա խնամք: Ինչպես ծաղիկը, որ չջրես, կչորանա, այդպես էլ հաջողությունն է»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նաեւ հավելում է, որ հաջողության հասնելը եւ հաջողակ լինելը տարբեր բաներ են, որովհետեւ հաջողության հասնելու ընթացքը ճանապարհ է՝ վայրիվերումներով ու ձեռքբերումներով. «Թե չէ մարդ կարող է հաջողակ լինել՝ Քաջ Նազարի բախտով…Իսկ նման հաջողությունը երկար կյանք ունենալ չի կարող»:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները հեղինակի եւ Արմենուհի Սիսյանի անձնական արխիվից: