Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանն ամուր է, այստեղ միայն հաղթում են

Սեպտեմբեր 19,2020 12:30

Այդքան էլ երկար չտեւեց, որ  դիրքեր հասնենք։ Առավոտից մարտական տրամադրությունն էր յուրաքանչյուրիս ուղեկցում։ Հարկ եմ համարում նշել, որ դիրքեր այցելեցինք կապիտան Արմենակ Ուրֆանյանին Արցախի հերոսի կոչում շնորհելու հաջորդ օրը` իր մայրիկի` տիկին Համեստի հետ։

«Կարծես գնում եմ Արմենիս տեսնեմ»,-ողջ ճանապարհին հերոսածին Համեստ մայրիկին այս գիտակցումն էր ուղեկցում։ Մարտակերտի անկրկնելի գեղեցկությունը օրվա խորհուրդը բազմապատկեց։ Ծառեր, ծաղիկներ, դաշտեր… ամեն ինչ արցախյան կոլորիտով։

Նախ եղանք N զորամասում, որտեղ ծանոթացանք զինվորների կենցաղին, առօրյային եւ շրջեցինք ողջ զորամասով։ Հիացմունք էր առաջացրել  ճաշարանը, որտեղ ամեն ուտեստ համով ու հոտով էր։ Ճաշացանկը լայն է, ամեն ինչ էլ` մաքուր ու գեղեցիկ։ Կարելի է ասել` զինվորներն իրենց մայրերի պատրաստածն են ուտում։

Զորամասից դեպի լեգենդար  մարտական դիրք տանող ճանապարհը ե՛ւ ցավոտ էր, ե՛ւ հպարտացնող։  Լրագրողներիս եւ զինվորականների ուղեկցությամբ մարտական դիրքում շրջելուց հետո,  Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը` տիկին Համեստն  անկեղծացավ. «Կարծես որդիս այստեղ լինի, ես զգում եմ նրա ներկայությունը։ Բայց մի կողմից էլ չեմ հավատում, որ նա էլ  չկա»։

Զինվորները հյուրերին սուրճ հյուրասիրեցին, իսկ տիկին Համեստն իր մայրական խորհուրդները հղեց։

Ամեն մի զինվորի հայացքում կյանք կար` հայրենասիրությամբ լեցուն։ Քանի որ դիրքում հերոսացել են մեր տղաները, նրանք սրբությամբ են մոտենում ամեն ինչին։ Կարծես մի գիտակցում է հետապնդում, որ հայրենի  հողը միշտ սրբությամբ պետք է պահել ու պաշտպանել։

Լուսինե Զաքարյանը, ով արդեն  12 տարի է՝  բանակային կյանքն է լուսաբանում, ասում է, որ մեծ հպարտություն է կանգնել մի դիրքում, որտեղ Արմենակի նման տղաներն են կանգնել։

Հայրենասիրությունը նրանց հոգու մարմնավորումն էր։ Մեկ է` այստեղ միայն հաղթո՛ւմ են։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930