Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի վաղվա ուղերձը պետք է պարունակի ծանրակշիռ և մանրակրկիտ հաշվարկված պատասխան Ալիևի կեցվածքին․ Քաղաքական գործիչների արձագանքը՝ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին

Սեպտեմբեր 20,2020 20:28

Քաղաքական գործիչներն արձագանքում են Ադրբեջանի նախագահի՝ «Աբշերոն» հանքավայրում ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ արված հայտարարություններին։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երկար դադարից հետո Ալիևը երեկ որոշել է արձագանքել Փաշինյանի հրապարակած յոթ կետերին, որոնք բացառապես միտված են մթնոլորտի առողջացմանը, փոխվստահության ձևավորմանը և միջազգային մոնիթորինգային մեխանիզմների ներդրմանը՝ որպես կարևոր հիմք բանակցային գործընթացի արդյունավետության բարձրացման համար: Ընդ որում, Ադրբեջանի բռնապետ նախագահը պատասխանել է դիվանգիտական բառապաշարին ոչ հարիր, ներքին լսարանին ուղղված ձևակերպումներով:

Հայատյաց հայտարարություններով, ռազմատենչ ելույթներով և ապակառուցողական դիրքորոշմամբ աչքի ընկած Ալիևը փորձում է ստեղծել բանակցային գործընթացի՝ «փակուղային» լինելու իմիտացիա: Չկա փակուղի ո՛չ ձևաչափի, ո՛չ էլ գործընթացի առումով: Հայկական կողմը մշտապես հանդես է եկել կառուցողական դիրքերից՝ շեշտելով, որ չկա խնդրի ռազմական լուծում և միակ լուծումը պետք է փնտրել խաղաղ բանակցային գործընթացի շրջանակներում: Այդուհանդերձ, մենք շեշտել ենք, որ անվտանգությունը զիջման ենթակա չէ, իսկ անհիմն, միակողմանի զիջումների մասին խոսակցությունները՝ անընդունելի:

Հիշեցնեմ Բաքվի բռնապետին, որ և՛ ինքը, և՛ իր հայրը բազմիցս համաձայնություն են տվել առաջարկվող այն լուծումներին, որտեղ ամրագրված է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը, և դա ևս անքննելի է: Ակնհայտ է, որ բանակցությունների ընթացքի և արդյունավետության համար ամենամեծ սպառնալիքը Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքն է, սադրիչ գործելաոճը, հակահայ քաղաքականությունն ու ռազմատենչ հայտարարությունները: Բանակցային գործընթացի շուրջ աշխատանքը պետք է սկսել ուժի և ուժի սպառնալիքի բացառումը շեշտելով, ինչպես նաև Ադրբեջանում առկա հակահայ տրամադրությունները փոխելու հստակ նպատակով:
Հայկական կողմերը բազմիցս են շեշտել՝ խաղաղ բանակցությունները այլընտրանք չունեն: Այդուհանդերձ, եթե Ալիևի նման ելույթներին հաջորդեն սադրիչ քայլեր Հայաստանի կամ Արցախի հետ սահմանի ուղղությամբ, ապա հայկական կողմերի արձագանքը լինելու է ավելի քան համարժեք: Ալիևը լավ կանի օր առաջ դասեր քաղի Տավուշյան դեպքերից և վերադառնա բանակցային սեղան՝ հետագա քննարկումները շարունակելու նպատակով:

https://www.facebook.com/haytatev/posts/3503227326395453

Հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը գրել է․

Ալիևը պատրաստվում է պատերազմի: Արդեն շաբաթներ տևող քարոզչական, ապատեղեկատվական, հոգեբանական տոտալ գրոհն ու հարակից գործողություններն ուղղակիորեն դրա վկայությունն են:
Բավական է նայել, թե ինչ չափով են հաճախակիացել Ադրբեջանի ԱԳՆ-ի, ՊՆ-ի, նախագահի աշխատակազմի և հարակից այլ կառույցների հայտարարությունները, ուշադրություն դարձնել դրանց բովանդակային տրանսֆորմացիաներին, փչվող և միջազգային հանրությանը մատուցվող Հայաստանին և Արցախին վերաբերող ահասարսուռ լեգենդներին, հակահայկական հիստերիայի նոր ալիքի հրահրման փորձերին միջազգային կառույցներում, արտերկրում տպվող կամ ցուցադրվող պատվիրված նյութերի քանակին և բովանդակությանը` լիարժեք պատկերացնելու համար, թե մեկ կենտրոնից ղեկավարվող այս գործողություններն ինչ նպատակ են հետապնդում: Այս ամենին գումարեք նաև Թուրքիայի կողմից սեփական հակահայկական շտրիխների ավելացմամբ` ողջ այս աղբի տիրաժավորումը և լայն իմաստով` իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում:

Ի՞նչ է անում այս ընթացքում Հայաստանի իշխանությունը: Տպավորություն է, որ ձի կամ էշ հեծնած հնոտիք է քրքրում ու «նապաստակ նկարում», չէ, կներեք` ինքնաթիռ…
Այս ամենի ներքո, մի կողմ դնելով բանակի գործառույթը, քանի որ վստահ եմ, որ հարկ եղած դեպքում բանակն իր խնդիրը լուծելու է արժանապատվորեն և լավագույնս, անդրադառնամ մի քանի գործողությունների, որոնք իշխանությունների կողմից անհապաղ իրականացման անհրաժեշտություն ունեն.

