Լրահոս
Օրվա լրահոսը

Գործենք միասին՝ որքան էլ տարբեր լինեն մեր մտածելակերպն, աշխարհայացքն ու պատկերացումները. նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Սեպտեմբեր 21,2020 10:22

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ մեր կարևորագույն պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

1991թ. սեպտեմբերի 21-ին, միասնաբար և վստահ «այո» ասացինք անկախությանը։

Այն երազանքները, որ ունեինք անկախության ձգտելիս և անկախություն հռչակելիս, իրականություն են ի դեմս մեր անկախ պետականության։

Սակայն այս ճանապարհը շարունակվում է: Մեզ համար, որպես ժողովուրդ ու պետություն, շատ բան դեռ առջևում է՝ նոր ծրագրեր, նոր նպատակներ, նոր հաղթանակներ։

Դրա համար պետք է ունենանք հստակ տեսլական, իրականանալի ծրագիր, ինչպես նաև հաստատուն կամք։ Ապագան ծնվում է սրանցից բխող որոշումների ու ջանքերի, մեր մտածողության ու գիտակցության, մեր աշխատանքի հանրագումարում՝ հենվելով մեր ազգային ու բարոյական արժեքների, մեր պատմության, մեր ժառանգության վրա։

Միայն իր անցյալն ու ավանդույթները, մշակույթն ու լեզուն չմոռացող և գնահատող, առաջ նայող և ժամանակը զգացող անհատը, հասարակությունը, ժողովուրդը կարող են զարգացնել ինչպես իրենց հոգևոր ու նյութական, այնպես էլ իրական և վիրտուալ աշխարհը։

Որքան էլ աշխարհը փոխվի, նրա հիմքերի հիմքը միշտ լինելու են բարությունը, գթասրտությունը, արդարության ու ճշմարտության ձգտումը՝ այն ամենը, ինչի վրա հիմնված է մեր ազգային արժեհամակարգը։

Մեր եղբայրները և քույրերը՝ զինվոր թե ազատամարտիկ, բժիշկ թե մտավորական, հողագործ թե գրող Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից, բոլոր նրանք, որոնք պայքարել, նվիրվել են Հայրենիքին՝ Հայաստանին և Արցախին, որոնք զոհվել են հանուն նրա անկախության, պատգամում են մեզ բոլորիս՝ ոչինչ չխնայել ներկայի և ապագայի համար։

Խոնարհվում եմ նրանց առջև։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մեր կողքին կրկին նվիրյալներ ունենք, որոնք պահում են մեր մշակույթի ու գիտության, մեր առողջության ու կրթության սահմանը, որոնք մեր ազգային ինքնության և արժեքների կրողն ու պաշտպանն են, որոնք իրենց ջանքն են ներդնում հայրենիքի հզորացման, հայրենի հողի անվտանգության համար՝ զինվորականից մինչև բուժաշխատող, գիտնականից մինչև ՏՏ մասնագետ, հեռավոր գյուղի ուսուցչից մինչև մանկապարտեզի դաստիարակ, ցորեն աճեցնողից մինչև հացթուխ, երաժշտից մինչև մարզիկ, նորարարից մինչև հնագետ…

Հայրենիքի ճակատագիրը կախված է բոլորիցս ու յուրաքանչյուրիցս, պատասխանատու լինելու, պատասխանատվություն ստանձնելու մեր կարողությունից, մեր համերաշխությունից, միասնությունից, միմյանց նկատմամբ մեր բարությունից ու հանդուրժողականությունից։

Պետք է համախմբվենք։

Գործենք միասին՝ որքան էլ տարբեր լինեն մեր մտածելակերպը, աշխարհայացքն ու պատկերացումները։

Անկախության օրը պետք է լինի մեր համազգային միասնության խորհրդանիշը:

Պաշտպանենք ու զորացնենք մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, որպես մեր ազգային իղձերի առանցք և հիմնասյուն։

Խաղաղություն ու բարեկեցություն մեր Հայրենիքին և ժողովրդին:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը։

Կեցցե՛ միասնական հայ ժողովուրդը։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացին։

Աստված պահապան բոլորիս:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930