Հարցազրույց մոդել, հաղորդավար Վարդան Մնացականյանի հետ
– Ձեզ ավելի քան տասը տարի հանդիպում ենք Հայաստանում անցկացվող նորաձեւության ցուցադրությունների ժամանակ, այդ թվում՝ հեղինակավոր. Վյաչեսլավ Զայցեւի, Արմանիի եւ այլն։ Տարբեր դիզայներների աշխատանքներ ներկայացրել եք նաեւ արտասահմանյան ցուցադրություններին։ Տպավորություն չստեղծվի, թե նշում ենք միայն ճանաչված անուններ։ Օրինակ, դուք ներկայացել եք նաեւ մեր բարձրարվեստ դիզայներ Արամ Նիկոլյանի հավաքածուների ցուցադրությունների ժամանակ։ Եթե չենք սխալվում, մինչ համավարակը դարձյալ «Նիկոլյան» էիք ցուցադրում…
– Այո, դա մինչ պանդեմիան էր, հունվար-փետրվար ամիսներին։ Իր ձեւաչափով եզակի ցուցադրություն էր՝ ֆոտոշարով։ Ինչպես նշեցիք՝ մասնակցել եմ Նիկոլյանի բացառապես բոլոր հավաքածուների ցուցադրություններին։
– Վերջին շրջանում ձեզ լսում ենք նաեւ «Ռադիո- Վանի» եթերում։
– 2019-ից շաբաթական մեկ օր, մեկ ժամ տեւողությամբ հեռարձակվում է իմ հեղինակային՝ «Fashion Line» հաղորդաշարը։ Ընդ որում, սա դեռեւս նորաձեւության ոլորտում ռադիո եւ TV առայժմ միակ հաղորդաշարն է։ Ի սկզբանե նպատակս է եղել հաղորդաշարով ներկայացնել, աջակցել նորաձեւության ոլորտում նոր-որ քայլեր անող մեր դիզայներներին, մոդելներին։
– Դուք՝ արտերկրից ունենալով բազում հրավերներ, ինչպես ժամանակը ցույց տվեց, այդպես էլ չգայթակղվեցիք դրանցից ոչ մեկով, ավելին՝ օրերս է կայացել ձեր հարսանյաց հանդեսը եւ ընտանիք եք կազմել մոսկվաբնակ փոփ երգչուհի Աիդա Արամիի հետ։ Մի դիտարկում էլ. պանդեմիայի շրջանում որպես մոդել ձեզ չհանդիպեցինք։
– Մոդելային գործունեությունս հաշվվում է շուրջ 15 տարի։ Իսկապես, առաջարկներ եղել են եւ ձեր որակմամբ՝ այո, եղել են գայթակղիչ առաջարկներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, բայց քանի որ այդ շրջանը համընկավ Երեւանի բժշկական համալսարանի օրդինատուրա ընդունվելու եւ ուսանելու հետ (2010-13թթ.), այն էլ անվճար, չէի կարող նման շռայլությունից ինձ զրկել։ Ինչ վերաբերում է պանդեմիայի շրջանին, ես զբաղվում էի, իսկ ավելի ճիշտ՝ օգտակար էի լինում իմ առաջին՝ բժշկի մասնագիտությամբ։ Ինչ վերաբերում է ընտանիք կազմելուն, այո, օրերս կայացավ մեր հարսանյաց հանդեսը, որը ծրագրել էինք մինչ պանդեմիան։ Եթե հետաքրքիր է՝ այն կայացավ համավարակային բացառապես բոլոր կանոնների համաձայն եւ հրավիրյալ 40 հյուրերի մասնակցությամբ։ Կնոջս՝ Աիդայի անունը որպես երգչուհի, դեռեւս հայտնի է ավելի շատ մասնագետների շրջանում (Աիդա Արամին մասնագիտական կրթություն ստացել է Մեծ Բրիտանիայում)։ Կարծում եմ՝ առաջիկայում նրա անունը ավելի հայտնի կդառնա։
– Նշեցիք, որ ձեր հաղորդաշարի ընթացքում ներկայացնում եք առաջին քայլեր անող դիզայներների, մոդելների։ Վերջին տարիներին մեզ մոտ շատերն են երազում մուտք գործել շոու-բիզնես, այդ թվում՝ մոդելային, հայտնի դառնալու ակնկալիքով։ Դուք՝ որպես կայացած մոդել, ներկայացրեք, խնդրեմ, ինչպես եւ որտեղ սկսեցիք ձեր առաջին քայլերը։ Քիչ թե շատ մոդելային տվյալներով օժտված մեր երիտասարդները, որոնք իրենց տեսնում են մոդելային բիզնեսում, չգիտեն որտեղից սկսել, ում դիմել, որտեղ գնալ…
