Լրահոս
Օրվա լրահոսը

Գրողը եւ մտաւորականը հրահանգ եւ հրաւէր պիտի չսպասեն ըստ իրենց խիղճին խօսելու համար․ «Հայրենիք»

Սեպտեմբեր 19,2020 10:45

Հայաստանի Telegram կայքին վրայ կարդացի Հռիփսիմէ Ջեբէջեանի ցոյցի մը թղթակցութիւնը: Կը խօսի դերասան Արտաշէս Ալեքսանեանի ելոյթի մասին, 7 սեպտեմբեր 2020ին: Ցոյցը՝ «Կամք» շարժման կազմակերպած հանրահաւաքն է, «երթ եւ բողոքի ցոյց», «պահանջում էին ԿԳՄՍՆի, (Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարար) Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը»: Ի դէպ, մինչեւ ե՞րբ սպորտ եւ ոչ մարմնամարզութիւն:

«Վաստակաւոր արտիստ, դերասան Արտաշէս Ալեքսանեան»ի խօսքը, այնպէս ինչպէս գրուած է թղթակցութեան մէջ, թեթեւ յապաւումներով կ’արտագրեմ:

«Երկար ու ձիգ տարիներ, դարեր շարունակ մեր ազգին տարել են դէպի ոչնչացում, հայրենիքը հիմնայատակ կործանման, իսկ պետութիւնը՝ ի սպառ ոչնչացման: …Ասեմ ինչ են անում՝ հռչակագիր են խախտում, Արցախի խնդիր են վաճառում, արժեհամակարգ ոչնչացնում, սերունդների ապագան ու հաւատը գողանում, եկեղեցին ոտնահարում, հերոսներին արժեզրկում, արտաքին յարաբերութիւններ վատթարացնում, երկրի ընդերք են վաճառում, վկայ՝ Ամուլսարը … Աւանդական ընտանիքներ են արժեզրկում, օրէնքով բիւջէ են թալանում, գիւղացուն անտեսում, հասարակութիւնը պառակտում, գործազրկութիւնն աւելացնում, կոնվենցիաներ ընդունում, արտագաղթն աւելացնում: …Եւ այս յեղափոխութի՞ւնն էր աւելի կարեւոր, քան արցախեան ազատամարտը, որտեղ զոհուեցին մեր հայրերն ու եղբայրները, մարտիրոսուեցին ու սրբացան մեր մայրերն ու քոյրերը: Նրանք զոհուեցին յանուն ոչնչի՞: Ովքեր որ յանձն վերցրեցին հային տանել դէպի ոչնչացում, ես ասում եմ նրանց՝ դուք իրաւունք չունէք մարդ կոչուելու, մենք էլ իրաւունք չունենք ձեզ երկիր տալու: …Այս պայքարը, այս ուղին նոր Մայիսի 28-ի ուղին է»:

Ամբաստանագի՞ր, զրպարտագի՞ր… Այսքան լուտանքներ լսող քաղաքացին ի՞նչ պիտի ուզէ ընել. յեղափոխութի՞ւն եւ յեղափոխական դատարաննե՞ր, ֆրանսական կիյոթի՞նը պիտի բերէ Օփերայի հրապարակ, կամ փէշերը հաւաքէ, առնէ կին ու երեխայ, դառնայ գաղթական, Միջերկրական ծովուն վրայ յածող միկրաններուն (migrants) պէս, հասնի Լեսպոս կամ Լամբետուզա, կամ նման կայքեր:

Այս ըսուածները երեւակայական աղէտի մը գրական հնարանքնե՞ր են, ճի՞շդ են, իրականութի՞ւն են:

Հայաստան ունի դատարաններ, Ազգային Ժողով, Անվտանգութեան Ծառայութիւն, Նախագահ, վարչապետ, նախարարներ, մամուլ: Ըսուածները անհիմն լուտանքնե՞ր են, պետական համակարգը զրպարտո՞ղ, թէ՞ հիմնաւոր են: Երկու պարագաներուն ալ դատարան պէտք է երթալ: Օրինակ, նախագահը պէտք է պահանջէ դատարանէն հարցը քննել, պատասխանատուութիւնները ճշդել եւ վճռել: Շարքային քաղաքացին չի կրնար իր ձայնը լսելի դարձնել, կը կրէ ըսուածին լախտի հարուածը, կրնայ տրտնջալ, եւ հոն կը մնայ:

Հոս կը սկսի ժողովուրդի մը բարոյական հեղինակութիւնը կրողներուն պարտականութիւնը, աշխարհիկ թէ հոգեւոր: Այսինքն՝ համագումար՝ հոգեմտաւոր իշխանութիւնը պէտք է ոտքի կանգնի, հակազդէ, դարմանելու համար ախտավարակ կացութիւնը:

Մտաւորականութիւնը ունի չլռելու պարտաւորութիւն, ի դէմս ազգին եւ պատմութեան:

Ըսուած խօսքը բազմաշերտ ամբաստանագիր է, կամ՝ զրպարտագիր: Ի՞նչ բանի համար են Սահմանադրութիւն եւ դատարաններ, եթէ չճշդեն, որ տասնըհինգ կէտերով եղած հաստատումները հիմնաւոր ամբաստանութի՞ւն են, թէ՞ անհիմն ու չարամիտ զրպարտութիւն, մանաւանդ՝ չվճռեն: Հայաստանի, ինչո՞ւ ոչ նաեւ բազմագոյն սփիւռք(ներ)ի իրենց կոչումին արժանի գրողներ եւ մտաւորականներ, որպէս ազգին կողմէ լիազօրուած խիղճ, պիտի չզօրակցին ամբաստանողներուն եւ ամբաստանութիւններուն, եթէ անոնք ճշմարիտ են, կամ պիտի չծառանան զրպարութիւններու եւ զրպարտողներու դէմ՝ յանուն ճշմարիտին եւ արդարին:

Գրողը եւ մտաւորականը հրահանգ եւ հրաւէր պիտի չսպասեն ըստ իրենց խիղճին խօսելու համար:

 

Յ. ՊԱԼԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայրենիք» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930