Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն գումարները, որոնք նախատեսվում են Ալեն Սիմոնյանի նախագծում, միանշանակ այդպիսի ռիսկեր պարունակում են»

Սեպտեմբեր 19,2020 14:00

Կարծում է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

«5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանի կարծիքով, եթե ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է վիրավորանքի եւ զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման առավելագույն չափերը հնգապատկել՝ հասցնելով համապատասխանաբար 5 միլիոն եւ 10 միլիոն դրամի, ընդունվի, մենք քայլ կանենք դեպի տոտալիտար երկիր:

«Առավոտի» հետ զրույցում նա ասաց՝ իր կարծիքը չի տարբերվում Հայաստանի ժուռնալիստների միության, Ժուռնալիստների եվրոպական  ընկերակցության կարծիքից: Խոսելով փոխհատուցման չափի հնգապատկման մասին՝ Հարություն Հարությունյանն ասաց. «Միանգամից թող քրեականացնեն, վերջացնեն, որովհետեւ, երբ նայում եք թվերին, դա պետք է քրեականացվի, եթե այդ թիվն է ինքն առաջարկում: Ես կարծում եմ՝ Ալեն Սիմոնյանը չի խորացել խնդրի մեջ եւ հապճեպ այս տեսակի նախաձեռնություն է բերել: Կարծում եմ, գոնե ուզում եմ հավատալ, որ  խորհրդարանում դա չի անցնի: Իսկ եթե կանցնի, հերթական մինուսը կգրվի մեր երկրի հասցեին: Մենք պետք է բոլորս՝ լրագրողները, մտածենք, փորձենք հետագայում դրա դեմն առնել: Շատ հեշտ է անընդհատ ասել, որ լրագրողները զրպարտում են»:

Հարություն Հարությունյանը փաստեց՝ ամենաշատ դատական գործերը լրատվամիջոցների նկատմամբ վերջին շրջանում են դատարաններում, միեւնույն ժամանակ նշեց. «Մեր հասցեին էլ են զրպարտություններ հնչում, բայց ոչ մի դատական գործ չկա: Պարզապես մարդիկ չեն տարբերում  զրպարտությունը եւ քիմքին ոչ հաճելի լրատվությունը: Սա է խնդիրը: Մարդիկ չգիտեն՝ ինչ է լրատվությունը: Եթե իրենց քիմքին հաճելի չէ, միանգամից ասում են՝ զրպարտեցին: Բայց երբ ասում են՝ ո՞ր պահը զրպարտեցինք, ասեք, հերքենք, երբ մեկնաբանում են, տեսնում  ես, որ իրենք չեն պատկերացնում, ուզում են, որ ինչպես իրենք են պատկերացնում, այդպես լրագրողը մոտենա»: «Առավոտի» հարցին, եթե այս նախաձեռնությունն ընդունվի, վտանգները որո՞նք են, Հարություն Հարությունյանը պատասխանեց. «Ինքն արդեն իրենով վտանգ է, բայց վտանգներն այստեղ չեն լինելու: Մենք եւս մեկ քայլ կանենք դեպի տոտալիտար երկիր: Վտանգների արձագանքը մենք լսելու ենք  Եվրամիությունից, Ժուռնալիստների եվրոպական ընկերակցությունից, Լրագրողներ առանց սահմանի կազմակերպությունից, «Freedom house»-ից: Մենք անպայման այդ արձագանքը լսելու ենք, բայց դրանք արդեն երկրի վարկանիշի բացասական հետեւանքն են լինելու»:

Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությա ն հետ կապված հայտարարությամբ իրենց մտահոգությունն են հայտնել լրագրողական մի շարք կազմակերպություններ: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց՝ վտանգները կախված կլինեն նրանից, թե ինչպիսի արձագանք կլինի այդ փոփոխությանը, եթե այն կատարվի դատարանների կողմից: Նա մանրամասնեց. «Այսինքն՝ արդյոք նրանք դա կընկալե՞ն որպես ազդակ, որ պետք է ավելի խիստ պատիժներ նշանակեն զրպարտության եւ վիրավորանքի համար: Ամեն դեպքում կարծում եմ, եթե դատարանները շարունակեն հետեւել այն սկզբունքներին, որոնք   առաջադրվել են 2011-ին ՍԴ կողմից, որ ոչ մի դեպքում այդ կարգի տույժերը ռիսկի տակ չդնեն այն լրատվամիջոցների գոյությունը, որոնք ընդամենը երկու, երեք, չորս անգամ թույլ կտան այդպիսի խախտումներ: Իսկ այն գումարները, որոնք նախատեսվում են Ալեն Սիմոնյանի նախագծում, միանշանակ այդպիսի ռիսկեր պարունակում են: Բայց եթե դատարանները հետեւեն ՍԴ-ի կողմից առաջարկած սկզբունքին, երեւի վտանգներն այնքան էլ մեծ չեն լինի, նույնիսկ եթե ընդունվեն այդ փոփոխությունները: Սակայն, եթե լրջորեն ուսումնասիրենք  դատական պրակտիկան, մենք կտեսնենք՝ անկախ նրանից, որ առավելագույն գումարը վիրավորանքի համար սահմանված էր մեկ միլիոն, իսկ զրպարտության համար՝ երկու, համարյա չկան դեպքեր, որտեղ դատարանները այդ թվերով էին ղեկավարվում կամ դրանց մոտ: Հիմնական մասը դատական վճիռների 100-200 հազար դրամ գումարի մեջ էր տեղավորվում, գոնե այն պահից, երբ ՍԴ-ն իր մեկնաբանությունը տվեց օրենքի կիրառմանը: Եվ եթե նույն մոտեցումը լինի, նախ դա կապացուցի հերթական անգամ, որ անիմաստ օրենսդրական նախաձեռնություն էր, ինչպես շատերը վերջին ժամանակներում կապված ԶԼՄ-ների հետ: Ինքը մոտեցումն այդ գումարի մեծացման հետ կապված միտված էր լրատվամիջոցների նկատմամբ ավելի մեծ ճնշումներ գործադրելու, բայց անհաջող փորձ կհամարվի»:

Մեր դիտարկմանը՝ փաստորեն խնդիրը, որի համար ներդրվել է նախաձեռնությունը, այդպես էլ չի՞ լուծվի, Բորիս Նավասարդյանն այսպես արձագանքեց. «Միանշանակ խնդիրը չի լուծվի, քանի որ եթե նույնիսկ եղած առավելագույն գումարներով ղեկավարվեին դատարանները, արդեն խնդիրներ կառաջանային, քանի որ մեկ-երկու միլիոնը Հայաստանի  աղքատ մեդիա շուկայի, լրատվամիջոցների համար արդեն շատ բարձր թիվ է, բայց քանի որ դատարանները չեն ղեկավարվում այդ թվերով եւ ավելի ցածր բարոյական վնասի փոխհատուցում են նշանակում, քիչ թե շատ քաղաքակիրթ ընթացք ունեցան դատական գործընթացները: Եվ ամեն դեպքում կարծում եմ, որ այդ պրակտիան, որ մենք ունեինք, եթե ուսումնասիրեին այդ օրենսդրական նախաձեռնության հեղինակները, իրենք  կհասկանային, որ անիմաստ բան են անում»:

Հարցին՝ փորձե՞լ եք կապ հաստատել նախաձեռնության հեղինակի հետ, քննարկումներ եղե՞լ են մինչ այդ նախաձեռնությունը, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Մեր գործընկերները կապի մեջ էին ոլորտային հանձնաժողովի անդամների հետ, եւ որոշակի զուտ աշխատանքային խոսակցություններ եղել են: Այսինքն՝ մեր դիրքորոշումը կարծում եմ պարզ էր բոլորին դեռ մինչեւ հայտարարության ընդունումը, քանի որ հենց նույն օրը, երբ նախաձեռնությունը շրջանառության մեջ մտավ, մենք կապի մեջ էինք արդեն, եւ մեր այս հայտարարությունն ընդամենը փաստագրական վկայությունն է, թե մեր դիրքորոշումն ինչպիսին է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930