Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Քյարամյան․ «Դոսյե»-ի հրապարակման հիման վրա արդեն իսկ սկսվել է նախաքննություն

Սեպտեմբեր 21,2020 11:50

«Այդ հոդվածը ինքնին ամբողջությամբ իրենից ենթադրում է որպես հանցագործության մասին հաղորդում»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով «Դոսյե» («Досье») կենտրոնի հրապարակմանը, ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանը։

Հիշեցնենք՝ ըստ կենտրոնի հրապարակման, Ռուսաստանը գործակալներ ունի Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում։ Հրապարակման մեջ հիշատակվում են նաև ԱԱԾ նախկին տնօրենների անուններ՝ Կառլոս Պետրոսյան, Գեորգի Կուտոյան, Արթուր Վանեցյան։

Արգիշտի Քյարամյանը նշեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես իրավապահ մարմին քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի․ «Արդեն իսկ սկսվել է (նախաքննություն խմբ․)։ Բայց դրա մասին մանրամասն տեղեկատվություն այս պահին չեմ կարող տրամադրել»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

«Առավոտ». «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ՖԲ էջում այս առնչությամբ հայտնել է. «Հայաստանի ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է ունենա գոնե այնքան պրոֆեսիոնալիզմ, որպեսզի կարողանա գնահատել, թե արդյոք որևէ տեղեկություն կապ ունի իրականության հետ, թեկուզ աննշան, թե ոչ, էլ չասեմ՝ վերլուծել այն։

Ռուսաստանցի հակաիշխանական օլիգարխ Խոդորկովսկիին պատկանող «Դոսյեի» հրապարակումը ինքնին հանցագործության մասին հաղորդում համարելը ևս մեկ ցուցիչ է, որ գործ ունենք սիրողական մակարդակում ինքնագործունեության, այլ ոչ թե պրոֆեսիոնալիզմի հետ, քանի որ նույնիսկ «Դոսյեի» կայքը նշում է, որ պատասխանատվություն չի կրում հրապարակված տեղեկատվության բովանդակության համար:

Ինչ վերաբերվում է հայտնի գաղտնալսման մասին ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնողի հայտարարություններին, ապա կրկին հայտնում եմ, որ ՔԿ նախագահը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ գաղտնալսման դեպքն ամբողջությամբ բացահայտված է:

Հաշվի առնելով այն իրողությունը, որ իշխանությունը հանրությանն այդ գործով պատշաճ տեղեկություններ հայտնելու փոխարեն շարունակում է լկտիաբար շահարկել թեման, ապա Քյարամյանին խորհուրդ եմ տալիս պարզել, թե ինչպե՞ս ստացվեց, որ նախաքննության մարմինը գաղտնալսման գործով առանցքային վկայի (փաստացի կասկածյալ) ցուցմունքները պատշաճ չգնահատեց և որոշակի անձանց մեղադրանքներ չառաջադրեց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930