– Մոդելային գործունեությունս սկսել եմ 2006թ., «Ես. Yes» ամսագրում հայտարարված մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո։ Ամսագրի գլխավոր խմբագիր, հայտնի մոդել Անի Քոչարի խորհրդով դիմեցի «Ատեքս» նորաձեւության կենտրոն, որն, ի դեպ, Հայաստանի երրորդ հանրապետությունում 1991թ. հիմնված առաջին մասնագիտական հաստատությունն է։ Այդտեղ ուսանեցի ճանաչված դիզայներ Նիկա Դանիելյանի, առաջին հայ մոդել Օլգա Լավինենկոյի ղեկավարությամբ։ Վերջինս այսօր «Ատեքսի» փոխտնօրենն է։ Այդպես սկսվեց համագործակցությունս մեր դիզայներների հետ՝ ոչ միայն հագուստի ցուցադրություններ, այլեւ մասնակցություն տեսահոլովակներում, հայտնվեցի տարբեր ամսագրերի շապիկներին եւ այլն։ Ինչպես արդեն նշեցի՝ ես էլ հնարավորությանս սահմաններում աջակցում եմ ոլորտի երիտասարդներին։
– Մեզ հետ զրույցներում մոդելներից շատերը բարձրաձայնել են, որ ապրել միայն հայաստանյան հոնորարներով՝ անհնար է։ Դուք համարվում եք բարձր վարձատրվող…
– Այո, համարվում եմ բարձր վարձատրվող, բայց հոնորարներս ոչ մի աղերս չունեն, օրինակ, եվրոպացի գործընկերների «գնացուցակի» հետ։ Կարճ ասած՝ համամիտ եմ գործընկերներիս հայտնած կարծիքին, որ Հայաստանում միայն մոդելային գործունեություն ծավալելով՝ ապրել հնարավոր չէ։ Կարծում եմ՝ ասվածը կարելի է տարածել մշակույթի այլ ոլորտների վրա եւս։ Տեսեք՝ եթե մեզ մոտ ժամանակին ցուցադրությունները կազմակերպվում էին նորաձեւության կենտրոնների կողմից, որոնք հրավիրում էին պրոֆեսիոնալ մոդելների, իրականացնում բեմականացումներ… հիմա պատվիրատուն իր ոչ շռայլ, մեծ բյուջեով պատվիրում է գործակալություններին՝ թելադրելով իրենը։ Մի զուգահեռ անցկացնեմ. ասում են ռաբիսը պահանջված է, դրա համար ենք մատուցում, ես էլ ասում եմ՝ է՜, մի պրոպագանդեք, ներկայացրեք բարձրարվեստ գործեր։ Ի վերջո՝ մի բան արժեւորվում է այն ժամանակ, երբ գնահատվում է։ Մեզ մոտ դեռեւս այդպես չէ։ Ինչ վերաբերում է պահանջարկին, այն միշտ եղել է, կա եւ կլինի, բայց պետք է լինի նաեւ ընտրության հնարավորություն…
– Մոդելի համագործակցությունը դիզայների հետ բնական է։ Հետաքրքիր է՝ մեր դիզայներների ստեղծած ապրանքանիշները սպառվո՞ւմ են մեզ մոտ։ Դարձյալ նշենք, որ ունենք տաղանդավոր դիզայներներ…
– Այո, միանշանակ ունենք, որոնք ներկայանում են հեղինակավոր հարթակներում՝ սկսած Միլանից, մասնակցելով նորաձեւության շաբաթների։ Հարցն այն է, որ նման դիզայներները աջակցություն համարյա չեն ստանում… Աջակցություն ասելով պետք չէ ակնկալել միայն ֆինանսը։ Բերեմ Վրաստանի օրինակը. Սահակաշվիլիի կինը առաջինն էր, որ կրում էր միայն վրացի դիզայներների ստեղծած հագուստ, ինչն էլ խթան հանդիսացավ, որ այդ երկրում սկսվի տեղական արտադրանքը իրացնելու «շարժում», ինչը մեծ մասսայականություն ձեռք բերեց։ Այսօր Երեւանում ունենք վրացի դիզայներների հագուստի մեկ-երկու սրահ…
– Մեր վարչապետն ու իր տիկինն էլ են հաճախ ներկայանում հայ դիզայներների հագուստներով…
– Չթողեցիք խոսքս ավարտեմ։ Իսկապես, մեր առաջին դեմքերն էլ են կրում տեղական արտադրանք, ինչը ողջունելի է։ Թույլ տվեք հատկապես շեշտել տիկին Աննա Հակոբյանի դերն այդ գործում։ Նրան հաճախ ենք հանդիպում միջազգային հարթակներում հենց մեր դիզայներների ստեղծած հագուստով։
– Վերադառնանք մոդելային ձեր գործունեությանը։ Հասկացանք մի բան. դուք ձեզ «նվիրել» եք «Ռադիո-Վանին»՝ ներկայացնելով երիտասարդ դիզայներներին, մոդելներին, մի կողմ դնելով մոդելի ձեր կարիերան։
– Ոչ, ոչ։ Եթե հետաքրքիր առաջարկ է լինում՝ սիրով եմ համաձայնում։
Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
18.09.2020