«Առավոտի» զրուցակիցն է «Հայացք» կիրառական քաղաքականության եւ հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Աննա Կարապետյանը:
– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները օրերս կոչ արեցին կողմերին՝ Արցախի հարցում բանակցությունները վերսկսել: Ինչո՞վ էր պայմանավորված այս կոչը՝ համանախագահների տեւական լռությունից հետո:
– Հուլիսյան իրադարձություններից հետո, կարելի է ասել, բանակցային գործընթացը դադարել է, ինչը չի կարող չանհանգստացնել միջնորդներին: Առավել եւս, եթե հաշվի առնենք Ադրբեջանի կողմից այս ընթացքում տարվող տեղեկատվական ագրեսիվ քաղաքականությունը, որը պատերազմի նախապատրաստման տպավորություն է ստեղծում: Դրանում համոզվելու համար բավարար է ուշադրություն դարձնել Ադրբեջանի ԱԳՆ եւ ՊՆ կողմից արվող հայտարարությունների հաճախականությանը, էապես կոշտացած հռետորաբանությանն ու տարբեր հարթակներում Արցախյան հակամարտության վերաբերյալ կեղծ օրակարգերի ստեղծմանը (օրինակ՝ լիբանանահայերի՝ Արցախում բնակեցման, PKK-ի զինյալներին Արցախ տեղափոխելու վերաբերյալ եւ այլն), որոնց նպատակն Ադրբեջանին անհրաժեշտ միջազգային ֆոնի ձեւավորումն է: Բնականաբար, այս ամենը տեսնում եւ հասկանում են նաեւ համանախագահները:
Վերջին շրջանում հնչող հայտարարություններից ակնհայտ է, որ միջնորդները քայլեր են ձեռնարկում բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ, հատուկ ակտիվություն է դրսեւորում Ռուսաստանի Դաշնությունը:
Համատեղ հայտարարությամբ համանախագահներն ուղերձ հղեցին կողմերին, որ ծանոթ են այս ընթացքում նրանց կողմից հանրային եւ փակ խողովակներով հնչեցված հայտարարություններին, մտահոգություններին ու նկրտումներին, սակայն հակված չեն տեղի տալ սեփական օրակարգերն առաջ մղելու կողմերի փորձերին: Միջնորդությունը հետապնդում է մեկ նպատակ՝ վերսկսել բովանդակային բանակցությունները, եւ փորձելու է ձերբազատվել դրան խանգարող այլ գործոններից:
– Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ ՊԲ-ն պատրաստ է վերադարձնել Արցախի գրավյալ տարածքներն Ադրբեջանից: Իր 100 օրն ամփոփող ասուլիսում Արայիկ Հարությունյանը նաեւ հայտարարեց, որ տեսանելի ապագայում բանակցություններ չեն լինի եւ պետք է պատրաստվել պատերազմի: Նման կոշտ դիրքորոշումը ԱՀ նախագահի կողմից ի՞նչ ազդեցություն կթողնի հետագա զարգացումների վրա:
Կարդացեք նաև
– Արցախի նախագահն իր դիրքորոշումն ավելի բյուրեղացված տեսքով ներկայացրեց նաեւ Արցախի Անվտանգության խորհրդի նիստում: Հատկապես կցանկանայի երկու կետի վրա ուշադրություն դարձնել՝ «Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը որեւէ պարագայում չեն կարող վտանգի տակ դրվել կամ սակարկության ենթարկվել» եւ «Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի առաջնահերթ ճանաչման՝ հակամարտության կարգավորման որեւէ տարբերակ չի կարող կողմերի միջեւ բովանդակային քննարկման առարկա դառնալ»:
Արցախի իշխանությունները շատ հստակ եւ հետեւողական կոշտացնում են իրենց դիրքորոշումը՝ հարվածելով այսօր Ադրբեջանի կողմից ամենաշատը շրջանառվող թեզին՝ հակամարտությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա լուծելու պահանջին: Եվ այս կոշտացումը օբյեկտիվորեն բխում է առկա իրավիճակից եւ վերադարձնում է բանակցություններն իրական հուն:
Արցախի այս դիրքորոշումը հերթական անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի եւ Արցախի դիրքորոշումներն Արցախյան հակամարտության կարգավորման հարցում լիարժեք նույնական չեն եւ չեն կարող լինել: Արցախն ինքը պետք է ներգրավված լինի բանակցություններում եւ հնարավորություն ունենա ներկայացնել իր մոտեցումներն ու դիրքորոշումները, նրա ձայնը պետք է լսելի լինի: Սա օբյեկտիվ իրականությունն է՝ անկախ նրանից, որ Հայաստանի իշխանությունների կողմից բազմաթիվ հարվածներ են հասցվել Արցախի սուբյեկտայնությանը:
Չնայած վերջին երկու տարիների ինքնահակասական հայտարարությունների եւ քաոտիկ քաղաքականության հետեւանքով Հայաստանը զգալիորեն թուլացրել է իր դիրքերը բանակցություններում եւ հարված հասցրել միջնորդների՝ մեր հետ կապված ընկալումներին, սակայն այսօր հնարավորություն է ստեղծվել վերականգնել կորցրածը եւ շահեկան դիրք զբաղեցնել բանակցություններում: Կհաջողի դա անել, թե՝ ոչ, կախված է լինելու Հայաստանի եւ Արցախի ղեկավարության հետեւողականությունից եւ էմոցիաներին ու պոպուլիզմին տրվելու փոխարեն ռացիոնալ շահերի դաշտում մնալու ունակությունից:
– «…այս պահին, եւ դրա մասին հայտարարվել է մեր հայաստանյան գործընկերների կողմից, որ սեղանի վրա որեւէ փաստաթուղթ, որեւէ առաջարկ այսօր չկա: Դա նշանակում է, որ սեղանի վրա չկա անգամ նաեւ այդ` «Մադրիդյան առաջարկները»,- սեպտեմբերի 3-ին, Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը: Բանակցությունները վերսկսելու մասին առարկայական պայմանավորվածություններ դեռ չկան, բայց նման իրավիճակում ինչի՞ շուրջ պետք է դրանք լինեն:
– Միջնորդները պարբերաբար արվող հայտարարություններում նշել են, որ կարգավորումը պետք է կառուցվի «մադրիդյան սկզբունքների» եւ դրանց հետագա վերախմբագրված տարբերակների վրա: Միջնորդները չեն պատրաստվում զրոյից սկսել:
Մի հարց է, որ իսկապես միգուցե այս պահին հստակ մշակված որեւէ նոր փաստաթուղթ չկա բանակցային սեղանին, որի շուրջ բանակցեն կողմերը եւ փորձեն այն վերջնական տեսքի բերել: Ըստ ամենայնի, քննարկումները տարվել են այդ սկզբունքների եւ տարրերի շուրջ՝ նախատեսելով, որ բանակցությունների որոշակի փուլում առաջարկվող փաստաթուղթն էլ, առնվազն ելնելով այս պահին առկա մոտեցումներից եւ տրամադրություններից, հենվելու էր այդ սկզբունքների եւ տարրերի որոշակի ձեւակերպման վրա: Բայց այժմ ունենք փաստացի իրավիճակ, երբ հակամարտության իրական կողմերից մեկը՝ Արցախը, սա չի դիտարկում որպես բանակցային հիմք, ինչը փոխելու է բանակցային տրամաբանությունը:
Ֆիզիկապես փաստաթղթի լինել-չլինելը տեխնիկական հարց է, եւ եթե հարթվեն սկզբունքային խնդիրները, փաստաթուղթը շատ արագ կկազմվի:
Այսօր ավելի կարեւորը կողմերի դիրքավորումն է, այն, թե կողմերից յուրաքանչյուրն ինչ սկզբունքներով, ինչ մոտեցումներով եւ ինչ «կարմիր գծերով» է նստում բանակցությունների: Հենց այս հարցերը պետք է հստակ, միանշանակ պատասխան ունենան: Հայաստանն ու Արցախը պետք է ունենան լավ մշակված, բոլոր հնարավոր սցենարները եւ ռիսկերը հաշվի առած բանակցային հայեցակարգ: Եվ շատ կարեւոր է, որ կարողանանք բոլոր կողմերի եւ միջնորդների համար ընկալելի եւ հիմնավոր ներկայացնել մեր սկզբունքներն ու մոտեցումները՝ չտրվելով կեղծ կառուցողականությանը: Ադրբեջանի իշխանությունների ներկայիս հռետորաբանության պարագայում բանակցությունների համաձայնելն արդեն իսկ կառուցողականության դրսեւորում է: Իսկ Արցախի իշխանությունների նոր մոտեցումները, բնականաբար, հաշվի չառնել հնարավոր չի լինի:
