Aravot.am – ի հարցին՝ նախատեսո՞ւմ եք հարկային արտոնություններ ներդրողների համար, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց՝ եթե ներդրողներն առաջարկություն ներկայացնում են, մենք քննարկում ենք եւ, եթե այն տրամաբանության մեջ է՝ չի հակասում մեր օրենքներին, չի խոչընդոտում մեր կուրսին, անում ենք. «Կոնկրետ չեմ նշում՝ ինչպես, բայց, եթե պետք է լինում, անում ենք: Տարբեր գործիքակազմ ենք կիրառում՝ օգնելով – օժանդակելով՝ արտոնյալ վարկեր եւ ինչու չէ՝ նաեւ հարկային որոշ արտոնություններ տրամադրելով»:
Արցախի նախագահին հանդիպեցինք Հայաստանից ժամանած գործարարների խմբի հետ հանդիպման ժամանակ: Երեկօրյա այցի ընթացքում մի խումբ գործարարներ եղան Արցախի ազատագրված տարածքներում, մասնավորապես՝ Քարվաճառում: Ապա ներդրումներ անելու մտադրություն ունեցող հայաստանցի գործարարներին երեկ ընդունեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նախքան նախագահին հանդիպելը գործարարները Քարվաճառում զբոսաշրջային բիզնես հիմնելու համար մի քանի տարածքներ ուսումնասիրեցին: Ասում են՝ ուզում են այնպիսի նախագիծ իրականացնել, որը կտարբերվի ավանդական զբոսաշրջային բիզնեսից:
Արայիկ Հարությունյանին խնդրեցինք թվարկել ներդրումային հնարավորությունները, որոնք կան Արցախում: Հարցրինք նաեւ՝ ինչո՞վ կարող է Արցախը գրավիչ լինել:
«Չկա բյուրոկրատիա, ուղղակի շատ հետեւողական ենք պետություն-մասնավոր համագործակցության պայմանավորվածություններում: Որոշ ներդրումային վարկերի սուբսիդավորում եւ հարկային որոշ արտոնություններ ենք տրամադրում»:
Կարդացեք նաև
Արայիկ Հարությունյանը չառանձնացրեց կոնկրետ ոլորտ, որտեղ կառաջարկեր ներդրում կատարել. ասաց՝ անխտիր բոլոր ոլորտներում էլ գործարարները կարող են ներդրումներ անել՝ պետությունն էլ՝ ինչով կարող է՝ կաջակցի:
Արցախ ժամանած գործարարները «Մանթաշով գործարարների միության» անդամներ են: Միության նախագահ Վահրամ Միրաքյանը Արցախի նախագահի հետ հանդիպումից հետո ասաց. «Հանդիպումը շատ գործնական ու կոնկրետ էր, քանի որ արդեն երկրորդն էր: Տարածքների առումով նախագահն ասաց, որ պետությունը պատրաստ է ամեն կերպ աջակցելու, ենթակառուցվածքների տեսանկյունից՝ նույնպես: Մեզ զուտ մնում է կենտրոնանանք՝ որ տարածքում ենք ուզում մեր ծրագրերն իրականացնել: Երբ որոշենք, թե որ տարածքն է, պետությունն էլ իր կողմից ենթակառուցվածքներ կկառուցի. ջուր, էլեկտրաէներգիա եւ այլն: Եթե կարճ ձեւակերպեմ՝ գնդակը մեր դաշտում է: Ըստ էության, այս հանդիպումը ցույց տվեց, որ պատրաստ են աջակցել եւ ողջունում են նման քայլը եւ ներդրումը»:
Պարոն Միրաքյանն ասաց, որ մի քանի տարածքներ արդեն ուսումնասիրել են, հստակ կկողմնորոշվեն ու ըստ այդմ հերթական քայլերը կանեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