Լրահոս
Օրվա լրահոսը

«Դերասանին թոշակի ուղարկել՝ նշանակում է դատապարտել նրան կիսաքաղց ծերության»

Սեպտեմբեր 21,2020 12:00

Ռեժիսոր Ռուբեն Բաբայանը պատասխանում է մեկ ցավոտ հարցի

– Պարոն Բաբայան, հարցը, որ կուղղենք ձեզ, ցավոտ է: Խնդիրը կապված չէ ո՛չ համավարակի, ո՛չ վերջին 30 տարիների հետ, այլ ավելի վաղ ժամանակներից է գալիս: Ներողամտություն հայցելով ձեզնից եւ թատերական աշխարհի մարդկանցից, թույլ տվեք հարցը դնել ուղիղ. մինչ օրս չենք հիշում մի դերասանի, որը, ասենք, կեսդարյա բեմական գործունեությունից հետո անցնի վաստակած հանգստի՝ թոշակի, անկախ նրա վաստակած կոչումից կամ պարգեւից: Մինչդեռ բոլոր ժամանակներում, մինչ օրս էլ, խոսակցություններն այդ մասին ժամանակ առ ժամանակ «թարմացվում» են: Ունենք ճանաչված, սիրված դերասաններ, որոնք առողջական վիճակի պատճառով տարիներով բեմ չեն բարձրանում: Մյուս կողմից՝ անընդհատ խոսվում է սերնդափոխության մասին: «Առավոտին» հայտնի են գոնե մեկ-երկու պետական թատրոններ, որտեղ երիտասարդ դերասանն աշխատում է բանվորի հաստիքով, քանի որ արտիստի ազատ հաստիք չկա:

– Իսկապես ցավոտ, շատ ցավոտ հարց է, ինչը անմիջապես առնչվում է սոցիալական խնդիրների հետ: Մեր երկրում թոշակը հաշվվում է աշխատած տարիներով, իսկ արտիստի դեպքում այն որեւէ կապ չունի կոչումների, մրցանակների, պարգեւների հետ: Տեսեք՝ մարդ, որը 50 տարի բեմ է դուրս գալիս, արժանանում է լավագույն դեպքում ընդամենը 60000 դրամ թոշակի: Յուրաքանչյուր թատրոնի ղեկավարի համար նման դերասանին թոշակի ուղարկելը լավագույն դեպքում նշանակում է դատապարտել նրան կիսաքաղց ծերության: Թատրոններում արտիստական խմբի տեղերը սահմանափակ են եւ հաճախ դերասանը, ով տասնյակ տարիներ փայլել է բեմում՝ ուրախություն, երջանկություն պարգեւելով հանդիսատեսին, այսօր դատապարտված է զուտ մարդասիրական զգացմունքներից ելնելով արգելափակել երիտասարդի ճանապարհը: Ընդ որում, խոսքն այս դեպքում ոչ միայն տարիքի մասին է: Վերցնենք տաղանդավոր դերասանների. տաղանդը ժամանակավոր երեւույթ է, մենք երբեք չենք կարող կանխագուշակել, թե ինչ ժամկետով է այն տրված մարդուն: Մշակույթի ոլորտում գոյություն ունի «սպառվել» հասկացողությունը եւ արվեստագետն այստեղ մեղք չունի: Իրականում այն պատկերը, որ այսօր գոյություն ունի, հասարակության եւ պետության անշնորհակալ վերաբերմունքն է մեր արվեստագետների հանդեպ, որոնք երկար տարիներ իսկապես փառք են բերել մեր երկրին, գեղարվեստական հաճույք պատճառել մեր հասարակությանը:
Արվեստագետն ընդհանրապես անպաշտպան է եւ դա ոչ միայն մեր երկրում: Օրինակ, հաճախ կենցաղային մակարդակով քննարկում ենք շոու-բիզնեսի ներկայացուցիչների, այդ թվում՝ աստղերի միլիոնները, մոռանալով, որ արվեստագետների մեծ մասն ապրում է շատ համեստ կյանքով: Ավելին՝ ստեղծագործում է ոչ թե գումար վաստակելու ակնկալիքով, այլ որովհետեւ այլ ձեւով ապրել չի կարող:
Հաճախ խոսում ենք արվեստի ոլորտում բարեփոխումների մասին: Այս առումով խոսքը ոչ միայն կազմակերպչական, հովանավորչության եւ մեկենասության մասին պետք է լինի, այլ սոցիալական պաշտպանվածություն կրող կառույցների: Դրանք կարող են լինել հիմնականում հիմնադրամներ: Կարծում եմ՝ պետության կարեւորագույն գործառույթը պետք է լինի այդպիսի հիմնադրամներ ստեղծելն ու դրանց ստեղծմանն օժանդակելը: Իսկ պետության ձեռքում, միանշանակ, կա հզոր լծակ, որը կոչվում է հարկային արտոնություններ: Սա, ինչ խոսք, պահանջում է շատ անհատական մոտեցում: Իսկ փորձը ցույց է տալիս, որ երբ մենք չենք դրսեւորում անհատական մոտեցում, բազմաթիվ, այսպես կոչված, ոչ մաքուր մարդիկ փորձում են սողոսկել այդ կառույցներ: Իսկ արվեստագետները հիմնականում արժանապատվություն ունեցող մարդիկ են եւ աշխատում են իրենց սոցիալական խնդիրների մասին չբարձրաձայնել, իրավացիորեն համարելով, որ դա հարիր չէ իսկական արվեստագետին: Բայց դա չի նշանակում, որ մենք այդ ազնվական միտումը պետք է օգտագործենք հենց իրենց դեմ:

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
19.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930