Տավուշ բերդը կրկին հայտնվել է հնագետների ուշադրության կենտրոնում: Բերդի տարածքում վերսկսված պեղումները պատմական բազմաթիվ նոր արժեքներ են ի հայտ բերում, որոնք կարող են լույս սփռել հայոց պատմության անցյալի վրա, տալ շատ ու շատ հարցերի պատասխաններ:
Պեղումներն իրականացնող խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Հարություն Բադալյանը տեղեկացրեց, որ այս փուլում պեղումները կատարվում են Տավուշ բերդի ստորին հատվածում գտնվող 10 դար առաջ կառուցված եկեղեցում եւ հարակից տարածքում: «1980-ական թվականների կեսերին այստեղ պեղումներ եղել են: Հիմա մենք վերստին սկսել ենք: Ներկայումս մաքրման աշխատանքներ ենք իրականացնում: 1988 թվականին այստեղ հայտնաբերվել է եկեղեցու հետ կապված մի հնգատող շատ կարեւոր արձանագրությոուն, որում գրված է, որ եկեղեցին կառուցվել է 1019 թվականին եւ կրում է Սուրբ Աստվածածին անունը: Ըստ արձանագրության, այն ավերվել է Գանձակի մեծ երկրաշարժի ժամանակ: Ցավոք, վկայություն չունենք, թե ով է կառուցել այս հիասքանչ եկեղեցին, սակայն հայտնի է, թե ով է այն վերականգնել երկրաշարժից հետո: Այդ մարդը Աբբասն է, որը եղել է Տաշիր-Ձորագետի թագավոր Կյուրիկեի որդին: Այս մասին նշված է հնգատող արձանագրությունում»:
Հարություն Բադալյանը նաեւ տեղեկացրեց, որ գտնվել են հիմնականում կենցաղային նշանակության բազմաթիվ խեցեղեններ եւ որ բերդը ունեցել է կայուն ջրամատակարարում: «Հիմա մեր գտնվելու վայրից մոտ 200 մետր հեռավորությամբ մի աղբյուր կա, որի մոտ պահպանվել են կավե խողովակներ: Վարկած կա, որ այդտեղից ջուր է մատակարարվել բերդ»,- ասաց հնագետը:
Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ Հարություն Բադալյանն ասաց, որ եկեղեցու շրջակայքում մաքրման աշխատանքներն ավարտելուց հետո պեղումները կշարունակեն բարձունքի գագաթին՝ միջնաբերդում, որի զբաղեցրած մոտ 500 քմ տարածքից շուրջ 300 քմ-ն հավանաբար եղել է բնակելի:
«Մենք ակնկալում ենք այնտեղ հայտնաբերել տարբեր շինություններ, պալատի մասեր: Հովհաննես Դրասխանակերտցուց հայտնի է, որ երբ այս տարածաշրջանի կառավարիչ Ցլիկ Ամրամը ապստամբել է Աշոտ Երկաթ թագավորի դեմ, նրան պատժելու նպատակով Աշոտ Երկաթը իր զորքով եկել է այստեղ: Սակայն Ցլիկ Ամրամը իր ընտանիքով ամրացել է Տավուշ բերդում, եւ թագավորին չի հաջողվել վերջնականապեես պատժել Ցլիկ Ամրամին: Ըստ էության, Աշոտ Երկաթը այստեղ պարտություն է կրել»,-պատմեց Հարություն Բադալյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