Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վանաձոր գետի ափամերձ հանգստյան գոտում իրականացվել են մաքրման աշխատանքներ․ «Իմ քայլը»

Սեպտեմբեր 19,2020 17:00

«Իմ քայլը» հիմնադրամը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ, Անկախության տոնին ընդառաջ` սեպտեմբերի 19-ին, Վանաձոր համայնքում` Վանաձոր գետի ափամերձ հանգստյան գոտում, «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի շրջանակներում իրականացրեց մաքրապատման միջոցառում:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, որոնք իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան մաքրման աշխատանքներում:

Միջոցառման կամավորներին ողջունեցին «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանն ու պարոն Շոմբի Շարփը՝ կարևորելով նրանց ակտիվ ներգրավվածությունը և մաղթելով բարձր տրամադրություն ու թիմային ոգի:
Մաքրման աշխատանքներին միացել էին նաև Հիմնադրամի աշխատակիցները, որոնք միջոցառման կամավորների հետ միասին մի քանի ժամվա ընթացքում մաքրեցին Վանաձոր գետի աղբախեղդ եղած 1,5 կմ ափամերձ տարածքը՝ բնության վերադարձնելով իր իրական տեսքն ու հմայքը: Մաքրապատման աշխատանքների արդյունքում հավաքվեց 450 պարկ (120 լիտրանոց) աղբ, որից 200 պարկ տեսակավորված աղբը (պլաստիկ թափոն) ուղարկվեց վերամշակման, իսկ մնացած աղբը տեղափոխվեց աղբավայր։

«Անկախության տոնի նախօրեին այս միջոցառումով ցանկանում ենք կարևորել ու ընդգծել մեր Հայրենիքի հանդեպ ամենօրյա սիրո, խնամքի ու հոգատարության անհրաժեշտությունը: Հայաստանն ու նրա ամեն մի անկյունը մեր տունն է, նրա մաքրությունն ու կոկիկությունը մեր պատիվն է: Այո՛, Հայրենիքը սիրելը նաև չնախատեսված վայրերում աղբ չթափելն է: Եկե՛ք ամրագրենք մի պարզ ճշմարտություն՝ աղբը չպետք է նետել բնության մեջ, այնտեղ այն տեղ չունի: Այսօրվա կամավորները մեր դեսպաններն են իրենց տանը, համայնքում, սա փոփոխությունների շղթա է, որ չպետք է ընդհատվի», – նշեց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

Մաքրապատման աշխատանքներն իրականացվեցին խաղ-մրցույթի ձևաչափով։ Թիմային աշխատանքը դարձավ այս միջոցառման հաջողության գրավականը, իսկ մասնակիցներն ստացան խրախուսական, պլաստիկի դեմ պայքարն ընդգծող, կիրառական նվերների փաթեթներ՝ կտորից պայուսակներ, ապակյա տարաներ, նոթատետրեր, պատկերագրքեր և այլն: Այս նվերները մասնակիցներին կհիշեցնեն իրենց արած գործի մասին ու կհուշեն նման աշխատանքներ պարբերաբար անելու անհրաժեշտության ու կարևորության մասին:

«Ակնկալում էինք համայնքի ներկայացուցիչների ակտիվ մասնակցություն: Պետք է նշեմ, որ անասելի ոգևորված ենք նման արձագանքից ու ակտիվությունից: Միջոցառման նպատակներից է ընդգծել, որ մենք ենք պատասխանատու մեր գոյացրած ու շրջակա միջավայր նետած աղբի համար և մենք ենք ձևավորում մաքուր միջավայրը: Հույս ունենք, որ նման միջոցառումների ընթացքում համայնքի երիտասարդները տեսնում ու համոզվում են, որ անձնական նախաձեռնությամբ կարող են զգալի փոփոխություն առաջացնել իրենց համայնքում: Միջոցառումը մասնակիցներին առնվազն տվեց գործնական փորձ` նմանատիպ նախագծեր այլ բնակավայրերում իրականացնելու համար», – նշեց «Իմ քայլը» հիմնադրամի բնապահպանական ծրագրերի համակարգող Դավիթ Շինդյանը:

Մաքրապատման աշխատանքներին հաջորդեց բնապահպանական թեմայով սեմինար: Միջոցառման ավարտին մաքրապատված միջավայրում մասնակիցները վայելեցին Վանաձորում հայտնի «Քլոքեր» ռոք խմբի կատարումները՝ լավատեսությամբ, որ իրենց արած աշխատանքը կգնահատվի ու կպահպանվի:
Տեղեկացնենք, որ Հիմնադրամը տևական ժամանակ է իրականացնում է «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագիրը, որի նպատակն է մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակները փոխարինել բազմակի օգտագործման տոպրակներով՝ հասարակության շրջանում իրականացնելով վարքագծային փոփոխություններ, որը կհանգեցնի պլաստիկի սպառման մշակույթի փոփոխության: Ծրագիրը ֆինանսավորում են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագիրը և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930