Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը վերադառնում է Մերձավոր Արեւելք»

Սեպտեմբեր 21,2020 14:00

Անհրաժեշտ է, որպեսզի մեր երկիրն այլեւս վերածվի տարածաշրջանային լուրջ գործոնի

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն օրերս Եգիպտոս այցի ժամանակ հանդիպեց երկրի նախագահի, ԱԳ նախարարի եւ հայ համայնքի հետ, նախագահին հրավիրեց Հայաստան:

Փորձագիտական հանրությունն այս այցը խորհրդանշական է համարում՝ գտնելով, որ Հայաստանը Եգիպտոսի հետ հարաբերությունների եւ, առհասարակ, մերձավորարեւելյան տարածաշրջանի զարգացումների համատեքստում ունի ասելիք:

«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան, տարածաշրջանային հարցերի փորձագետ Կարեն Վերանյանի բնորոշմամբ՝ վերջին շրջանում Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարությունն առանձնանում է իր նախահարձակությամբ ու թիրախային գործելաոճով, ինչն անչափ ողջունելի է: «Ի դեպ, նման ռազմավարական փոփոխություններ նկատվում են նաեւ մեր պաշտպանական ոլորտում. Հայաստանը սկսել է ներգրավվել այն գործընթացներում, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արեւելքում, Արեւելյան Միջերկրածովում ու Հյուսիսային Աֆրիկայում: Այլ կերպ ասած` Հայաստանը վերադառնում է Մերձավոր Արեւելք»,-«Առավոտի» հետ զրույցում շեշտում է Կարեն Վերանյանը:

Նրա խոսքով՝ նախկինում Հայաստանի արտաքին քաղաքականությունը կրում էր ավելի շատ հետեւողական ու պասիվ-կրավորական բնույթ. «Այժմ հնարավորություն է ստեղծվում, որպեսզի մենք ինքներս մեր առջեւ դնենք առավելապաշտական նպատակներ ու առաքելություն, ինչը նախ կբարձրացնի Հայաստանի տարածաշրջանային կշիռը, երկրորդ`անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանն այլեւս վերածվի տարածաշրջանային լուրջ գործոնի: Հայկական կողմի առավելապաշտական առաքելությունը բխում է մեկ սկզբունքից` ապահովել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը: Տեղին է մեջբերել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հնչեցրած ձեւակերպումը, ըստ որի՝ Մերձավոր Արեւելքը, Արեւելյան Միջերկրածովը հանդիսանում են Հայաստանի ռազմավարական հետաքրքրությունների գոտի: Թերեւս այս տեսանկյունից պետք է դիտել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Եգիպտոս»:

Մեր զրուցակցի կարծիքով՝ նշյալ առումով այցելությունն իսկապես խորհրդանշական էր. «Սա հնարավորություն է առավել արդյունավետ դարձնելու Հայաստանի ու Եգիպտոսի միջեւ ձեւավորված քաղաքական օրակարգի իրագործումը: Կցանկանայի ընդգծել այցի տարածաշրջանային նշանակությունը: Այսօր Եգիպտոսն արաբական աշխարհի, ինչպես նաեւ՝ Մերձավոր Արեւելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջատար խաղացողներից մեկն է: Եգիպտոսը կարեւոր դերակատարություն ունի տարածաշրջանում հակաահաբեկչական պայքարում ու մեծ ազդեցություն՝ տարածաշրջանի կայունության ու անվտանգության ապահովման գործում: Եգիպտոսը լրջորեն ներգրավված է տարածաշրջանի տարբեր հատվածներում Թուրքիայի՝ կայունության խախտման փորձերի հակազդման հարցում:
Վերջերս Եգիպտոսը հանդես եկավ հակաթուրքական կոալիցիա ստեղծելու պատրաստակամության մասին հայտարարությամբ: Կարծում եմ, որ Հայաստանը չպետք է անմասն մնա Մերձավոր Արեւելքում ու հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձություններից, որոնք ուղղակի կամ անուղղակի իրենց ազդեցությունն են թողնում նաեւ Հայաստանի անվտանգության վրա: Մերձավոր Արեւելքում զսպելով Անկարային՝ նվազում են նաեւ վերջինիս կողմից հարավկովկասյան ուղղությամբ գործադրվող հնարավոր սպառնալիքները»:

Կարեն Վերանյանի համոզմամբ՝ Հայաստանն այսուհետ պետք է տարածաշրջանում ներկայանա թելադրողի դիրքերից. «Եվ դա հավասարապես վերաբերում է ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ՝ պաշտպանության ռազմավարությանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930