Լրահոս
Օրվա լրահոսը

Առնվազն 5 միլիոն բնակչություն, 1,5 միլիոն աշխատատեղ, 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը. Փաշինյանի՝ մինչեւ 2050 թվականի ռազմավարությունը

Սեպտեմբեր 21,2020 14:27

Այսօր Մատենադարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց մինչեւ 2050 թվականի ռազմավարության տեսլականը: Ըստ նրա, առաջին՝ ՀՀ բնակչությունը պետք է հասցնել մինչեւ առնվազն 5 միլիոնի, ստեղծել 1,5 միլիոն աշխատատեղ, որպեսզի աղքատությունը հաղթահարենք աշխատանքով, 20-ապատկել Հայաստանի ՀՆԱ-ն, յոթնապատկել միջին աշխատավարձը:

«Հաջորդը՝ մինչեւ 2050 թվականը ունենանք մեկ շնչի հաշվով աշխարհի ամենամարտունակ բանակը, ունենանք աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, սովորելը դարձնենք ազգային ապրելակերպ, բուհերի միջազգային վարկանիշի առաջին 200-յակում տեղ գտնի առնվազն 3 հայկական բուհ, Հայաստանը դարձնենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր: Ունենանք 10 միլիարդ դոլար եւ ավելի արժեքով առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն եւ առնվազն 10 հազար աշխատող ստարտափ»,-թվարկեց վարչապետը:

Նա շարունակեց. «Ունենանք առողջ շրջակա միջավայրով, կլիմայադիմացկուն եւ էներգաարդյունավետ Հայաստան: Նվաճենք 25 օլիմպիական ոսկե մեդալ: Ֆուտբոլի հավաքականը դարձնենք աշխարհի կամ Եվրոպայի մեդալակիր: Նվաճենք շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը: Հայաստան այցելով զբոսաշրջիկների թիվը հասցնենք 15 միլիոնի»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, ամենակարեւոր գաղափարը վերջերս ընդունված ազգային անվտանգության ռազմավարությունն է, որի առաջաբանում թվարկել են ազգային արժեքները. «Առաջին այդպիսի արժեքը հայոց պետականությունն է, որը մեզ հնարավորություն է տալիս մեր ճակատագրի վերաբերյալ կայացնել որոշումներ: Երկրորդ առաջնորդող արժեքը համարում ենք կրթությունը, որովհետեւ կրթությունն է միակ գործիքը, որ հնարավորություն է տալիս ճանաչել մեր խնդիրները եւ գտնել լուծումները: Հաջորդ առանցքային արժեքը անհատն է, քանի որ անհատն է միակ սուբյեկտը, որ ձեւավորում է ընտանիք, ձեւավորում է հանրություն, ժողովուրդ ու պետություն: Եվ վերջապես՝ չորրորդ արժեքը աշխատանքն է»:

Նրա խոսքով, ազգային գաղափարների հիմքում դրված են մեր ազգային նպատակները. «Այդ նպատակներից առաջինը հայկական պետականության հավիտենականություն է: Հաջորդը ՀՀ քաղաքացու արժեւորումն է: Ի վերջո, ինչի՞ համար է պետականությունը, այն ՀՀ քաղաքացիների բարեկեցության, անվտանգության, ազատության ու երջանկության ապահովումն իրականացնելու համար է: Հաջորդը հայ ժողովրդի ինքնության պահպանումն ու զարգացումն է, ներառյալ ազգային ինքնության վերականգնումը ազգային գիտակցությունից հեռացած կամ հեռացողների շրջանում, հայության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի եւ ՀՀ քաղաքացիություն ունեցողների թվի էական մեծացնելու շնորհիվ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ». Նիկոլ Փաշինյանի այս ելույթին է արձագանքել «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ ՖԲ էջում գրելով. «Աղջիկ-տղա երեկոյան քայլում են փողոցով: Տղան աղջկան ասում է.

– Ես քեզ նվիրում եմ լուսինն ու աստղերը:

Աղջիկն հարցնում է. – Հեչ փող չունե՞ս մտնեք մի-մի բաժակ կոֆե խմենք:

Հիմա Նիկոլինն է՝ խոսում է լուսնից ու աստղերից, երբ ամենատարրական հարցերը չի կարողանում լուծել:

Նման ելույթ կարող եմ ունենալ ես, մեր հարևան Վարդուշ տոտան, ներքևի գարաժի Վարազդատ ձյաձյան, բայց վարչապետը պիտի զբաղվի այն գործով, ինչի համար վճարվում է հարկատուի փողերից՝ պիտի իրատեսական ծրագրեր դնի ու իրականացնի իր պաշտոնավարման ընթացքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930