Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պետական պարտքն այս իշխանությունը երկու տարվա ընթացքում ավելացրել է ավելի քան 1,3 մլրդ դոլարով․ «Ազգ»

Սեպտեմբեր 19,2020 10:40

Բոլորս դեռ հիշում ենք վարչապետ Փաշինյանի հիացմունքը, որով նա խոսում էր կորոնավիրուսի ընձեռած` տնտեսական հեղափոխություն իրականացնելու հնարավորության եւ Հայաստանից արտահանումը 30 մլրդ դոլարի հասցնելու մասին: Հիմա նա ձգտում է մոռանալ իր այդ հայտարարությունը, քանի որ, ինչպես եւ սպասելի էր, տնտեսական անկումը Հայաստանում խորանում է, արտահանումն ու բյուջեի հարկային եկամուտները նվազում, իսկ փոխարենը` արտաքին պարտքը արագ տեմպերով աճում: Այժմ ավելի հանգամանորեն այս մասին:

Փաստացի, ՀՀ պետական պարտքն ընդհուպ մոտեցել է 8 մլրդ դոլարի, իսկ արտաքին պարտքն անցել 6 մլրդ դոլարի սահմանը: Վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն, այս տարվա հուլիսի 31-ի դրությամբ Հայաստանի ընդհանուր պարտքը կազմել է 7 մլրդ 939 մլն դոլար, որից արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 55 մլն դոլար: Այսինքն, միայն մեկ ամսվա ընթացքում ընդհանուր պետական պարտքն ավելացել է 220 մլն դոլարով, որից արտաքին պարտքը` 73 մլն դոլարով, իսկ ներքին պարտքը` 147 մլն դոլարով: Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին էր ֆինանսների նախարարը հայտարարել մեր պարտքը 490 մլն դոլարով այս տարվա ընթացքում ավելացնելու մասին: Մինչդեռ ընդամենը մեկ ամսում ավելացել է 220 մլն դոլարով: Ենթադրելի է, որ մինչեւ տարեվերջ պարտքի ավելացման ցուցանիշը էապես գերազանցելու է նախատեսված 490 մլն դոլարը:

Այժմ տեսնենք, թե որքա՞ն է ավելացել պետական պարտքը «հեղափոխական» իշխանության օրոք: Այն իշխանության, որի ղեկավարը նախկինում կտրուկ դեմ էր արտաքին պարտքի ավելացմանը, առանց որեւէ բարոյական սահմանափակումների շահարկում էր այդ թեման, իշխանության գալուց հետո էլ հայտարարում էր, որ վարելու են արտաքին պարտքի նվազեցման քաղաքականություն, իսկ հիմա անշեղորեն ավելացնում է այն:

Այսպիսով, 2018 թ. հունիսի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել էր 6 մլրդ 704 մլն դոլար, որից միայն արտաքին պարտքը`5 մլրդ 449 մլն դոլար: Այս ցուցանիշները համադրենք այս պահի դրությամբ արձանագրված, վերեւում նշված 7 մլրդ 939 մլն դոլար պետական պարտքի եւ 6 մլրդ 55 մլն դոլար արտաքին պարտքի հետ: Կստացվի, որ ՀՀ պետական պարտքը, այս իշխանությունը երկու տարվա ընթացքում ավելացրել է ավելի քան 1,3 մլրդ դոլարով, որից միայն արտաքին պարտքը` ավելի քան 600 մլն դոլարով:

Մանուկ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930