Սեպտեմբերի 20-ին Տորոնտոյի Սուրբ Երրորդություն հայ առաքելական եկեղեցում տեղի ունեցավ «Երազ իմ երկիր» խորագիրը կրող գեղանկարների և խեցեգործության աշխատանքների ցուցահանդեսի բացումը։ Աշխատանքների հեղինակները Տորոնտոյում բնակվող 5-14 տարեկան հայ երեխաներն ու պատանիներ են։
Սբ. Երրորդություն հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Արժ. Տեր Զարեհ Ա. քհն. Զարգարյանը, որի հովանավորությամբ էլ կայացել է ցուցահանդեսը, բացման իր խոսքում նշել է, որ վերջին 6 ամսվա ընթացքում, ինչ սկսվել է համավարակը, առաջին ներհամայնքային միջոցառումն է, և սա շատ խորհրդանշական է։ «Շնորհավորում եմ առաջին հերթին երեխաներին, նրանց, ովքեր այս վառ գույները հանձնել են թղթին կամ կտավին, որ իրենց սիրո հոգու սիրո և ջերմության արտահայտումն է, հատկապես, որ այս ցուցահանդեսը մենք ձոնել ենք մեր հայրենիքի անկախության 29-րդ տարեդարձին»,-ասաց տեր Զարեհ Զարգարյանը՝ ընդգծելով, որ ցուցահանդեսի նպատակը նաև բարեսիրական է․ ներկաները կարող էին մասնակցել կավագործության վարպետության դասին՝ ըստ ցանկության կատարելով նաև նվիրատվություն։ Գոյացած ողջ գումարն ուղղվելու է Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի երեխաների համար կավի վառարան ձեռք բերելուն։
Aravot.am-ին հայտնի դարձավ, որ ցուցահանդեսը նախաձեռնել էր գեղանկարիչ Մարիամ Մուղդուսյանը, ով ասաց, որ 3 ամիս է՝ աշխատում է երեխաների հետ։ Ըստ նրա, Բերդավանի փոքրիկների համար կավի վառարան ձեռք բերելուն են միտված նաև շուրջ 3 օր Դուսյան ստուդիայում ընթացող բրուտագործության վարպետության դասերը։
Կարդացեք նաև
Բացման արարողությունից հետո ներկաները դիտել են նաև բերդավանցի փոքրիկների կողմից պատրաստած տեսաուղերձը, իսկ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ Տորոնտոյում բնակվող երաժիշտ Անահիտ Կուտսուզիանի անզուգական կատարմամբ, ներկաներին հնարավորություն տվեցին մտովի շրջել Հայաստանում։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարները ՝ Իսկուհի Կիրակոսյանի