Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկ Ասրյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրել էր մասնակցելու համազգային հանրահավաքին

Սեպտեմբեր 19,2020 22:28

«Հայոց արծիվներ միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը Ազատության հրապարակում համազգային հավաք էր հրավիրել: Նպատակը, ինչպես նշված էր տարածված հաղորդագրությունում, հրապարակում հավաքված հայրենասեր բազմահազար հայերի կողմից «Միասնական Հայաստան» ազգային շարժում հիմնադրելն էր, որը հավաքի ժամանակ Հայաստանի ազգային-պետական-քաղաքական դաշտից գլխատելու է Հայաստանի ու հայ ազգի համախմբման, անվտանգության, զարգացման, հզորացման ակունքը փակած եռագլուխ հրեշին, հերոս հայ ժողովրդի մասնակցությամբ ու աջակցությամբ Հայաստանի նոր՝ ազգային-պետական իշխանություն ձեւավորելը:

Դիմելով հավաքի մասնակիցներին՝ Խաչիկ Ասրյանը հայտարարեց, որ հավաքին մասնակցել հրավիրել է նաեւ Նիկոլ Փաշինյանին: «Այսօր այստեղ, այս պատմական միջոցառմանը ես հրավիրել եմ նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլին: Պաշտոնապես: Ինչո՞ւ: Որովհետեւ սույն թվականի փետրվարի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետին մենք ներկայացրել ենք 10 պահանջ, որոնք վերաբերում են Հայաստանի քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական վիճակին: Եվ, բնականաբար, այսօրվա հավաքը ուղղված է հիմնականում այդ 10 պահանջներին: Ինչո՞ւ ենք հրավիրել վարչապետին: Որպեսզի նա այսօր մասնակցեր այստեղ եւ հերոս հայ ժողովրդի առաջ պատասխաներ իրեն ուղղված 10 պահանջներին եւ նրան իմ տված հարցերին: Ցավում եմ, որ Փաշինյան Նիկոլը այսօր այստեղ չէ: Ես համարում եմ, որ նա այսօր այստեղ չի ներկայացել իր վախի արդյունքում»,-հայտարարեց Խաչիկ Ասրյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել