Մինչ ֆեյսբուքահայությունը զվարճանում էր գորիսեցի երիտասարդի եւ դիմակը ճիշտ չկրելու համար նրան տուգանող ոստիկանի միջեւ ընթացող խի՜ստ սկզբունքային բանավեճով՝ թե ընկույզը սննդեղե՞ն է, թե՞ հատապտուղ, Հայաստանում շատ քչերն էին հետեւում, թե իրականում ի՛նչ է տեղի ունենում ԵԱՏՄ-ում մեզ անդամակից Բելառուսում, բացառությամբ թերեւս հեռուստատեսային այն կադրերից, որտեղ երեւում են Մինսկի կենտրոնական հրապարակում բազմամբոխ հանրահավաքի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ դաժան բախումները, հարյուրավոր ցուցարարների ձերբակալությունները եւ այդ ֆոնին՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հսկայական ֆիգուրը՝ ինքնաձիգը ձեռքին եւ զրահաբաճկոնը հագին, փշալարերով պատված իր պալատը, այսինքն իշխանությունը պաշտպանելու դիրքում:
Այսօր, դժբախտաբար, ֆեյսբուքն է կառավարում մեր երկիրը, եւ իր «ցնցիչ» ու «ջախջախիչ» վերնագրերով շեղում հասարակության ուշադրությունը մեր շուրջը եւ մի քիչ հեռուն կատարվող կարեւոր իրադարձություններից: Շատերին թվում է, որ Մինսկը շատ հեռու է մեզանից, այնքան հեռու, որ նույնիսկ վարչապետը շփոթում է այն Եվրոմիության անդամ երկրի հետ…
Իրականում այդ երկիրը, հետեւաբար՝ այնտեղ կատարվող իրադարձությունները շատ կարեւոր են նաեւ մեզ համար, բազմաթիվ պատճառներով: Առաջին՝ մենք անդամ ենք տնտեսական նույն դաշինքին՝ ԵԱՏՄ-ին: Ավելին՝ մենք մաս ենք կազմում հավաքական անվտանգության նույն կազմակերպությանը՝ ՀԱՊԿ-ին, որի գլխավոր քարտուղարը այժմ այդ երկրի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասն է, որ մեր հիմարության պատճառով ժամանակից շուտ փոխարինեց մեր Յուրի Խաչատուրովին: Երկրորդ՝ այդ երկում տեղի ունեցող իրադարձությունները սոսկ իշխանափոխական բնույթ չունեն, այլեւ՝ աշխարհաքաղաքական նշանակություն, որի նպատակն է թուլացնել մեր գլխավոր եւ միակ դաշնակցի՝ Ռուսաստանի դիրքերը եւ զրկել նրան, Ուկրաինայի օրինակով, Կենտրոնական Եվրոպայում իր ռազմաքաղաքական ու տնտեսական կարեւորագույն հենարանից: Երրորդ՝ մեզ համար նույնը չէ, թե ո՛վ կլինի Բելառուսի իշխանավորը: Լուկաշենկոյի երկիրը, հակառակ մեզ հետ ունեցած դաշնակցային միեւնույն կազմակերպությանը պատկանելուց, անցնող տասնամյակին զենքի կարեւոր մատակարարներից է եղել Ալիեւի Ադրբեջանի, այդ թվում՝ «Պոլոնեզ» համակարգի:
Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները մեզ պետք է հետաքրքրեն նաեւ այսպես կոչված իշխանական, ավելի շուտ՝ անձնիշխանության տեսակետից: Վեց անգամ անընդմեջ նախագահի պաշտոնին տիրանալու եւ ամեն գնով այն պահպանելու մոլուցքը գրված ու չգրված բոլոր օրենքներով համարվում է բռնատիրություն, որը խոցելի է դարձնում տվյալ պետությանը՝ ներքին եւ հատկապես արտաքին թափանցումների առաջ: Իրականություն, որի վկաները եղանք մենք 2018-ի ապրիլին, դրա բացասական բոլոր հետեւանքներով:
Կարդացեք նաև
Բելառուսական բոլոր իրադարձությունների մեջ ակնհայտ է, որ «Բատկան», վերեւում նշված հոխորտ եւ ահարկու իր կեցվածքին հակառակ, անցյալ կիրակի օրը, երբ Մինսկում եւ այլ քաղաքներում բազմահազարանոց բողոքի ցույցեր էին տեղի ունենում, Սոչիում նախագահ Պուտինի հետ հանդիպմանը ներկայացավ, ինչպես մեր ժողովուրդն է ասում՝ «կուռկուռի ձագի» նման: Չորս ժամ տեւած գլուխ-գլխի այդ հանդիպման հեռուստատեսային թռուցիկ մի քանի կադրերից մեկում, որն անշուշտ բաց էր թողնվել դիտմամբ, Լուկաշենկոն երեւում էր Պուտինի դիմաց կքած՝ աշակերտի հնազանդությամբ ծնկի վրա գրառումներ անելիս: Նրա խնդրանքը, ինչպես ռուս եւ միջազգային դիտորդներն են գրում, մեկն էր՝ «օգնեցեք փորձանքի մեջ հայտնված ընկերոջը»: «Բատկան» բոլորովին նման չէր իրեն: Իմ վրա նա թողեց իշխանությունն արդեն կորցրած մարդու տպավորություն:
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում