«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հանրային քննարկում է կազմակերպել նախընտրական քարոզարշավների և կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության խնդիրների մասին։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը քննարկման ընթացքում նշեց, որ բիզնեսի և քաղաքականության տարանջատման և բիզնեսի ազդեցությունը կարգավորելու և սահմանափակելու տեսակետից Հայաստանում նախատեսում են, որ իրավաբանական անձինք հնարավորություն չունենան ֆինանսավորել կուսակցությունները․ «Դրա հետ զուգահեռ սահմանափակվում են ֆիզիկական անձանց ֆինանսավորման սահմանաչափերը և հստակեցվում են։ Օրինակ՝ նախկինում գործող մեկ մարդու 10 միլիոնի փոխարեն, մենք քառապատիկ նվազեցնում ենք դա՝ հաշվարկ ունենալով, որ միջին աշխատավարձի մոտավորապես հաշվարկով, եթե քաղաքացին միջին աշխատավարձի չափով անգամ իր համակրած կուսակցությանը կամ կուսակցություններին աջակցի, դա է սահմանաչափը, որպեսզի առանձին հարուստ մարդկանցից կախված չլինի կուսակցությունը»։
Նա կարևորում է այն, որ ամրապնդվելու է կուսակցությունների հայտարարագրման մեխանիզմը և հստակեցվում է պատժամիջոցների շրջանակը․ «Անկանխիկ շրջանառության հետ կապված կարգավորումը, կարծում եմ, թափանցիկության համար շատ կարևոր է, որովհետև և՛ մուտքերի, և՛ ելքերի առումով կուսակցությունները իրենց ֆինանսական շրջնառությունները պետք է անկանխիկ իրականացնեն։ Իրականացման տեսակետից ինստիտուցիոնալ առումով էլ լուծումներ են նախատեսվում, որովհետև դա նախևառաջ դիտարկվում է որպես հակակոռուպցիոն կարևոր փոփոխություն։ Հենց կուսակցությունների ֆինանսավորման հետ կապված վերահսկողությունը մտադրված ենք տեղափոխել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