«Առաջին լրատվական»-ը արտահանման ոլորտում առկա հին ու նոր խնդիրների մասին զրուցել է Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանի հետ։
– Պարոն Մխչյան, COVID-19-ը ի՞նչ նոր խնդիրներ է առաջացրել մեր երկրի արտահանող ընկերությունների համար։
– Նախ ասեմ, որ COVID-19-ը այդքան շատ չի ազդում մեր հայկական արտահանման վրա, ինչքան ռուսական Լարս անցակետի բյուրոկրատիան։ Այսօր ինքս առնչվում եմ մի խնդրի հետ, որը շատ անհասկանալի է ինձ համար։ Երբ մենք ԵԱՏՄ միության մաս կազմեցինք, ըստ ԵԱՏՄ օրենսդրության՝ պետք է բոլոր անդամ երկրների սերտիֆիկատները որոշակի գործընթացներից հետո հավասարազոր լինեին։ Այդ հավասարազորության պայմաններում մենք պետք է խնդիրներ չունենայինք։ Մեր խնդիրը հիմա այն է, որ մեր հայկական կառույցներից տրված սերտիֆիկատները, նամանավանդ ֆիտոսերտիֆիկատը, առոչինչ է Լարսի սահմանի համար։ Հավելյալ գումարներ են ուզում, այնքան մեծ գումարներ, որ նույնիսկ բեռնափոխադրման արժեքի որոշակի տոկոսն է կազմում։ Մեզ համար մեծ դժվարություններ են առաջացնում։ Սա ամենամեծ խնդիրն է։ Այսօր՝ մեր հայկական գյուղմթերքի արտահանման ամենաբուռն սեզոնին, մեզ այսպես չարչարում են։ Սա միշտ եղել է, նոր չէ ու շարունակվում է։ Կարծում եմ՝ մեր պետական մարմինները այլևս պետք է իրենց տեղից շարժվեն ու փորձեն լուծել այս խնդիրը։
– Նշեցիք, որ հայկական գյուղմթերքի արտահանման ամենաբուռն սեզոնն է։ Հիմնական շուկան Ռուսաստանն է։ Այնտեղ իրացման ի՞նչ խնդիրներ ունենք։
Կարդացեք նաև
– Մենք իրացման շատ բարդ խնդիր ունենք, որի ականատեսը եղանք վերջին մի քանի ամսում տավուշյան դեպքերից հետո։ Ռուսաստանի մայրաքաղաքում մեզ դուրս շպրտեցին ադրբեջանական շուկաներից։ Սա մեզ համար ազդակ պետք է լիներ։ Բայց, ցավոք սրտի, մինչև հիմա մեր հայ արտահանողներից ոմանք տարբեր քողարկված համարներով փորձում են մտնել ադրբեջանական շուկա ու ապրանք իրացնել։ Ես այս մարդկանց չեմ մեղադրում։ Ես մեղադրում եմ մեր պետական մարմիններին, որ այսօր իրենք ճիշտ արձագանք չեն տալիս ու ՌԴ մայրաքաղաքում չեն ստեղծում մի հարթակ, որտեղ կարելի է մեր հայկական ապրանքները իրացնել։
– Պարոն Մխչյան, այսինքն՝ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ մեր արտահանողները ֆինանսական խնդիրներ չունե՞ն։
– Վերջին ժամանակաշրջանում մեր արտահանումը ընդհանուր առմամբ նվազել է, բայց առանձին արտահանումները վերցրած, մենք անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, 16-17 տոկոս աճ ունենք հանքահումքային արտադրանքների արտահանման տեսանկյունից։ Իրավիճակը մի քիչ անհասկանալի է, որ կարող է գյուղմթերքի, մնացած ապրանքների թիվը նվազել, բայց հանքահումքային ապրանքները աճել են։ Դա կովիդով է պայմանավորված, թե ոչ, չեմ կարող ասել։ Իսկ մեր մշտական մնայուն խնդիրները նույնն են, չեն փոխվում։ Մեր գլխավոր խնդիրը Լարս անցակետն է։
Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում