Լրահոս
Օրվա լրահոսը

Չլսված բան… առանցքային նշանակության առաջարկություն ՀՀ վարչապետին

Սեպտեմբեր 21,2020 12:30

Արդեն տասնյակ տարիներ ի վեր Հայաստանում ներդրված է քաղաքացիական ծառայության համակարգը եւ թափուր աշխատատեղերը լրացվում են մրցութային կարգով: Մի քանի բառով ներկայացնենք, թե այդ հարցում ինչ էր կատարվում նախկինում՝ քաղաքացիական ծառայության խորհրդի գործունեության ընթացքում եւ ինչ է կատարվում այժմ: Ասեմ, որ հետագա ասելքս հիմնավորելը էապես հեշտանում է, քանզի Հայաստանը շատ փոքրիկ երկիր է եւ համարյա բոլորը միմյանց ճանաչում ու շփվում են, այնպես որ, ում բախտ է վիճակվել մեկ-երկու անգամ մասնակցել այդ մրցույթներին, կարող են հստակ հաստատել իմ մոտեցումներն այդ հարցում, էլ չեմ ասում՝ մասնակիցները միմյանց եւ իրենց շրջապատում մշտապես բարձրաձայնել են դրանց մասին:

Ինչպես այժմ, այնպես էլ այդ ժամանակ մրցույթներն անցկացվում են քննական երկու փուլով՝ թեստավորում եւ հարցազրույց: Մի քանի բառով ներկայացնենք, թե նախկինում ինչպես էին ընթանում այդ փուլերը: Թեստավորման փուլն արդար էր անցնում այնքանով, որ դրան պատրաստ անձինք հաստատ հաղթահարում էին այն, իսկ որոշակի անձանց այնուամենայնիվ նախապես տեղեկացնում էին թեստի հարցաշարերի ու ճիշտ պատասխանների մասին, թե ոչ, կդժվարանամ պատասխանել (չնայած, նման կարծիքներ մշտապես հնչել են): Առանցքային էր մնում հարցազրույցի փուլը, քանզի այն իրականացվում էր բանավոր ընթացակարգով՝ քննական տոմսերով եւ հանձնաժողովի կողմից կամայականորեն տրվող լրացուցիչ հարցերով (իհարկե, քննության ընթացքը ձայնագրվում էր):

Քանի որ բազմիցս մասնակցել եմ նման մրցույթների, կարող եմ ասել, որ հիմնականում վերեւներից ցուցում էր տրվում, թե ով պետք է լինի հաղթող թեկնածուն եւ մրցութային հանձնաժողովը պետք է ամեն ինչ աներ տվյալ թեկնածուի հաղթանակն ապահովելու համար: Փաստացի, մրցութային հանձնաժողովն այդ հարցը կարող էր լուծել միմիայն հարցազրույցի փուլում: Իսկ դրա ճանապարհը միակն էր. հանձնաժողովին հրահանգվում էր հարցազրույցի փուլում թեստավորման փուլը հաղթահարած թեկնածուներին՝ բացի մեկից, քննել շատ խիստ, այսինքն եւ հարցատոմսի հարցերի մասով, եւ լրացուցիչ հարցերի մասով նրանց այնպես հարցաքննել, որ ոչ մի շանս չմնար այդ հարցերի տակից դուրս գալու համար:

Փորձեմ մի փոքր ավելի մանրամասնել այդ ընթացքը: Նախ, ինչպես հարցատոմսերի հարցերի, այնպես էլ լրացուցիչ հարցերի պատասխանները դրված էր լինում հանձնաժողովականների առջեւ, այնպես որ, պատասխանների ժամանակ վայը գալիս տանում էր նրանց, ովքեր շեղվում էին պատասխաններում առկա բառերից եւ մտքերը շարադրում էին իրենց բառերով կամ նախադասություններով, կամ էլ ինչ-որ ստորակետ, կամ այլ կետադրական նշաններ բաց էին թողնում: Նրանց անմիջապես ընդհատում էին եւ ասում, որ սխալ կամ թերի եք պատասխանում:

