Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Գոյություն ունի հոգեւոր առանցք, որը չի կարելի ենթարկել ֆեյսբուքային կամ լայքային պրիմիտիվիզմի ազդեցությանը»

Սեպտեմբեր 19,2020 16:35

«Քաղաքական բանավեճի մակարդակը հասցվել է պլինտուսի մակարդակի: Բայց դա արվել է աստիճանաբար՝ 1998 թվականից հետո, երբ ամբողջությամբ աղճատեցին քաղաքական համակարգը, վերացրին ընտրությունները որպես ինստիտուտ, ամբողջ դեբատը, փաստորեն, վերցրեցին պետական իշխանության կողմից մանիպուլյացիայի դաշտ: Այդ պահից սկսած, բանավեճի մակարդակը գահավիժել է եւ այսօր հասել պլինտուսի մակարդակի: Եվ եթե գործող իշխանության կողմից չանցկացվեն քաղաքական համակարգի առողջացման ռեֆորմներ, դեբատի մակարդակը հենց գետնին էլ այդպես կմնա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Լեւոն Զուրաբյանը:

Հարցին, թե որքանո՞վ է ընդունելի, որ քաղաքական ուժերի լիդերները, բարձրաստիճան պաշտոնյաները եւ պատգամավորները խնդրո առարկա հարցերի շուրջ բովանդակային քննարկում կազմակերպելու փոխարեն մտնում են անձնական վիրավորանքների դաշտ, ընտանիքներ, կոմպրոմատ գտնելու համար խորը փորփրում են ընդդիմախոսի անցյալը, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ինչ-որ չափով կարելի է հասկանալ, որ սոցիալական ցանցերի ներթափանցումը մեր կյանք բերել է այդ մակարդակի իջեցմանը: Խնդիրն այն է, որ, գուցե, որոշ օբյեկտիվ գործոնների պատճառով այսօր ոչ թե մտածողները, կամ հոգեւոր հեղինակություններն են բարձրացնում հանրությանն իրենց մակարդակին, ինչպես առաջ էր, այլ այդ սոցիալական ցանցերի լայքային պրիմիտիվիզմը իջեցնում է հեղինակություններին դեպի իրենց դաշտ: Այդ խնդիրը կա: Ես ինչ-որ չափով տեսնում եմ դիմադրության հարց: Այնուամենայնիվ, մարդիկ պետք է հասկանան, որ գոյություն ունի հոգեւոր առանցք, որը չի կարել ենթարկել ֆեյսբուքային կամ լայքային պրիմիտիվիզմի ազդեցությանը: Մարդը միշտ պետք է հիշի՝ ինչ արժեքներ ունի, ինչ արժեքների համար է ապրում եւ թույլ չտա, որ այդ արժեքները կոռոզիայի ենթարկվեն»:

Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կասի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի մասին: «Կարծում եմ, որ առանձին նախարարների վարք եւ գիծը կամ գործունեությունը մեր նման կուսակցության մեկնաբանելու խնդիր չէ: Մենք մեր գնահատականները պայմանավորում ենք բացառապես իշխանության ընդհանուր գործունեությամբ եւ վարքագծով»,-պատասխանեց Լեւոն Զուրաբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930