Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցանկացած պետության հաջողության հիմքում, ի թիվս այլ կարևոր գործոնների, շարունակականությունն է և ոչ երբեք՝ մինչ այդ եղած ամեն ինչ քանդելն ու զրոյական կետից սկսելը. Սերժ Սարգսյան

Սեպտեմբեր 21,2020 10:13

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

Շուրջ երեք տասնամյակ մենք կառուցում ենք մեր անկախ պետությունը, որ համայն հայության իղձն է եղել և դարձել Հայաստանի ժողովրդի միասնական կամքի արտահայտությունը:

Այդ կամքն անցած տարիների ընթացքում անասելի փորձությունների ենթարկվեց և ավելի ամրացավ՝ անցնելով դաժան պատերազմի, շրջափակման, սոցիալական ու տնտեսական բազում դժվարությունների միջով, որոնց առջև մեր ժողովուրդը ոչ մի վայրկյան չընկրկեց:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովրդին հազարամյակների իր ճանապարհին պատմական ևս մեկ հնարավորություն ընձեռվեց՝ վերականգնելու ինքնիշխան պետությունը, որ այսօր՝ 21-րդ դարում անգամ, ոչ բոլոր ժողովուրդներին է վիճակված:

Անկախությանն «ԱՅՈ» ասելը նաև մեծագույն պատասխանատվություն էր հետագա սերունդների առջև, որոնք բարեբախտություն ունեն ժառանգելու ազատ և անկախ պետականություն:

Անկախ պետություն կառուցելը, հզորացնելն ու պաշտպանելը, Աստծու կամքով, ժամանակակիցներիս պարտքն ու պարտականություն են: Եվ մենք՝ բոլորս միասին, տարիներ շարունակ քարը քարի վրա դնելով, դժվարություններ հաղթահարելով, ամուր հիմքի վրա կառուցել ենք մեր պետականությունը՝ ստեղծել և կայացրել հպարտության արժանի սեփական զինված ուժեր, կենսունակ պետական ինստիտուտներ, այդ կառույցների միջոցով հաջողությամբ ապահովել պետության անվտանգությունն ու կենսագործունեությունը, դարձել միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ, և որպես կայացած ու ամուր պետություն՝ դիմագրավել արտաքին մարտահրավերները, դարձել Արցախի մեր քույրերի և եղբայրների անվտանգության երաշխավորը:

Այդ դժվարին ճանապարհին, իհարկե, անխուսափելիորեն եղել են նաև սխալներ ու բացթողումներ:

Մի բան, սակայն, ակնհայտ է՝ ավանդույթներ և երկարամյա պատմություն ունեցող ցանկացած պետության հաջողության հիմքում, ի թիվս այլ կարևոր գործոնների, շարունակականությունն է և ոչ երբեք՝ մինչ այդ եղած ամեն ինչ քանդելն ու զրոյական կետից սկսելը, ինչը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ:

Մաղթում եմ, որ բոլորս պետության քաղաքացու գիտակցումով և սրտացավությամբ մոտենանք պետականաշինության սուրբ գործին, որտեղ յուրաքանչյուրս ունի իր պատասխանատվությունը և անելիքը, պահենք ու պահպանենք մեր ազգային արժեքները, որ մեր ինքնության առհավատչյան և մեր անկախության գրավականն են:

Աշխարհը, ինչպես նաև մեր տարածաշրջանն այսօր նոր մարտահրավերներ ու վտանգների առջև են կանգնած, որոնց մեր պետությունը կարող է դիմագրավել միայն ազգային նպատակների շուրջ համախմբվածությամբ, ապազգային կործանարար երևույթների դեմ միասնական պայքարով և երկրի զարգացման ուղղությամբ ամենօրյա տքնաջան աշխատանքով:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս նվիրական տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Աստված պահապան մեր Հայրենիքին և հայ ժողովրդին:

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930