Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իսրայել Հակոբկոխյան. Մի հոգու հրաժարականը ցանկանալով՝ հարց չի լուծվելու, պիտի վարչապետն իր շքախմբով հրաժարական տա. «Հրապարակ»

Սեպտեմբեր 19,2020 12:17

Նախկին բռնցքամարտիկ, մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանին հանդիպեցինք սպորտդպրոցում՝ մարզումների ժամանակ։ Նախ հետաքրքրվեցինք, թե ինչպես է առողջությունը՝ հացադուլից դուրս գալուց հետո։ Հիշեցնենք, որ Հակոբկոխյանն ընդդեմ Ստամբուլյան եւ Լանզարոտեի կոնվենցիաների, կրթական նոր չափորոշիչների, եկեղեցու դեմ պայքարի հացադուլ էր արել։ «Իմ առողջությունը հիանալի եւ աննման է, մտահոգված մարդկանց էլ ուզում եմ ասեմ, որ եկել եմ ու պարապմունքներին մասնակցում եմ, ուրեմն ամեն ինչ նորմալ է»,- պատասխանեց Հակոբկոխյանը։

– Այն պահանջների վերաբերյալ, որոնք Դուք առաջ էիք քաշել հացադուլով, իշխանությունն իր դիրքորոշումը չի փոխել։ Ձեր պայքարը շարունակվո՞ւմ է։

– Իմ ցանկությունը նաեւ այն էր, որ բոլոր այդ կուսակցական լիդերները հավաքվեին։ Չկարողացա, որովհետեւ, ինչպես հասկացա, ով գալիս էր մոտս, զգում էի, որ ամեն մեկը վերմակն իր կողմն է ձգում։ Հիմա տեսնում եմ, որ առանձին-առանձին մարդիկ հավաքվում են, որոշում են, որ պետք է դրա դեմ պայքարել, ես անպայման հնարավորություններիս ներածի չափով, երբ, օրինակ, պարապմունքի չեմ, անպայման մասնակցում եմ այդ ցույցերին։ Բայց ես կարծում եմ, որ մի հոգու հրաժարականը ցանկանալով՝ հարց չի լուծվելու, պիտի վարչապետն իր շքախմբով հրաժարական տա։ Ինքն ասո՞ւմ է՝ ժողովուրդն է ինձ ընտրել, ապա ես մեկուկես տարի առաջ եմ առաջարկել, որ եթե ինքը մտածում է, որ իրեն էլի կընտրեն, ուրեմն թող գոնե մի հատ վստահության հանրաքվե անի ու կտեսնի, որ իրեն էլ ընտրող չի լինելու, բացի նրանցից, որոնք էսօր պատգամավոր են եւ որոնք աթոռների վրա նստած են։

– Ամիսներ առաջ Դուք շատ խիստ քննադատեցիք Արսեն Ջուլֆալակյանին՝ կապված Ռոման Ամոյանի ծեծի միջադեպի հետ, Ջուլֆալակյանը որոշել է մանդատը վայր դնել եւ հայտարարել է, որ համամիտ չէ Արայիկ Հարությունյանի հետ։ Դուք ի՞նչ գնահատական կտաք նրա այս որոշմանը։

– Արսեն Ջուլֆալակյանը հանճարեղ մարզիկ է, մեր ազգին բացի լավ ձեւից, ուրիշ ձեւով չի ներկայացրել, ես իրավունք էլ չունեմ իրեն քննադատելու, ուղղակի ես վիրավորված էի, որ Ամոյանը, լինելով Հայաստանի դրոշը բարձրացրած տղա, իր հետ այդպես վերաբերվեցին, ու ես իմ բողոքի ձայնը բարձրացրի։ Ջուլֆալակյանն ու Ամոյանը մի գորգում իրար հետ քրտնել են, նեղ օրեր են անցկացրել։ Դա իր գործն էր՝ ինքն էդտեղ պիտի՞ խառնվեր, թե՞ չպիտի խառնվեր, բայց որ Ջուլֆալակյանը եղել է մեր ազգի դրոշակակիրներից ու այսօր էլ․․․ Չեմ իմանում՝ ոնց է որոշել, որ «Իմ քայլի» հետ է գնացել Ազգային ժողով․․․ հետո երեւի մտածեց, որ էդ քայլողներն էդքան էլ արժանիքներ չունեն, որ իրենց հետ լիներ ինքը, հիմա դուրս է գալիս։ Այդ հարցերին ավելի լավ է ինքը պատասխանի, որովհետեւ ես իր տեղը չեմ կարող։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930