Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մերօրյա ազատագրական պայքարի ուղիներում

Սեպտեմբեր 19,2020 12:00

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բարսեղի Աբրահամյանի «Խորհրդային Հայաստանը համազգային պայքարի տարիներին (1988-1990թթ.)» մեծադիր աշխատությունը: Հետազոտողի խոսքով՝ «Աշխատությունն ընդգրկում է Հայոց համազգային պայքարի սկզբից մինչեւ Հանրապետությունում անկախության մասին հռչակագրի ընդունումը»: Հրանտ Աբրահամյանն անդրադառնում  է նաեւ համայնավարական բազմազգ երկրի որդեգրած գորբաչովյան վերակառուցման խնդրին, ստահոդ բարեփոխումներին՝ ասպարեզ հանելով կոմունիստական վարչակարգի բռնապետական գործողությունների դաժանությունը, հակաժողովրդական ու հակազգային էությունը:

Ուսումնասիրության բուն առարկան, խնդիրը, այնուհանդերձ, համազգային ազատագրական պայքարի համակողմանի, փաստառատ՝ լայնքային ու խորքային քննությունն է՝ նպատակամիտված Մայր Հայաստանի եւ Արցախի միավորման կենսական խնդրականին, որի ականատեսն ու գործուն մասնակիցն էր նաեւ հեղինակը:

Պատմագիտական եւ հայության համար ճակատագրական այդ առաջադրույթը Հրանտ Աբրահամյանը դիտարկում է աշխարհաքաղաքական արդի զարգացումների լայնահորիզոն համապատկերի վրա՝ ներկայացնելով արխիվային բազում փաստեր, իրողություններ ու եղելություններ, դեպքեր ու դիպվածներ, պաշտոնական որոշումներ, լրագրային հաղորդումներ, իրավիճակային աննախադեպ հանգամանքներ, ականատեսների վկայություններ, հղումների ընդարձակ ցանկ՝ պատմաքաղաքական, դիվանագիտական հարուստ մեկնաբանություններով հագեցած դրվագներ: Արձանագրելով մերօրյա ազատագրական պայքարի, խաղաղ ցույցերի, ազգային ինքնության պահպանման, մարդու հիմնարար իրավունքների համար մարտնչող Արցախի համաժողովրդական բնույթն ու բովանդակությունը, բոլորեքյան նվիրյալ սրբազան գործին, Հրանտ Աբրահամյանը միաժամանակ վկայակոչում է կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, աննկուն եւ երդվյալ նվիրյալների ոգեղեն եռանդն ու կազմակերպչական անդուլ ջանքերը, հավատն ու անշեջ հուսավառությունը հաղթանակի հանդեպ:

Քննարկվող ժամանակաշրջանը, անշուշտ, Հայոց պատմության բարդ ու խճճված, անորոշ ու վտանգավոր, օրհասական մի շրջան էր՝ լեփ-լեցուն հազարաթիվ հարցականներով, ճնշումների, տարակուսանքների տարափով, այլազան ծրագրերով, բախումներով ու սպանություններով, ներքին անհամաձայնություններով, տնտեսական, գաղափարախոսական, ռազմական ու կենցաղային խնդիրներով, Ադրբեջանի եւ Կրեմլի կողմից կազմակերպված սադրանքներով, թալանով, ահաբեկումներով, «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալությամբ, ռազմական նշմարվող առճակատման, Հյուսիսային  Արցախի հայության, Սումգայիթի եւ հայաբնակ այլ վայրերի սահմռկելի կոտորածն ու ջարդը, բռնահանության բազում ու բազում փաստեր, անթիվ ու անհամար, տակավին անհայտ զոհեր, գազանաբարո արարքներ:

Տարիների պրպտուն ու տքնաջան գրառումները, վիթխարի փաստական նյութը դնելով շրջանառության մեջ՝ Հրանտ Աբրահամյանն ուրվագծում է առանցքային մի շարք խնդիրների լուծման ուղիները՝ ի ցույց դնելով Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի, ընդհանուր առմամբ ողջ հայության անհողդողդ կամքը, ոգու արիությունը, ազգային արժանապատվությունն ու հավատը սեփական ուժերի հանդեպ: Եվ այդ միասնության գաղափարի հավատամքով էլ հայությունը կարող է ի դերեւ անել Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները, կեղծապատիտ ու ստահոդ հռետորաբանությունը՝ «Ատամ ընդ ատաման», «Ակն ընդ ական» կարգախոսներով ու գործողություններով:

Հրանտ Աբրահամյանը զուգահեռաբար ուսումնասիրության կառուցվածքաբովանդակային ոգուց բխող երախտագիտական հղումներ է անում մարդկության առաջադեմ ուժերին, պետություններին, քաղաքական ու պետական գործիչներին, հասարակական կազմակերպություններին՝ ամբողջացնելով մերօրյա ազատագրական պայքարի դինամիկան: Գլխավոր այդ փաստերից, թեզերից, տողատակերի իմաստներից, ենթաշերտերից կան նաեւ այլ հարցեր, որոնք արդիական մեկնաբանություններով արտացոլված են խնդրո առարկա գրքում: «Խորհրդային Հայաստանը համազգային պայքարի տարիներին (1988-1990թթ.)» աշխատությունը աղբյուրագիտական իր բնույթով ու բովանդակությամբ արժեքավոր է ամենից առաջ այն իմաստով, որ Հրանտ Աբրահամյանը մերօրյա համազգային պայքարի ծավալման ու hնչեղություն ունեցող ակտուալ հարցերը դիտարկել է պատմական օրինաչափությունների, քաղաքական ու ազգային պետականության, հայության միասնականության, արդարության, ազատության միջազգային իրավունքների դիրքերից:

Հենրի ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930