Այս պրոցեսը նույնությամբ կրկնվում էր թե հարցատոմսի հարցերի, թե լրացուցիչ հարցերի ժամանակ, որն ուղղակի թեւաթափ էր անում մասնակիցներին: Դա շատ վիրավորական էր եւ հատկապես նրանց համար, ովքեր իրականում նորմալ գիտելիքներ ունեին: Արդյունքում, նրանց մեծ մասը չէր հաղթահարում հարցազրույցի փուլը, իսկ այսպես ասած՝ շատ լավ իմացողներն ստանում էին ամենացածր նիշի դրական միավոր՝ հաղթահարելով հարցազրույցի փուլը: Միեւնույն է, երկու փուլերի հավաքած միավորների արդյունքում նրանք չէին նշանակվում տվյալ պաշտոնին եւ բնականաբար նշանակվում էր իրենց «ընտրյալը»:

Կարծում եմ հասկանալի է նաեւ, որ հանձնաժողովականները հարցատոմսերի հարցերի հետ փոխկապակցված հարցերին զուգահեռ, «ընտրյալը»-ից բացի, մնացածին տալիս էին ամենաբարդ եւ ամենածավալուն լրացուցիչ հարցերը, որոնց ոչ մի պարագայում իրենք անգամ չէին կարող նորմալ պատասխանել եւ եթե հայտնվեին պատասխանողի կարգավիճակում, ապա հավանաբար կհավաքեին շատ ցածր միավորներ:

Հայտնի բան է, որ միեւնույն առարկայի մի պրոֆեսոր կարող է այնպես քննել մյուս պրոֆեսորին եւ հակառակը, որ երկուսն էլ կարող են ստանալ բացասական գնահատական: Ճիշտ այսկերպ էին վարվում հանձնաժողովականները, մի տարբերությամբ միայն, որ գիտելիքների առումով ոչ միայն պրոֆեսոր չէին, այլեւ ամենաշատն ունեին այնքան գիտելիքներ, որ կարողանում էին վարժ հետեւել հարցերի պատասխաններին: Իմ կողմից նման մանրամասների ներկայացումը միայն մեկ նպատակ է հետապնդում. առաջարկում եւ պնդում եմ, որ մրցույթները պարտադիր անցկացվեն միմիայն թեստավորման փուլով, թեկուզ բավականին խստացնելով, փոփոխելով թեստավորման հարցաշարերը, որպեսզի իսպառ բացառվի մարդկային գործոնի դերը եւ ամեն ինչ ընթանա համեմատաբար արդար:

Իհարկե, այս պարագայում կարող են մեկից ավելի մարդիկ ստանալ ամենաբարձր ու հավասար գնահատական եւ այս դեպքում հարց է առաջանում, ինչպես պետք է որոշել հաղթողին: Դրա պարզ լուծումը եւս կա. հաղթողների միջեւ տեղում անցկացվում է լրացուցիչ մրցույթ՝ համեմատաբար ավելի դժվար եւ քիչ քանակով հարցերով ու կարիքի դեպքում կրկնելով այն, մինչեւ ի հայտ գա հաղթողը (իհարկե, այս հարցը լուծելու շատ այլ ուղիներ եւս կան, որոնց մասին կարելի է ավելի ընդարձակ խոսել մեկ ուրիշ նյութում): Բնական է, որ այս պարագայում բացի մրցույթի անցկացման արդարությունից, հաստատ կհաղթի ամենաուժեղ գիտելիքների տեր անձը, որն անտարակույս ձեռնտու է նաեւ հենց տվյալ թափուր հաստիքն առաջացած մարմնին կամ կազմակերպությանը: Մրցույթների հետ կապված, հավանաբար ճիշտ նույն պատկերն է նաեւ այսօր, այնպես որ թավշյա հեղափոխությունից երկու տարի անց, այս հարցում գրեթե ոչինչ չի փոխվել եւ մարդկային սուբյեկտիվ գործոնը շարունակում է իր սեւ գործն անել:

