Առողջության պահպանմանն ու բարելավմանն անդրադառնալիս սովորաբար չենք մոռանում հիշեցնել առողջ ապրելակերպի, մասնավորապես առողջ սննդակարգի կարևորության մասին, իսկ երբ խոսք է գնում հղիության մասին, ապա ճիշտ սննդակարգն ընդհանրապես առաջին պլան է գալիս։ Հղիության ժամանակահատվածում սնունդից ստացվող օգտակար բաղադրամասերն անհրաժեշտ են ոչ միայն հղի կնոջ, այլև աճող ու զարգացող երեխայի օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։
Կնոջ ճիշտ սնվելը կարևորագույն դեր ունի պտղի զարգացման տարբեր փուլերում, անգամ՝ բեղմնավորումից առաջ։
Հղիության ընթացքում, իհարկե, բոլոր սննդանյութերն են կարևոր, սակայն առավել մեծ ուշադրության են արժանի հետևյալ վիտամիններն ու հանքանյութերը․
- Վիտամին D – Հղի կնոջ օրգանիզմում վիտամին D-ի բավարար մակարդակը չափազանց կարեւոր է, քանի որ դրա պակասը ոչ միայն բացասաբար է անդրադառնում կնոջ առողջության վրա՝ մեծացնելով հղիության ու ծննդաբերության ընթացքում առաջացող բարդությունների վտանգը, այլեւ կարճաժամկետ ու երկարաժամկետ ազդեցություն կարող է ունենալ երեխայի առողջական հետագա վիճակի վրա՝ դառնալով ալերգիայի, ասթմայի, շնչառական հիվանդությունների, կարիեսի, ընդհուպ մինչեւ սիրտ-անոթային և այլ հիվանդությունների զարգացման պատճառ։
Բարձրացնելով վիտամին D-ի մակարդակը՝ կարելի է զգալիորեն նվազեցնել հղիության (գեստացիոն) դիաբետի, նախաէկլամպսիայի, ներարգանդային վարակների զարգացման վտանգը։ Վիտամին D-ի մակարդակի ստուգումը թույլ կտա պարզել՝ կա՞ արդյոք վիտամին D-ի պակաս օրգանիզմում։ Խելամիտ ժամանակամիջոցում արևի ներքո գտնվելն օգնում է օրգանիզմին վիտամին D արտադրել, սակայն եթե չկա այդպիսի հնարավորություն, ապա հղիության ընթացքում վիտամին D-ի մակարդակը կարելի է բարձրացնել բժշկի կողմից նշանակված վիտամին D-ի հավելումներ ընդունելու միջոցով։
- Ֆոլաթթու– B խմբի ջրալույծ վիտամին է, որը շատ կարևոր է հղիների համար․ այն մասնակցում է ընկերքի, պտղի նյարդային խողովակի ձևավորմանը, արյունաստեղծման գործընթացին և այլն, անհրաժեշտ է նորադրենալինի, սերոտոնինի արտադրման համար, կարգավորում է գլխուղեղի գործունեությունը և այլն։
Ֆոլաթթուն օրգանիզմ է ներմուծվում հիմնականում սննդի միջոցով, և քանի որ օրգանիզմում չի կուտակվում, անհրաժեշտ է ամեն օր լրացնել օրգանիզմում ֆոլաթթվի պաշարը։
Տարբեր հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ պտղի բնածին բազմաթիվ արատներ կարելի է կանխել, եթե կանայք ընդունեն B9 վիտամին (ֆոլաթթու) մինչև հղիանալը և հղիության վաղ ժամկետներում:
Կարդացեք նաև
- Երկաթ – հղիության ընթացքում կնոջը գրեթե երկու անգամ ավելի շատ երկաթ է հարկավոր։ Այս հանքանյութը մասնակցում է թե՛ մորը, թե՛ երեխային անհրաժեշտ արյան ստեղծման գործընթացին։ Երկաթի անբավարարությունը կարող է հանգեցնել սակավարյունության՝ դառնալով պտղի թթվածնաքաղցի (հիպոքսիա) պատճառ։ Երկաթի պակասը կարող է առաջացնել պտղի զարգացման խանգարումներ, հանգեցնել հղիության վաղաժամ ընդհատման, հետծննդաբերական արյունահոսությունների և այլն:
- Կալցիում – առանցքային նշանակություն ունի թե՛ մոր, թե՛ երեխայի առողջության համար։ Ամուր և առողջ ոսկորների, ատամների, նյարդերի համար պատասխանատու այս կարևոր հանքանյութը հղի կնոջն անհրաժեշտ է օրական մոտ 1000 մգ -ի չափով։ Կալցիումի անբավարարության դեպքում պտղի պահանջների համար կարող են «օգտագործվել» մոր ոսկորներում ու ատամներում կուտակված կալցիումի պաշարները՝ հանգեցնելով ատամների քայքայման և օստեոպորոզի զարգացման։
- Օմեգա-3 կիսաչհագեցած ճարպաթթուներ- նույնպես կարևորագույն դեր ունեն երեխայի գլխուղեղի զարգացման գործընթացում։ Այս ճարպաթթուները հատկապես օգտակար են հղիության և կրծքով կերակրման շրջանում։ Դրանք նպաստում են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, աուտոիմուն և այլ հիվանդությունների կանխարգելմանը։
- Յոդ – այս հանքանյութը նպաստում է երեխայի գլխուղեղի ու նյարդային համակարգի ձևավորմանը։
Յոդի անբավարարությունը կարող է լրջորեն ազդել երեխայի մտավոր ներուժի վրա՝ հանգեցնելով երեխայի զարգացման հապաղումների, թուլամտության, կրետինիզմի և այլն։ - Մագնեզիում – հղիության ընթացքում օրգանիզմում մագնեզիումի բավարար քանակը նույնպես շատ կարևոր է, քանի որ այս հանքանյութը մասնակցում է նյութափոխանակության և օրգանիզմի մի շարք այլ գործընթացներին, նպաստում կալցիումի յուրացմանն օրգանիզմի կողմից։ Մագնեզիումի հավելյալ չափաբաժինները հղի կանանց օգնում են հաղթահարել ոտքերի ջղակծկումները, անքնությունը, հոգնածությունը և այլն, սակայն կարևոր է ընդգծել, որ մագնեզիում պետք է ընդունել միմիայն բժշկի ցուցումով, իսկ այդպիսի ցուցման բացակայության դեպքում այս հանքանյութի պահանջը լրացնել մագնեզիումով հարուստ սննդամթերքների օգտագործմամբ։
Մենք առանձնացրել ենք 10 սննդամթերք, որոնք չափազանց օգտակար են հղի կնոջ և պտղի օրգանիզմի համար, քանի որ հարուստ են ոչ միայն վերոնշյալ սննդանյութերով, այլև բազմաթիվ առողջարար բաղադրամասերով․
Օրգանիկ (տնական) հավկիթներ – Հավկիթները սպիտակուցների, ճարպերի և այլ սննդանյութերի հրաշալի աղբյուր են՝ ներառյալ խոլինն ու հակաօքսիդանտներ լյուտեինն ու զաեքսանտինը։ Հղի կանանց համար խոլինը՝ վիտամին B4-ը, շատ կարևոր է․ այն օգնում է կանխարգելել բնածին որոշակի արատներ և նպաստում է երեխայի գլխուղեղի զարգացմանը։
Կենդանիների շրջանում անցկացված որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ հղիության ընթացքում խոլինի օգտագործումը ակտիվացնում է մոր արգանդում գտնվող ձագի ուղեղը, ինչը նշանակում է, որ այն կարող է բարելավել մտավոր գործառույթը, լավացնել սովորելու ունակությունն ու հիշողությունը, ինչպես նաև պաշտպանություն է ապահովում հետագա կյանքի համար։
Խոլինի ինտենսիվ օգտագործումը հղիության ընթացքում պաշտպանում է մետաբոլիկ խանգարումներից։
Ձկնեղեն, հատկապես վայրի սաղմոն, սարդինա– ձկնեղենն օմեգա-3 կիսաչհագեցած ճարպաթթուների աղբյուր է, սակայն ձկնատեսակներ ընտրելիս հատկապես հղիության ժամանակ պետք է հաշվի առնել, թե որքանով է աղտոտված այն միջավայրը, որտեղ բուծվում են այդ ձկնատեսակները։ Սաղմոն, սարդինա, ծովատառեխ, իշխան ձկնատեսակները հարուստ են օմեգա-3 կիսաչհագեցած ճարպաթթուներով, ինչպես նաև պարունակում են վիտամին B12, սելեն, կալցիում, ֆոսֆոր և այլն։ Սաղմոնը Հայաստանում այնքան էլ մատչելի չէ, սակայն հասանելի են այս ձկան պահածոյացված տարբերակները։
