Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտակա 3 տարվա սիքվելը

Սեպտեմբեր 19,2020 10:00

Անգլերեն «sequel» բառն առաջացել է լատինական «sequellia»-ից եւ բառացիորեն նշանակում է «շարունակություն»: Այդ հասկացությունն առավել կիրառելի է հեռուստասերիալների դեպքում: Պատկերացրեք, որ սերիալը մեկ-երկու սեզոնի ընթացքում արդեն սպառել է իր սյուժետային հիմնական գծերը, հերոսներն էլ ապրել են զարգացման անհրաժեշտ շրջափուլը (հաճախ այդպես է լինում, երբ այդ առաջին սեզոնների սյուժեի հիմքում գրական մի գործ է), բայց պրոդյուսերները զգում են, որ հեռուստադիտողների հետաքրքրությունն ամբողջությամբ չի սպառվել, սերիալն ինչ-որ չափով կպահպանի իր վարկանիշը եւ, հետեւաբար, կկարողանա ներգրավել գովազդային որոշակի միջոցներ: Այդ նկատառումներից ելնելով՝ նկարահանվում է այդ սերիալի օրգանական շարունակությունը հանդիսացող, կամ, առնվազն, մի քանի հերոսների ընդգրկող, մեկ այլ սերիալ, որը ձգում է եւս մի քանի սեզոն, մինչեւ արտադրանքը կկորցնի իր կոմերցիոն նշանակությունը: Որպես կանոն՝ շարունակությունը պակաս հետաքրքիր է լինում, քան, այսպես ասած, «հիմնական մասը»:

Նման ձեւով «2018 հեղափոխություն» սերիալի հիմնական մասն արդեն ավարտվել է: «Սաշիկի 50/50», «Մանվելի տուշոնկա», «Քոչարյանի դատավարություն» սյուժետային գծերն այլեւս զարգանալու ներուժ չունեն, որովհետեւ կորցրել են իրենց հետաքրքրությունը հանդիսատեսի աչքերում: Սիքվելում, իհարկե, հնարավոր են «Սերժի դատավարություն» կամ «Հրայրի սանիկի գործ» ենթասյուժեները, բայց ընկալման թարմության տեսակետից դրանք չեն մրցի այն հուզիչ իրադարձությունների հետ, որոնք տեղի ունեցան երկու տարի առաջ: Հասարակությունը վերադառնում է իր սովորական կրավորական, ապատիկ, կասեի անգամ՝ փնթփնթան վիճակի մեջ, եւ այլ կերպ չէր էլ կարող լինել. թե՛ հեղափոխության եւ թե՛ լճացման շարունակության դեպքում հնարավոր չէ, որ մարդկանց սոցիալական վիճակը բարելավվեր այնքան, որ նրանք գոհ մնան որեւէ կառավարությունից: Իսկ «բարելավման» թվերն ու տոկոսները, որ 30 տարի շարունակ հնչեցվում են բոլոր կառավարությունների կողմից, քաղաքացիների վստահությունը չեն վայելում:

Քաղաքական ոլորտում սիքվելի հիմնական սյուժեները հայտնի են: ՀՀԿ-ականներն ու քոչարյանականները շարունակելու են ապրել իշխանության ղեկին վերադառնալու անիրականանալի երազանքներով: ԲՀԿ-ն շարունակելու է քննադատել իշխանություններին. կախված այդ քննադատության կարծրությունից՝ իրավապահները այս կամ այն ինտենսիվությամբ գործեր են հարուցելու ԲՀԿ-ականների դեմ, իսկ իշխանության ներկայացուցիչները հիշեցնելու են բռնաբարության գործը: ԼՀԿ-ն նույնպես խոսելու է իշխանության սխալների եւ արատների մասին, իսկ իշխանությունն այդ քննադատությունը բացատրելու է «նախկինների» ազդեցությամբ: Ընդհանրապես, ատելությունը «նախկինների» նկատմամբ շարունակելու է մնալ ներկա իշխանության հիմնական քաղաքական ռեսուրսը, որը սակայն 3 տարվա ընթացքում հիմնականում սպառվելու է՝ ցավոք սրտի կամ բարեբախտաբար, այդպես է աշխատում մարդկային հիշողությունը: Հիասթափվողների թիվն, ըստ այդմ, աճելու է:

Ինչպես տեսնում եք, սիքվելում չեն լինելու սկզբունքորեն նոր սյուժետային գծեր կամ անսպասելի շրջադարձեր: Այդպես կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ տեղի ունենա 2018-ի հեղափոխության նման անսպասելի իրադարձություն: Եվ այդ ժամանակ կսկսվի լրիվ նոր սյուժեով մեկ այլ սերիալ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «սիքվելը», որպէս (կրաւորական) բայ, իսկապէս որ շատ վտանգաւոր բառ է…

    գոնէ թրքահայաստանի ախպարներիս լեզուով,
    բայց երեւի Պաքուից փախստականներն ալ կը հասկանան

    եւ այն ալ, երե՛ք տարի…

    երեք տարի՝ սիքվե՛լ….

    այ քեզ բա՜ն…

    դիմանալ է, պէտք

  2. Լավատես says:

    Կառավարությունից դեռեւս շատ բան պետք չի պահանջել, մենք ունենք հզոր քաղաքացիական հասարակություն, որն էլ իրագործեց հեղափոխություն, մենք պետք է պահանջենք ոչ թե Կառավարությունից, այլ հենց մեր քաղաքացիական հասարակությունից, որն իրական ուժն է ներկայացնում: Քանի դեռ Կառավարությունն իր առաջին ինքնուրույն քայլերն է կատարում’ ի տարբերություն նախորդ Կառավարությունների, որոնք պետական հարցերում միայն ուրիշի թելադրանքով էին շարժվում ու այդ պատճառով էլ չէին զարգանում, մենք հիմնական բեռնվածությունը պետք է դնենք քաղհասարակության ուսերին, ավելին, պատկերացնենք, որ պետություն չկա, կա միայն քաղհասարակություն, ինչպե՞ս ինքնակազմակերպվենք օրենքի շրջանակներում այնպես, որ պետությանը օգտակար լինենք, այսինքն’ պետական ծանր գործընթացները իրագործենք քաղհասարակության ուժերով, հիշենք, երբ բանակ դեռ չէր ձեւավորվել, կամավոր աշխարհազորն էր կռվում, քաղհասարակությունը նույն աշխարհազորն է, որից ձեւավորում է բանակ պետությունը: Հզոր պետությունը ձեւավորվում է հզոր քաղհասարակությունից, որտեղ գործում են նույն կառույցներն, ինչ պետության մեջ են գործում’ հատուկ ծառայություններից սկսած:

  3. henri says:

    Շատ իմաստուն թելադրանք է ՛՛Լաւատեսի՛՛ առաջարկը։ Պիտի աւելցնէի որ կարելի չէ անդադար վարկաբեկելով և քննադատելով կարծենք որ թոյլ պիտի չտանք որ սխալին . Իտալացի ծնողքը կը սիրէ իր պատանիին առաջին շեղումներուն ըսել « հոգ չէ տղաս -սխալելով կը սորվիս » – Sbagliando s’impara – Դիմացինին սխալելու իրաւունք տալը քաղաքական հասունութեան նշան է – և մանաւանդ չանտեսել այն բոլոր լաւ բաները որ աստիճանաւոր կերպով տեղի կ՛ունենան ։

    • Լավատես says:

      Շնորհակալություն: Հոյակապ բառեր են՝ « հոգ չէ տղաս -սխալելով կը սորվիս », երեխան ծնված օրվանից հանճար է եւ բնությունը այդ հանճարեղությունը ստեղծել է սեփական սխալների հաղթահարման ու ճիշտը հայտնաբերելու համար: Իսկ երբ ասում են, դու սխալ ես, արի քեզ ճիշտը սովորեցնեմ, այդ երեխայի մեջ հանճարեղության կարիքը վերանում է, սեփական ուժերով հաղթահարելու պահանջ չկա ու դրանով մեծանալով այդ երեխան կորցնում է իր հանճարեղությունը: Հանճարեղությունը պահպանելու համար շատ ավելի ժամանակ ու նյարդեր ու պատասխանատվություն է պահանջվում մեծերից, որը պետք է դառնա ազգային ընտանեկան ու հասարակական մշակույթ: Այսօրվա նոր պայմաններում վարձու աշխատողների անհրաժեշտությունը վերանում է, մարդ ռոբոտներին կփոխարինեն պարզապես ռոբոտները եւ ստեղծագործ արարիչ մարդն է դառնում այն, ինչ ոչ մի ռոբոտ չի փոխարինի, այդ իսկ պատճառով էլ մեր ազգը պետք է դաստիարակի արարիչ՝ պահպանի ու զարգացնի մարդու հանճարեղությունը՝ մարդուն դնի այնպիսի բնական անելանելի պայմանների մեջ, որից դուրս գալ միայն հանճարեղության շնորհիվ է հնարավոր:

  4. bzjackal says:

    Henri, Շատ, շա՜տ իմաստուն է «Լավատեսի» առաջարկը։ Բա մտքերի շարադրանքը․․․
    Օրինակ՝
    «Քանի դեռ Կառավարությունն իր առաջին ինքնուրույն (?!—Bz) քայլերն է կատարում…. ․․․․, [պետք է] պատկերացնենք, որ պետություն չկա, կա միայն քաղհասարակություն»,
    «․․․ինչպե՞ս ինքնակազմակերպվենք օրենքի շրջանակներում այնպես, որ պետությանը օգտակար լինենք»։
    Bz: Այսինքն՝ այն պետությանն օգտակար լինենք, որը մի քանի ստորակետ առաջ պատկերացրել ենք, որ չկա։
    Կամ էս մեկը՝
    «Հզոր պետությունը ձեւավորվում է հզոր քաղհասարակությունից, որտեղ գործում են նույն կառույցներն, ինչ պետության մեջ են գործում’ հատուկ ծառայություններից սկսած»
    Bz: Երևի հարկայինն էլ հե՞տը։ Մի քիչ թանկ ա նստում․․․ Հա վայ, մոռացել էի, որ էն պետության հարկը պատկերացնում ենք, որ չենք տվել։

  5. Լավատես says:

    Նման հարցադրումները տեղին են: Եթե կարճ՝ երբ դարերով մեր ազգը այլ ազգերի տիրապետության տակ էր, մեր եկեղեցին էր պահպանում ազգայինը, բայց դա ընդամենը պահպանում էր եւ եթե եկեղեցու կողքին ունենայինք ազգային հատուկ ծառայություններ, որի մեջ կընդգրկվեր ժողովրդի յուրաքանչյուր անհատ, մենք ոչ միայն կազատվեինք այլ ազգերի տիրապետությունից, այլեւ կազատագրեինք մյուս կախյալ ժողովուրդներին ու մեզ բարեկամերով կշրջապատեինք: Այսպիսով, բացի մեր պետությունից մենք ստեղծում ենք արդյունավետ ցանցային պետություն, որը պետք է պահպանի ու պաշտպանի մեր սովորական պետությունն այն միջոցներով, որոնք չունի սովորական պետությունը: Հետո մեր փորձը պետք է տարածենք բնիկ բայց կախյալ ժողովուրդների մեջ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930