«Զվարթնոցը» հերքում է՝ պնդելով, որ այդ կանոնները նորմալ պահպանվում են
Օրեր առաջ՝ օգոստոսի 27-ին քաղաքացի Դեզի Հովհաննիսյանը վերադարձել է Վաշինգտոնից: Տիկին Դեզիի ինքնաթիռը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել օգոստոսի 28-ի երեկոյան՝ ժամը 18:30-ին: Սակայն, մինչ Հայաստան հասնելը Դեզի Հովհաննիսյանը Վաշինգտոնից թռչել է Նյու Յորք, այնտեղից՝ Փարիզ, նոր միայն՝ Երեւան։ Երկար ճամփորդության ընթացքում միակ օդանավակայանը, որից դժգոհ է մնացել քաղաքացին, «Զվարթնոցն» է եղել, որը, տիկնոջ խոսքով, գրեթե չի պահպանել հակահամաճարակային կանոնները, աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպման պատճառով էլ, ըստ Դեզի Հովհաննիսյանի, վտանգվել է ուղեւորների առողջությունը:
«Առավոտի» հետ զրույցում տիկին Հովհաննիսյանն ասաց, որ Փարիզ-Երեւան չվերթի ժամանակ ինքնաթիռում ընդունված կարգի համաձայն, լրացրել է որոշ փաստաթղթեր՝ անձնական տվյալներ եւ COVID-ին առնչվող հարցեր: Հարցաթերթիկը լրացրել է անգլերեն լեզվով. «Մենք սպասում էինք, որ ինքնաթիռում մեզնից այդ թուղթը կվերցնեն ու կտան սահմանապահներին, ինչպես բոլոր տեղերում են անում։ Բայց այդպես չեղավ։ Ինքնաթիռից երբ դուրս եկանք, պարզվեց, որ անգլերեն լեզվով լրացված թերթիկը չի անցնում, պետք է մի հատ էլ հայերեն լրացնեինք։ Հարցրեցի՝ անգլերենը կա, ինչո՞ւ եք հայերենը պահանջում, հատկապես՝ որ նույն հարցերն են, ոչ մի նորմալ պատասխան չտվեց, ասացին՝ էդպես է։ Եթե պահանջելու էին հայերենը, ուրեմն թող օդանավում հայերեն տարբերակը տային, լրացնեինք, որպեսզի ամեն ինչ արագ ավարտվեր։ Հայերենը լրացնելու համար մարդիկ ստիպված էին իրար գլխի լցվել, նույն գրիչը բոլորին էին տալիս, ընդամենը երկու մաս էր հատկացված այդ հսկայական տարածքում։ Բոլորն իրար շատ մոտ կանգնած էին, հակահամաճարակային կանոնները չէին պահպանվում, որեւէ մեկը չէր վերահսկում։ Օդանավակայանում ստեղծել էր վտանգավոր իրավիճակ, մարդիկ հոգնած էին, դիմակները հանել էին, մի երկու ժամ պիտի սպասեին հայերենը լրացնելու համար։ Թերթիկները լրացնում են իբրեւ թե ապահովելու անվտանգությունը, մինչդեռ ստեղծվել էր այնպիսի պայմաններ, որ հակառակն էր, վարակվելու վտանգը մեծ էր»։
Մեր զրուցակցի խոսքով, նույնը եղել է անձնագրային կետի մոտ. «Այդտեղ եւս խիտ հերթ էր, սոցիալական հեռավորություն չէր պահվում։ Հակահամաճարակային պայմանները չէին պահպանվում, դեպի սահմանը անցնող հատվածում 270 հոգին իրար կպած կանգնած էին: Մի խոսքով, քաոսային իրավիճակ էր»:
Կարդացեք նաև
Տիկին Հովհաննիսյանի խոսքով, հաշվել է՝ իրենց ինքնաթիռում 270 ուղեւոր է եղել: Նրան վրդովեցրել է նաեւ այն, որ որոշ ուղեւորների ծանոթ աշխատակիցները անհատական մոտեցում են ցուցաբերել՝ հենց «տրապի» մոտից ուղեկցում կազմակերպելով. «Տրապի մոտից իրենց ծանոթներին գալիս՝ տանում էին։ Օդանավում իմ ձախ կողմի նստածին հենց տրապի մոտից տարան, ու նա միջնորդեց Փարիզի օդանավակայանում իր հետ նոր ծանոթացած երկու կանանց էլ այդպես՝ առանց հերթի անցկացնել։ Նրանք թուղթը չլրացրեցին, միանգամից գնացին անձնագրային կետ։ Ճամպրուկների ստացման կետում նույն վիճակն էր, էլի ծանոթներն էին մեջ գցում, կուտակումներ։ Նույն ճանապարհով Վաշինգտոն եմ գնացել մոտ մեկ ամսի առաջ, թղթերը լրացնում ենք ինքնաթիռում ու բորդ ուղեկցորդը ինքը վերցրեց, որ փոխանցի համապատասխան աշխատակցին։ Այդպես է կիրառվում ամբողջ աշխարհում»։
Դեզի Հովհաննիսյանի դժգոհությունները «Առավոտը» գրավոր փոխանցեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերության պատասխանատուներին: Ներկայացնում ենք պատասխանն ամբողջությամբ. «Հայտնում ենք, որ սույն թվականի օգոստոսի 28-ին AF1170 չվերթի ժամանումից հետո օդանավակայանի անձնագրային ստուգման հատվածում կուտակումները եղել են կառավարելի: Միեւնույն ժամանակ ցանկանում ենք շեշտել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պահպանվում են բոլոր հակահամաճարակային կանոնները. օդանավակայանում փակցված են հատուկ գծանշաններ, որոնց անհրաժեշտ է հետեւել եւ սոցիալական հեռավորությունը պահպանված կլինի: Հարցաթերթիկների հետ կապված տեխնիկական խնդրի մասին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն իր դիրքորոշումն արդեն իսկ ներկայացրել է համապատասխան մարմնին: Ինչ վերաբերում է որոշ ուղեւորների՝ արտոնյալ կերպով հերթից հանելուն, ապա, ցանկանում ենք տեղեկացնել, որ ժամանման սրահում եղել են գործառույթ իրականացնողներ, որոնք ուղեւորների հետ են եղել եւ, օդանավակայանի աշխատակիցները, որեւէ ուղեւորի արտահերթ չեն անցկացրել»:
«Առավոտ» օրաթերթ
18.09.2020