Հանկարծակի աշխարհին պատուհասած ճգնաժամը իր հետքը թողեց ամենուր, որից անմասն չմնաց նաև մշակութային աշխարհը: Ամիսներ շարունակ չէին գործում թատրոնները, կինոթատրոնները, չէին նկարահանվում ֆիլմեր, տեսահոլովակներ, թոք շոուներ և այլն: Ինչպիսի խնդիրների առաջ կանգնեցրեց կորոնավիրուսը մշակույթի գործիչներին, ինչպես են նրանք փորձում հաղթահարել այդ խնդիրները. այս և այլ հարցերի՝ դերասան դառնալու ընտրությունից մինչև ամուսնություն, բարեգործական ծրագրերի և առաջիկայում սպասվող նորությունների մասին զրուցել ենք դերասան, հումորիստ, շոումեն Ռաֆայել Երանոսյանի հետ:
– Ռաֆայել, թերևս մեր զրույցը սկսենք նրանով, թե ինչպե՞ս եղավ, որ դարձար դերասան: ժառանգակա՞ն են հատկանիշները:
– Ես ծնվել և մեծացել եմ հողագործությամբ զբաղվող սովորական գյուղական ընտանիքում: Ոչ հարազատ հորեղբայրներիցս մեկը եղել է կինոռեժիսոր, որը մի կարճ ժամանակահատված աշխատել է «Հայֆիլմում», բայց չեմ կարծում, թե սա կարելի է համարել, որ ժառանգական է: Ընտանիքումս, մեր ազգում չեն եղել մարդիկ, որոնք զբաղվել են բուն դերասանական արվեստով: Դերասանին բնորոշ հատկանիշները, տաղանդը դեռ վաղ տարիքից են նկատվել մոտս. փոքր հասակում ձեռքս էի վերցնում ավելը, կանգնում աթոռին ու նվագում, նմանակումներ անում: Տարիների ընթացքում այս ամենը ձգվեց, աճեց, ու դարձա դերասան:
– Եթե չդառնայիր դերասան, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիր:
Կարդացեք նաև
– Անկեղծ ասած՝ ես ինձ որևէ այլ տեղ չեմ պատկերացնում: Օրինակ՝ երբեք չեմ կարող զբաղվել բժշկությամբ, որովհետև շատ եմ վախենում արյունից: Ես անգամ առաջին օգնություն չեմ կարող ցույց տալ, ուր մնաց՝ մարդ վիրահատեմ: Շինարար էլ չէի կարող լինել, որովհետև ես սովորական վարդակ անգամ չեմ կարողանում նորոգել, բացի այդ, հոսանքից էլ եմ շատ վախենում: Միակ բանը, որ փոքր-ինչ հնարավոր էր, կարող էի դառնալ ոսկերիչ, թեպետ գուցե քանդակագործ էլ կարողանայի լինել: Երևակայությունս շատ ուժեղ է:
– Որոշ ժամանակ առաջ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը գրառում արեց, որով տեղեկացնում էր, որ 5000 դոլար գումար ես նվիրաբերել «Նորք» ինֆեկցիոն կլինիկային՝ վերանորոգման համար: Գրառման մեջ նա չակերտներում նշել էր, որ քո նշանդրեքի համար նախատեսված գումարից ես հատկացրել: Իսկապե՞ս հենց այդ գումարից էր, թե՞ հումոր էր:
– Երբ «Յութուբով» և «Ինստագրամով» «Սիրո խոստովանություն» նախագիծն էինք անում, ընկերոջս հետ որոշեցինք ինչ-որ թեմա առաջարկել, ի դեպ, սա աշխարհում ընդունված բան է. երբ բլոգերը թեմա է առաջարկում, և գումար են փոխանցում, մենք էլ որոշեցինք, որ «նշանդրեքիս» համար այդ գումարը հատկացնեն: Իհարկե, սկզբում մտածում էինք, որ մեկ ամսվա ընթացքում 200-300 դոլար հազիվ թե փոխանցեն, որն էլ նախագծի ծախսերի համար կօգտագործենք: Առաջին օրը, երբ լայվը վերջացավ, ընկերս ասաց, որ 900 դոլար գումար է հավաքվել: Սկզբում, իհարկե, ես էլ չհավատացի, բայց իրոք փոխանցել էին այդքան: 10 օրվա ընթացքում 3500 դոլարի չափով մեզ գումար փոխանցեցին, և այդպես շարունակ: Դա արդեն պատասխանատվություն էր, և ես չէի կարող այդ գումարը ծախսել: Ոչ միայն «Նորք» ինֆեկցիոնին ենք այդ գումարից հատկացրել, այլև չորս ամսվա ընթացքում 6000 դոլար էլ նվիրաբերել ենք «Երբ բոլորը հավասար են» աուտիզմ ունեցող երեխաներով զբաղվող կենտրոնին: Քաղաքապետարանի հետ համատեղ մոտ 80 հատ օրթոպեդիկ ներքնակներ ենք տրամադրել «Նորքի տուն-ինտերնատին» և 30 ներքնակ էլ՝ միայնակ ծերերին, որոնք ունեին դրա կարիքը, գրեթե 1000 դոլարի էլ՝ տակդիրներ մեծահասակներին: 500 դոլար էլ հատկացրել ենք մի զորամասի՝ զինվորների կառուցած մատուռի գմբեթի ավարտման համար: Հիմա քանի որ այլևս լայվեր չենք անում, գումարներ չեն փոխանցում, բայց կան մարդիկ, որոնց հետ ես ծանոթացել եմ, և ամսվա կտրվածքով ինչ-որ չափով էլի գումար են փոխանցում, ես էլ դրա վրա իմ հնարավորության չափով ավելացնում եմ և նվիրաբերում մանկատներին, ծերանոցներին:
– Առանցքային ինչպիսի՞ խնդիրներ կան այսօր ձեր ոլորտում:
– Խնդիրներ իսկապես կան, և ես դրանք տեսնում եմ: Հիմա հեծանիվ չեմ հայտնագործի, որ ասեմ, այո՛, մշակույթը մեր զենքն է: Բանակից հետո մենք պետք է ունենանք ամուր, գեղեցիկ մշակույթ, բայց, ցավոք, այսօր մատների արանքով են նայում մեր մշակույթին, թատրոնի դերասանին, նկարչին, երաժշտին, քանդակագործին: Մի փոքր ուշադրության դեպքում անգամ թատրոնի դերասանն իրեն գնահատված, պարտավորված է զգում, խոսքը ոչ միայն ֆինանսական ուշադրության մասին է, այլ առհասարակ վերաբերմունքի: Այսօր թատրոնի դերասանի աշխատավարձը ամոթալի ցածր է, և դրա համար այդ դերասանը ներկայացումից հետո գնում է և մատուցող աշխատում այն մարդու մոտ, որը մեկ ժամ առաջ նստած այդ դերասանի խաղն էր նայում, ծափահարում նրան: Գոնե դերասանին այնքան վարձատրեն, որ նա ստիպված մատուցող չաշխատի: Մեր դահլիճները լեփ-լեցուն են, այսօր կա թատրոնի պահանջարկ, բայց լավ ներկայացում բեմադրելու համար պետք են ֆինանսական միջոցներ: Գրեթե 4 ամիս իմ գործընկերներից շատերը ոչ մի տեղ չեն աշխատել, այս ընթացքում գոնե մեկ անգամ կարելի էր հանդիպել այդ մարդկանց: Պետական աջակցություն է հարկավոր թատրոններին, որպեսզի հնարավոր լինի հանդիսատեսին մատուցել որակյալ ներկայացումներ:
Գագիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում