«Մեկօրյա այցը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր՝ Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր եւ Այգեպար, մեկ անգամ եւս առավել հասկանալի դարձրեց, թե ինչպիսի հերոսական մարդիկ են այստեղ ապրում ու արարում:
Անգամ այն, որ հուլիսյան իրադարձություններից հետո լրագրողներիս համար անվտանգային բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացվել էին, արված էր ամեն բան, որպեսզի տեղաշարժվեինք հնարավորինս անվտանգ, միեւնույն է, ներքին որոշակի լարվածություն կար: Մանավանդ, երբ մեր մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում կրակահերթեր էին հնչում ու անգամ երեխաներն էին օրինակ ծառայում, թե նման դեպքում ինչպես պետք է վարվենք:
Մարդիկ ապրում են, ասես, ոչինչ էլ չի եղել ու ամեն բան կարգին է: Ոչ իրենց տան վրա տանկի արձակած արկը, ոչ ծանր հրազենը եւ ոչ էլ ավտոմատների կրակահերթերը նրանց չեն ընկճում: Ընդհակառակը, ավելի ամուր են կապում իրենց հողին ու երկրին: Չեն վախենում, ասում են՝ թող թշնամին վախենա: Ուզում են խաղաղ ապրել, բայց պատրաստ են հարկ եղած դեպքում անխնա պաշտպանել իրենց օջախը: Ընդ որում, այդ մտածելակերպը նրանց մեջ է հենց ծնված օրից:
Ներքին Կարմիրաղբյուրում Սյուզան Փարսյանը, որի տունը վնասվել է տանկի արձակած ականի պայթյունից, ասաց. «Մենք մեր առօրյա կյանքով ապրում ենք: Միայն, երբ կրակում են եւ զգում ենք, որ արդեն հարկավոր է ապահով տեղ գնալ, դիմում ենք համապատասխան միջոցների: Սովորաբար, երբ են ավելի շատ կրակո՞ւմ, երբ մտքներով անցնում է, կրակում են: Հատուկ օր կամ ժամ չունեն: Կրակում են հիմնականում դիրքերի, ընթացող մեքենաների վրա: Փողոցով քայլելն էլ անվտանգ չէ: Բայց սովոր ենք: Զենքերի տեսակները ձայնից արդեն ճանաչում ենք: Եթե այնպիսի զենք է, որ գիտենք կրակոցը գյուղ չի հասնի, այնքան էլ ուշադրություն չենք դարձնում, իսկ եթե զգում ենք, որ ական է ու պիտի գյուղ հասնի, համապատասխան կերպ ենք վարվում:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք, թե գյուղից հեռանալու մտադրություն չունե՞ն: «Ես այս գյուղում եմ ծնվել, մեր ընտանիքը այստեղ է ապրում: Նախորդ պատերազմի ժամանակ էլ գյուղից դուրս չենք եկել ու հիմա էլ հեռանալու մտադրություն չունենք: Մենք մեր գյուղը շատ ենք սիրում ու մնալու ենք այստեղ»,- պատասխանեց տիկին Սյուզաննան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