Այժմ այն մասին, թե ինչն առիթ դարձավ այս հոդվածի համար: Ինչպես հայտնի է, «Azdarar.am» կայքը տպագրում է մրցույթների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը, որը յուրաքանչյուր մրցույթի համապատասխան կայքէջում պարունակում է անհրաժեշտ հարցաշարերը, որից պետք է օգտվեն մրցույթի մանակիցները (այլ հարց է, թե որքանով են օբյեկտիվ ընտրված այդ հարցերը): Եկել է պահը, որ պարզաբանեմ հոդվածի վերնագրում նշված «չլսված» բառի օգտագործման հիմնավորումը: Բնական է, որ «Azdarar.am» կայքի ողջ տեղեկատվությանը տիրապետելը համարյա անհնար է, սակայն հոդվածը գրելու պահին՝ 14.09.2020թ., ժ. 15:11 դրությամբ, գոնե մեկ մարմնում՝ ՀՀ ՊՎԾ-ում հայտարարված մի քանի մրցույթների մասով հրապարակված տեղեկատվությունը կարծես կտրված, հանված է ընդհանուր հայտարարությունների ցանկից: Եթե անգամ դա տեխնիկական խնդրի հետեւանք է, ապա դա իրոք չլսված պատահար է, քանզի այդ մրցույթների համար գրանցված մասնակիցները սահմանափակ ժամանակ ունեն նախապատրաստվելու համար եւ արդեն գոնե երկու եւ ավելի օր զրկված են այդ հնարավորությունից եւ ինչպես արդեն նշեցի, այդ տեղեկատվությունը նշված կայքից հանված է:

Ինչպես հայտնի է նաեւ, մրցույթին մասնակցելու ժամանակահատվածը եւս օրենքով է սահմանված եւ այն այնքան էլ երկար չէ, որ մի քանի օրը էական դեր չխաղա: Անգամ նախորդ անարդար իշխանությունների ժամանակ նման բացահայտ ոտնահարման ականատես չենք եղել: Իհարկե, որոշ ուժեր կամ մարդիկ կարող են նաեւ ընդդիմանալ, թե ինչ խնդիր կա, թող ուրիշ կայքերից գտնեն հարցաշարերը, էդ ինչ հարց է, որ հլա մի հատ էլ այդպես ոգեւորված թմբկահարում եք: Պահ, պահ,… պահ…: Սակայն էլ ինչ պաշտոնական կայք, որ պետք է ուրիշ կայքեր որոնել եւ հետո էլ հանկարծ պարզվի, որ դրանցում եղած տեղեկատվությունն այնքան էլ ճշգրիտ չէ:

Այսքան մանրամասնորեն գրելուս հիմնական իմաստը կայանում էր հետեւյալում. ուզում եմ կոնկրետ առաջարկություն անել անձամբ հարգարժան վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանզի այն ձեռնտու չէ ոչ մի պաշտոնյայի (պարզ է, թե ինչ պատճառով) եւ միայն իր ցանկության պարագայում կնդունվի սույն առաջարկությունը: Զուտ մրցույթների անցկացման արդարության տեսանկյունից ելնելով, առաջարկում եմ մրցույթների անցկացման ընթացակարգից հանել հարցազրույցի փուլը եւ այն անցկացնել միայն թեստավորման փուլի միջոցով, ինչպես անցկացվում են ասենք՝ ընդունելության քննությունները բուհերում, որոնք համեմատական առումով շատ ավելի արդար են անցնում ու ժողովուրդն էլ որոշակիորեն գոհ է…

Հստակ է, որ այս հարցում ներդրումներ չեն պահանջվում եւ միայն ցանկություն է պետք: Կարող եմ ավելին ասել, որ այն առաջին հերթին ձեռնտու է հենց իշխող ուժին՝ իր վարկանիշը բարձրացնելու համար, քանզի որպես արդարացի քայլ, ժողովուրդն այն անպայման դրական կգնահատի…

Հուսանք եւ սպասենք …

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
19.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930