Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Բադասյանը իր այս չմտածված կամ միգուցե նաև լավ պլանավորած քայլով տպավորություն է ստեղծում, որ կոռուպցիոն սխեմա է բացահայտել»․ Ազգային արխիվի ավագ գիտաշխատողը՝ վարչապետին

Սեպտեմբեր 19,2020 11:20

Հայաստանի ազգային արխիվի ավագ գիտաշխատող Ալինա Աբրահամյանը բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին` անդրադառնալով արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի անվան շուրջ վերջին օրերի աղմկահարույց իրադարձություններին:

«Հարգելի պարոն վարչապետ, շուրջ 24 տարի է՝ աշխատում եմ Հայաստանի ազգային արխիվում և հպարտ եմ, որ ներկայացնում եմ հենց Ազգային արխիվը, դա մեծ պատիվ է ինձ համար: Ցավով արձանագրում եմ, որ 2018թ. հեղափոխությունից հետո մեր հիմնարկը, որպես թիրախ, սկսեց հանիրավի քարկոծվել, իբր մենք փաստաթղթեր ենք ոչնչացնում, նպատակային թաքցնում ենք, որ ուսումնասիրողի ձեռքը չընկնի, վաճառում եք:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն, դատախազությունը, ՊԵԿ-ը սկսեցին ստուգումներ մեր հիմնարկում, սակայն պարզվեց, որ այն լուրերը, որոնք տարածվել էին ազգային արխիվի շուրջ, կեղծ էին և բոլոր քրեական գործերը կարճվեցին հանցակազմի բացակայության պատճառով:

Կարծեցինք, որ արդեն ամեն բան ընկել է իր տեղը և կարելի է շարունակել հանգիստ աշխատել ու օգտակար լինել մեր ժողովրդին, մեր պետությանը: Սակայն ոչ: ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը այդ անդորրը որոշեց ի չիք դարձնել: Եվ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին վերջնագիր ներկայացրեց. եթե դիմում չգրես, ապա քրեական գործ կհարուցեմ քեզ վրա և գործից կհեռացնեմ:

Ա. Վիրաբյանը վստահ լինելով, որ ինքը ոչ մի ապօրինի արարք թույլ չի տվել, հրաժարվեց դիմում գրել: Եվ սկսվեց ֆեսբուքյան կեղծ էջերից գրոհները արխիվի դեմ՝ դիպչելով անգամ աշխատակիցների բարոյական կողմին: Պարոն Բադասյանը իրեն օրենքից ավելի բարձր դասեց և ապօրինի հրամանով հեռացրեց Ա. Վիրաբյանին՝ դադարեցնելով նրա լիազորությունները:

Ինչու եմ համոզված գրում, քանի որ հեռացման հիմքում դրված է ՀՀ կառավարության 2019թ. ապրիլի 11-ի N379 որոշման կատարումը: Այսինքն ՀՀ կառավարությունը Ձեր ղեկավարությամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, որի նախարարն էր Սուրեն Պապիկյանը, տրամադրում է 800 միլիոն դրամ, որը փոխանցվում է Հայաստանի ազգային արխիվի հաշվին, որպես 2014-2017թթ.կուտակված հարկային պարտավորություն, այսինքն այդ թվականներին արխիվին պետական բյուջեով հատկացված սուբսիդիաների և դրամաշնորհների մասով ավելացված արժեքի հարկն է, որը նախկին իշխանությունների կողմից չէր տրամադրվել ոչ մի ՊՈԱԿ-ի:

Ձեր կառավարությունը տրամադրում է այդ 800 միլիոնը: Ընդամենը հինգ րոպե անց այդ գումարը ազգային արխիվը հետ է վերադարձնում ՀՀ պետական բյուջե: Քանի որ այդ գումարը կուտակված այն պարտքն էր, որը նախատեսված էր 2014-2018թթ. և բյուջեով չէր տրվել Ազգային արխիվին: Պարզվում է մեր հիմնարկին պատժում են ՀՀ կառավարության որոշումը պատշաճ կատարելու համար:

Հարգելի պարոն վարչապետ, այս ամենը ինչ ես ներկայացնում եմ, արձանագրված է և ՊԵԿ-ում, և Ֆիննախում, և Ազգային արխիվում: Երբ բարձրաձայնվեց այս ամենը, պարոն նախարարը անցավ ավելի կոշտ քայլերի: Այն է` մեզ մեղադրեց շահութահարկ չվճարելու մեջ: Այս անգամ էլ հիմնարկի գլխավոր հաշվապահը փաստերով խոսեց և այդ փաստերի պատճենները բաժանեց լրագրողներին, որպեսզի համոզիչ լինի մեր անմեղությունը:

Այս ամենից հետո պարոն Բադասյանը նորից հարկ չհամարեց հանդիպել ոչ տնօրենի, ոչ արխիվի անձնակազմի հետ: Մինչև այս ապօրինի հրամանը, պարոն Բադասյանը մեկ այլ ապօրինի հրամանով աշխատանքից ազատում է ՀՀ Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ Կարեն Խտրյանին, ով քաղծառայող է, ում իրավունք չուներ ազատելու: Այնուհետև պարտադրում է Ա. Վիրաբյանին փոխտնօրենի նոր հաստիք բացել արխիվում, իսկ մենք ունենք մեկ փոխտնօրեն, երկրորդն արդեն ավելորդ էր: Կարեն Խտրյանին, իր լուռ համաձայնությամբ նշանակում են մեզ մոտ փոխտնօրեն:

Պարոն վարչապետ, Ռուստամ Բադասյանի այս քայլերից հետո ինձ մոտ հիմնավոր կասկածներ են ի հայտ եկել, որ նա աշխատում է Ձեր դեմ` կասկածի տակ դնելով ՀՀ կառավարության վերը նշված որոշումը: Կամ պարոն Բադասյանը ինչ-որ պատվեր է կատարում, որ որքան կարող է հեղինակազրկի Ձեզ, որ Դուք անկարող եք օբյեկտիվ որոշումներ կայացնել կամ նրա մեջ խոսում է խանդը, ցանկանալով այս քայլով հեղինակազրկել Սուրեն Պապիկյանին, քանի որ նրա ռեյտինգն ամենաբարձրն է որպես նախարար:

Ինչու եմ նշում Սուրեն Պապիկյանին, քանի որ նախկինում Սուրեն Պապիկյանի ղեկավարած նախարարության ենթակայության տակ էր գտնվում Հայաստանի ազգային արխիվը, և նրա զեկուցագրի հիման վրա է հատկացվել այդ գումարը Ազգային արխիվին, որը լրիվ տեղավորվում է օրենքի շրջանակներում:

Դուք՝ որպես վարչապետ, ամեն պատեհ առիթ օգտագործում եք, որպեսզի Ձեր օրինակով ցույց տաք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Սակայն պարոն Բադասյանը լինելով իրավաբան, իրեն օրենքից բարձր է դասում, խախտելով անմեղության կանխավարկածը: Եվ միանգամից դատավճիռ է կայացնում, չհասկանալով, որ քանի դատարանում ապացուցված չէ մարդու մեղքը, այդ մարդն անմեղ է: Պարոն Բադասյանը իր այս չմտածված կամ միգուցե նաև լավ պլանավորած քայլով տպավորություն է ստեղծում, որ կոռուպցիոն սխեմա է բացահայտել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930