Թարմ՝ գյուղական կաթնամթերք– թարմ կաթից պատրաստված կաթնամթերքը հարուստ է սպիտակուցներով, կալցիումով, մագնեզիումով, ցինկով, B խմբի վիտամիններով, ֆոսֆորով և այլն։ Հում օրգանիկ կաթը պարունակում է վիտամիններ, հանքանյութեր, կարևոր ֆերմենտներ և օգտակար բակտերիաներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի իմունային համակարգի, մարսողության համար։ Այդպիսի կաթից պատրաստված մածունը կարգավորում է մարսողական համակարգի աշխատանքը, ինչն այնքան կարևոր է հղիության բարենպաստ ընթացքի համար։
Քաղցր կարտոֆիլ – նարնջագույն երանգավորման համար քաղցր կարտոֆիլը պարտական է բետա-կարոտին կարոտինոիդին։ Որպես հակաօքսիդանտ՝ բետա-կարոտինը չեզոքացնում է ազատ ռադիկալները, որոնք վնասում են բջիջներն օքսիդացման ճանապարհին․ դա կարող է արագացնել ծերացման գործընթացն ու ավելի խոցելի դարձնել քրոնիկ հիվանդությունների նկատմամբ։ Բետա-կարոտինը պաշտպանում է օրգանիզմի իմունային համակարգը, նվազեցնում սրտի հիվանդությունների զարգացման վտանգը։ Քաղցր կարտոֆիլը նաև բջջանյութի հրաշալի աղբյուր է, իսկ բջջանյութը ոչ միայն կարգավորում է օրգանիզմում շաքարի մակարդակի, այլև բարելավում մարսողությունը։
Քանի որ քաղցր կարտոֆիլը Հայաստանում այնքան էլ տարածված չէ, ապա կարելի է այն փոխարինել նարնջագույն գունավորմամբ բանջարեղենի այլ տեսակներով՝ գազար, դդում և այլն։ Ինչպես արդեն հասկացաք, այս գույնը խոսում է մթերքի՝ բետա-կարոտինով հարուստ լինելու մասին։
Բրոկոլի, կանաչեղեն – բրոկոլին և մուգ կանաչ գունավորում ունեցող բանջարեղենի ու կանաչեղենի այլ տեսակները հարուստ են հղի կանանց համար օգտակար սննդանյութերով, ինչպիսիք են ֆոլաթթուն, կալցիումը, կալիումը, երկաթը, С, К և А վիտամինները։
Տավարի թարմ եւ տնական հավի միս– Տավարի միսը սպիտակուցների ու սննդանյութերի հրաշալի աղբյուր է՝ հարուստ երկաթով, խոլինով, В խմբի վիտամիններով։ Տնական հավի միսը սելենի, ֆոսֆորի և վիտամինների հարուստ աղբյուր է։
Հատապտուղներ– հատապտուղներում խտացված ֆիտոքիմիկատները պայքարում են տարբեր հիվանդությունների դեմ, ամրացնում իմունային համակարգը, երկաթը պաշտպանում է սիրտն ու արյունատար համակարգը, իսկ բջջանյութը նպաստում է առողջ մարսողությանը։
Ավոկադո- անփոխարինելի սննդանյութերի հարուստ աղբյուր է․ ավոկադոն հարուստ է կիսաչհագեցած ճարպաթթուներով, В, Е, К խմբի վիտամիններով, ֆոլաթթվով, կալիումով, բջջանյութով։
Չիայի սերմեր – սպիտակուցների, ճարպաթթուների, սննդային մանրաթելերի, հանքանյութերի, վիտամինների ու հակաօքսիդանտների «գանձատուփ» են։
Ընդեղեն– Հղի կանանց համար ընկուզեղենը ոչ միայն օգտակար բազմաթիվ նյութերի հարուստ աղբյուր է, այլ «ինչ-որ համեղ բան ուտելու» ցանկության ճանապարհին ոչ այնքան օգտակար քաղցրեղենից խուսափելու հրաշալի միջոց։ Դրանք և՛ լավ հագեցնում են քաղցն ու ինչ-որ համեղ բան ուտելու ցանկությունը, և՛ հագեցնում օրգանիզմը անհրաժեշտ հանքանյութերով, սպիտակուցներով ու վիտամիններով։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