1. Վարչապետի վաղվա ուղերձը պետք է պարունակի ծանրակշիռ և մանրակրկիտ հաշվարկված պատասխան Ալիևի կեցվածքին և նկրտումներին, ինչպես նաև` հստակ մեսիջներ Մինսկի խմբի համանախագահներին: ԱԳՆ-ն պետք է սովորականից էապես ավելի մեծ ջանքերով ապահովի ուղերձի կարևորագույն թեզերի հասանելիությունը գործընկեր երկրների համապատասխան մարմիններին և հանրությանը,

2. ժամ առաջ պետք է ապահովել քաղաքական լրջագույն կոնսուլտացիաներ (լրջագույն` և’ բովանդակության, և’ ձևաչափի իմաստով) մի քանի ուղղություններով.
ա/ Ռուսաստանի Դաշնություն,
բ/ Իրան,
գ/ Վրաստան,
դ/ ՀԱՊԿ,
ե/ Մինսկի խմբի համանախագահներ,
զ/ ԱՄՆ, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի բարեկամ երկրներ,
է/ համաշխարհային և տարածաշրջանային այլ դերակատարներ,
է/ միջազգային կառույցներ և հեղինակավոր կազմակերպություններ:

3. Հատուկ մշակված բովանդակությամբ, ԱԳՆ, պետական համապատասխան մարմինների, Սփյուռքի կառույցների ներգրավմամբ և խողովակներով ապահովել միջազգային տեղեկատվական դաշտում Ադրբեջանի գործողությունների համարժեք պատասխան, ապահովելով նաև նշված ուղղության անխափան և շարունակական աշխատանքը,

4. գործողությունների ամբողջական ծրագրով էապես ակտիվացնել խորհրդարանական դիվանագիտության ինստիտուտների աշխատանքը,

5. Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը պետք է անցնի աշխատանքի արտակարգ ռեժիմի (հանձնակատարին գոնե առժամանակ արգելել զբաղվել ազգերի սինթեզով կամ այլ վտանգավոր գործունեությամբ)` սփյուռքի կառույցների հետ աշխատանքն օպերատիվ համակարգելու նպատակով,

6. զարգացումների տրամաբանությունից և արագությունից ելնելով` կազմակերպել արտգործնախարարի և (կամ) վարչապետի հանդիպում Հայաստանում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ,

7. չստել սեփական հանրությանը (որքան էլ, որ դա դժվար է և անսովոր գործող իշխանությունների համար), զերծ մնալ որևէ կերպ հասարակության սոցիալական բեռն ավելացնելուց, դատարկաբանությունից և հայհոյախոսությունից:

Երկրի ներսում լարվածություն հրահրելը, արժեքները ոտնահարելը, քաղաքական բանավեճը քինախնդիր էությանն ու իմաստազուրկ ամբիցիաներին ծառայեցնելը, էժանագին pr-ը, տարաբնույթ անբովանդակ սելֆիներն ու live-երը դադարեցնելու և սեփական թիմի չեղած ու եղած ներուժը, երկրի ներուժը (սեփական բարդույթներից գոնե ժամանակավորապես ազատվելով)` պետության ու հասարակության առաջ ծառացած լրջագույն մարտահրավերների անհապաղ և հաշվարկված դիմագրավմանն ուղղելու ժամանակն է (իրականում` արդեն իսկ էապես ուշացած):

https://www.facebook.com/karen.bekaryan/posts/657528438506349

Անդրադառնալով թեմային՝ «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Կներեք, էլի մի հարց տամ։ Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք «կադր չլինելու» «դարդից» օրենք են գրում ու էլի իրենց չհասկացած բանով զբաղվում, ինչպես նաեւ իրենց՝ սխալվելուց չվախեցող ղեկավարը բան չունե՞ն ասելու Ալիեւին։

Հիշեցնեմ՝ նա ասել է, որ վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը իր հետ պայմանավորվել է։ Պայմանը հետեւյալն է՝ Ալիեւը չի կրակում, Փաշինյանը ներսում ճնշում է քաղաքական հակառակորդներին, իսկ Փաշինյանն էլ Ալիեւին հարմար կերպով լուծում է Արցախի հարցը։ Հիմա Ալիեւն ասում է, ես պահել եմ պայմանը, Նիկոլը՝ խախտել։ Որ մասն է չափազանցնում Ալիեւը` արդեն կարեւոր չէ, քանզի մեզ մի բան պիտի հետաքրքրի։ Նա պատերազմի կոչնակ հնչեցրեց։ Հայաստանի դիրքավորումն էլ՝ ապակառուցողական։

Խաղաղասիրության անիմաստ նոպաներից հետո վրա հասած հանկարծահաս հայրենասիրությունը ու ռազմահայրենասիրական պաթոսը «բարով վայելեք», իհարկե, բայց թշնամու հետ սիլի-բիլի անելու համար պատասխան տալուց դժվար թռնեք։
Հ.Գ. Ալիեւը «փակուղու» իմիտացիա է ստեղծում ու այլ նման մանկապատանեկան ոճի տհասությունները որպես պատասխան չառաջարկել։

https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/5037110072981490

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր․ Հայաստանի ղեկավարությունը «փաստացի խախտել է բանակցային գործընթացը»: «Քանի որ նրանց անհեթեթ հայտարարությունները, սադրիչ քայլերը անիմաստ են դարձնում բանակցությունները»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930