Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի նշանակում, որ այս կառավարությունը մնալու է մինչեւ 2050 թվականը». Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի վերափոխման ռազմավարությունը՝ մինչեւ 2050 թվականը

Սեպտեմբեր 21,2020 14:16

Հայաստանի վերափոխման 30 տարվա ռազմավարությունը շատ կարեւոր է՝ հասկանալու համար, թե մենք ինչ ենք ուզում, ուր ենք գնում եւ ինչպիսին ենք պատկերացնում մեր Հայաստանը 2050 թվականին։ Այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերով ներկայացնելով Հայաստանի վերափոխման ռազմավարությունը՝ մինչեւ 2050 թվականը:

Վարչապետը ռազմավարությունը ներկայացրեց Մատենադարանում կառավարության անդամների, ուսանողների եւ աշակերտների ներկայությամբ:

Ըստ նրա, ռազմավարությունն ունի եւ պետք է ունենա գործնական նշանակություն. «Նախ, ինչո՞ւ է անհրաժեշտ ունենալ այսպիսի ռազմավարություն։ Ես այս հարցին կփորձեմ պատասխանել այսօրվա տեսակետից, եւ եկեք այսօրվա իրականության նայենք 30 տարի առաջվա աչքերով։ Արդյոք մենք այն ժամանակ մեր մտապատկերում, մեր օրակարգում ձեւակերպել ենք միտք, թե ինչպիսին ենք մենք պատկերացնում ՀՀ-ն 2020 թվականին։ Ցավով պիտի արձանագրենք, որ մեր իրականության մեջ առնվազն պետական մակարդակում առնվազն 30 տարվա կտրվածքով այդպիսի ռազմավարություն չի եղել։ Եվ սա գուցե նաեւ պայմանավորվում է մեր այսօրվա բազմաթիվ խնդիրներով»,- ասաց նա՝ նշելով, որ այս ռազմավարության տակ լինելու է եւ կա գաղափար, տեսլական, հետո՝ գործողություն. «Իսկ այդ գործողության տակ արդեն լինելու են կառավարության կոնկրետ որոշումներ։ Եթե շատ կոնկրետ ասենք՝ այս պահից սկսած կառավարութան ցանկացած գործողություն ու որոշում պետք է միտված լինի այս գաղափարի, տեսլականի իրագործմանն ուղղված գործողություններին։ Այսինքն՝ այսօր ցանկացած որոշում, որը մենք կայացնում ենք, պետք է մեզ համար պարզ լինի, թե այդ որոշումն ինչպիսի գործողություն է դառնում, որն իրականացնում է այն տեսլականը, որը պիտի ծառայի այն գաղափարին, որը գրված է մեր ռազմավարության մեջ։ Որպեսզի քաղաքական շահարկումներից զերծ մնանք, կարող է հարց ծագել, թե ինչու է այս կառավարությունը ներկայացնում 2050 թվականի ռազմավարությունը։ Մի՞թե սա նշանակում է, որ կառավարությունը համարում է, որ այս կառավարությունն անխուսափելիորեն պետք է գոյություն ունենա մինչեւ 2050 թվականը։ Իհարկե, ոչ, որովհետեւ մենք ընկալում ենք Հայաստանի վերափոխման ռազմավարությունը ոչ թե որեւէ կառավարության գործողություն, այլ այս ռազմավարության մշակումն ու իրագործումը մենք պատկերացնում ենք որպես համազգային շարժում»:

Վարչապետի խոսքով՝ սա ոչ միայն փոփոխություններ է պետական կառավարման համակարգում, այլ այս փոփոխությունը պետք է խորքային առումով տեղի ունենա հանրության շրջանում, մեզնից յուրաքանչյուրի մոտ. «Մենք հույս ունենք, որ այդ երազանքի եւ այս մտավոր փոփոխությունների արդյունքում կկարողանանք հասնել թռիչքաձեւ զարգացման»:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ այս փոփոխությունները հիմնված են լինելու մեր ազգային արժեքների, ազգային նպատակների, հանրային պահանջարկի վրա։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930