– Ի դեպ, առարկայական բանակցություններ վերսկսելու մասին վերջերս նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր խոսել: Ադրբեջանցի իր գործընկերոջ հետ, Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ նա նաեւ անուղղակի նախատել էր հայկական կողմին՝ ասելով. «Մենք, ցավոք սրտի, տեսել ենք բանակցողների կազմը փոխելու փորձեր, ինչը համանախագահների համար անընդունելի է»: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Մենք տեսնում ենք, որ առարկայական, կամ՝ սուբստանտիվ բանակցություններ ձեւակերպումը վերջին տարիներին հետեւողականորեն ամրապնդվեց միջնորդների ընկալումներում: Սա, անշուշտ, մտահոգիչ է, քանի որ դա մշտապես պնդում է Ադրբեջանը՝ ակնկալելով կարգավորման բաղադրիչների առանձին-առանձին քննարկում եւ համաձայնեցում, ապա նաեւ իրականացում: Սա մեզ համար ընդունելի մոտեցում չէ: Հայաստանից մեծ ջանքեր, հիմնավոր եւ փաստարկված աշխատանք են պահանջվելու նման մարտավարությունից ձերբազատվելու համար:
Ինչ վերաբերում է բանակցողների կազմը փոխելուն՝ նախ ամրագրենք, որ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու պահանջը բանակցային ձեւաչափը, բանակցողների կազմը փոխելու փորձ չէ, այլ իրական ձեւաչափը վերականգնելու հարց է: Սա նուրբ հարց է, որի հետ կապված վերջին երկու տարվա ընթացքում, ցավոք, շատ սխալներ են թույլ տվել Հայաստանի իշխանությունները՝ ստեղծելով լրացուցիչ ռիսկեր եւ մարտահրավերներ:
Արցախի վերադարձը բանակցային գործընթաց, որպես լիարժեք բանակցային կողմ, քմահաճույք չէ: Դա բանակցային գործընթացի արդյունավետության եւ իրավունքների հարգման դաշտի հարց է: Այս բանակցությունները վերաբերում են Արցախի ճակատագրին, Արցախն է լինելու դրանց արդյունքների իրականացնողը, հետեւաբար՝ Արցախի իշխանությունների՝ որպես ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչների, անմիջական ներգրավվումը բանակցություններին անհրաժեշտություն է: Եվ Ադրբեջանի «կամակորությանը» տուրք տալը որեւէ նպաստ չի կարող բերել գործընթացին:
Կարծում եմ, միջնորդները եւս սա հասկանում են: Պատահական չէ, որ բազմիցս ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարել են, որ Արցախը բանակցությունների որոշակի փուլում պետք է ներգրավվի գործընթացին: Այլ հարց է, որ մենք այս հարցին պետք է մտածված եւ հաշվարկված քայլերով անդրադառնանք՝ տեղիք չտալու համար Ադրբեջանի շահերի առաջ մղմանը:
– Եգիպտոս կատարած այցի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը խոսեց Թուրքիայի կողմից ռազմական կուտակման փորձերի մասին. «Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են: Մենք ականատես ենք լինում մեծ ռազմական ներկայության, ռազմական ամրապնդման»: Նկատի ունենալով հուլիսին, Տավուշի հատվածում սրացումները եւ Նախիջեւանի սահմագոտում թուրք-ադրբեջանական զինուժի կուտակումները, համատեղ զորավարժությունները՝ նախապես հայտարարված ժամկետի երկարացմամբ, ինչի՞ պետք է պատրաստ լինեն հայկական պետությունները:
– Թուրքիան երբեւէ չեզոք եւ կառուցողական չի եղել Արցախյան հակամարտության հարցում, սակայն հուլիս ամսից ի վերջ ականատես ենք լինում աննախադեպ ագրեսիվ, ապակառուցողական եւ ակտիվ ներգրավման: Ներկայիս հռետորաբանությունն ու գործնական քայլերն արդեն իսկ ուղղակիորեն ուժի եւ ուժի կիրառման սպառնալիք են Հայաստանի նկատմամբ եւ անարձագանք մնալ չեն կարող: Հայաստանի ԱԳՆ գործողություններն այս հարցի առնչությամբ բավարար համարել հնարավոր չէ: Վաղուց արդեն պետք է հնարավոր բոլոր հարթակներում՝ ՀԱՊԿ-ից մինչեւ ՆԱՏՕ, օրակարգ մտցնեինք Թուրքիայի ագրեսիվ եւ տարածաշրջանն ապակայունացնող գործողություններին համատեղ ուժերով հակազդելու, հետագա հնարավոր զարգացումները կանխելու հարցը:
Թեեւ ուշացումով, բայց գոնե սկսել են քայլեր ձեռնարկվել հակաթուրքական կոալիցիայում Հայաստանի ակտիվացման ուղղությամբ:
Թուրքիայի ազդեցությունը չեզոքացնելու համար պետք է համապարփակ եւ հետեւողական աշխատանք տարվի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.09.2020