«Մենք ունենք իրավիճակ, որ մարդիկ պահում են գրպանի կուսակցություններ»,- «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կազմակերպած հանրային քննարկման ընթացքում ասաց Հ/Կ-ի ծրագրերը համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Ըստ նրա, խնդիր է այն, որ կա մարդ, որը կուսակցություն ունի․ «Իր սեփական կուսակցությունն է։ Ինքը այդ կուսակցության բոլոր ծախսերը հոգում է։ Ասեմ ավելին՝ այդ կուսակցություններից առնվազն մեկը կա Ազգային ժողովում, լավ էլ մեծ խմբակցություն ունի, այսինքն՝ իր անձնական խմբակցությունն ունի։ Եվ սա անընդունելի է, այսպես չպետք է լինի, սա լուրջ խնդիր է»։
Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ կուսակցությունները պետք է ֆինանսավորվեն երկու տեղից՝ Հայաստանի քաղաքացիներից և պետությունից․ «Չպետք է լինի այնպիսի մեխանիզմ, որ ինչ-որ մեկը, թեկուզ Հայաստանի ներսից իր գրպանի կուսակցություն պահի։ Պետք է լինի մեխանիզմ, որ ինչ-որ մեկը` առավել ևս դրսից, այստեղ կուսակցություն ֆինանսավորի, որովհետև մենք տեսնում ենք ժամանակակից աշխարհում, որ դա գնալով ավելի ու ավելի մեծ ռիսկ է դառնում»։
Նա շատ է կարևորում քրեական օրենսգրքի, վարչական իրավախախտումների օրենսգրքի այն խախտումները, որոնք սահմանափակում են շրջանցման հնարավորությունները․ «Եթե ինչ-որ մեկը փորձում է պահել իր գրպանի կուսակցություն, դա այլևս քրեական հանցագործություն է, գնալու է և նստելու է։ Եթե ինչ-որ մեկը դրսից փորձի այստեղ կուսակցություն ֆինանսավորել, քանի որ ինքը դրսում է, կարող է ինքը չնստի, բայց այն մարդիկ, որոնք այստեղ՝ Հայաստանում, իրեն կաջակցեն, էլի գնալու են և նստելու են»։
Կարդացեք նաև
Դանիել Իոաննիսյանը նկատեց, որ 2018 թվականի ընտրություններին չկան ընտրակաշառք բաժանելու համար դատված անձինք․ «Այդ կարգավորումները կանխարգելում են. մարդիկ այլևս չեն գնում այդ քայլին կամ էապես ավելի քիչ են գնում։ Միգուցե մի քանի հոգի ընտրակաշառք բաժանել է, բայց այլևս շատ-շատ ավելի քիչ են նրանք լինում, որովհետև վախենում են բացահայտված լինել, որովհետև լուրջ պատիժներ կան»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