Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերգեյ Կոսեմյան. «Ձայնագրեցի Բախի սյուիտները` Գրանդ Կանյոնից մինչև Սեքվոյա ազգային պարկ»

Սեպտեմբեր 21,2020 13:53

Aravot.am-ը զրուցել է հայազգի ճանաչված թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Սերգեյ Կոսեմյանի հետ:

-Սերգեյ, խնդրում եմ պատմեք ձեր անցած ճանապարհի, ստեղծագործական գործունեության եւ մասնագիտական ծրագրերի մասին:

-Ծնվել եմ Երեւանում, պրոֆեսիոնալ երաժիշտների ընտանիքում: Հայրս՝ ՀՀ վաստակավոր արտիստ, Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի պրոֆեսոր, եւ աշխարհով մեկ հայտնի «Կոմիտաս» քառյակի ալտահար Ալեքսանդր Կոսեմյանն է, մայրս՝ Կարինե Ռոստոմբեկյանը պրոֆեսիոնալ ջութակահար է, 48 տարի աշխատել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում եւ եղել է երկրորդ ջութակների կոնցերտմայստերի տեղակալ: Ռուբեն Կոսեմյանը՝ եղբայրս հրաշալի ջութակահար է, մենք շատ ենք միասին հանդես եկել՝ ինչպես նվագախմբի ընկերակցությամբ, այնպես էլ անսամբլներով:

Ինձ երաժիշտ զգալու զգացողություն ունեցել եմ շատ վաղ տարիքում, երբ սովորում էի թավջութակ նվագել: Հենց այդ ժամանակ էլ որոշեցի նվիրվել երաժշտությանը:

– Կա՞ն մարդիկ, որոնք ազդեցություն են ձեր ստեղծագործական գործունեության ու կարիերայի վրա:

-Բազմաթիվ մարդկանց թվում ուզում եմ առանձնացնել հատկապես հանճարեղ Մստիսլավ Ռոստրոպովիչի հետ շփումն ու մասնագիտական ներգործությունը: Փարիզյան կոնսերվատորիայում իմ ուսումնառության տարիներին նա իմ առաջ բացեց թավջութակային արվեստի ողջ հարստությունը, ինչպես նաեւ կատարողական արվեստի մասնագիտական որոշ գաղտնիքներ, որոնք ընդմիշտ մնացին ինձ հետ:

Մստիսլավ Ռոստրոպովիչի հետ

Նույնկերպ հայ մեծագույն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանն է ինձ վրա անջնջելի տպավորություն թողել: Պիեռ Լանտիեի (Pierre Lantier) անվան միջազգային մրցույթում ես կատարեցի կոմպոզիտորի Թավջութակի սոնատը, որը մեծ ազդեցություն թողեց ժյուրիի վրա, ինչից հետո մրցույթի կազմակերպիչները որոշում կայացրին Միրզոյանի սոնատն ընդգրկել մրցույթի՝ պարտադիր ստեղծագործությունների ցանկում:

Այդ պահից սկսվեց մեր բեղմնավոր եւ երկարամյա բարեկամությունը Էդվարդ Միրզոյանի հետ: Կոմպոզիտորը շատ անգամներ ներկա է գտնվել իմ համերգներին: Եվ այժմ նրա նրբանկատ ու կարեւոր խորհուրդներն ինձ ուղեկցում են ողջ կյանքում:

-Ի՞նչ ծրագրերով ու երաժշտական նախագծերով եք զբաղված այժմ ԱՄՆ-ում:

-ԱՄՆ ազգային պարկերով ճամփորդելու եւ այդ ցնցող գեղեցկությանը հաղորդակից լինելու ընթացքում մի շատ կարեւոր նախագծի գաղափար հղացա՝ դասական երաժշտությունն ու բնությունը սինթեզելու մասին: Ես սկսեցի ձայնագրել Բախի սյուիտները` Գրանդ Կանյոնից (Արիզոնա) մինչև Սեքվոյա ազգային պարկ (Կալիֆորնիա):

Ես կցանկանայի, որ իմ նախագիծն օգտակար լիներ ոչ միայն բազմազգ ԱՄՆ ժողովրդի, այլեւ ուրիշ երկրների ժողովուրդների համար, որպեսզի բնության միջոցով մարդիկ ավելի շատ հետաքրքրվեին դասական երաժշտությամբ, որը, ինչպես հայտնի է, բուժում է հոգին:

Դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Վլադիմիր Խոմյակովի հետ

Բացի դրանից՝ ես համագործակցում եմ ԱՄՆ-ում ապրող հրաշալի դաշնակահարներ Միքայել Հայրապետյանի եւ Վլադիմիր Խոմյակովի հետ: Միքայելի հետ ծրագրում ենք զանազան նախագծեր՝ հայկական դասական երաժշտության հանրայնացման նպատակով, իսկ Վլադիմիրի հետ՝ ռուսական եւ եվրոպական:

Դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Վլադիմիր Խոմյակովի հետ

Նաեւ ուզում եմ նշել կանադահայ կոմպոզիտոր Աշոտ Արիյանի հետ համագործակցության մասին: Սեպտեմբերի 5-ին եւ 15-ին կայացել է «Զույգ արեգակներ» (Two Suns) ինտերնացիոնալ բալետի պրեմիերան՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի խորեոգրաֆիայով, որը հեռարձակվում էր հանրահայտ MEZZO դասական երաժշտական ալիքով: Այդ նախագծում ես կատարեցի Աշոտ Արիյանի ստեղծագործությունը, որտեղ հանդես եկավ Ջոնաթան Ջորդանը` Washington ballet-ից:

– Իսկ ի՞նչ ծրագրեր ունեք Հայաստանի հետ կապված, ե՞րբ կարող ենք ձեզ կրկին ունկնդրել հայաստանյան բեմում:

– Այս պահին արդեն ծրագրված համերգներ ունեմ 2021-22թթ համերգաշրջանի համար: Իմ ծննդավայրը Հայաստանն է, ու, բնականաբար, հայրենիքիս հետ ցանկացած շփում ինձ համար կենսական անհրաժեշտություն է: Հայաստանյան ունկնդիրը յուրահատուկ է: Հերթական վերադարձը Հայաստան եւ ունկնդրի հետ հանդիպման սպասումը հոգիս լցնում են մեծ ջերմությամբ:

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ժիրայր says:

    Բրավո, տաղանդաշատ երաժիշտ` Սերգեյ Կոսեմյան ջան:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930