Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանը մեղադրյալ է ներգրավված այդ միջադեպով. «Ազատություն»

Սեպտեմբեր 18,2020 23:23

Տարիներ առաջ նախկին իշխանության հենարաններից Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականվամբ հայտնի Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպից մահացած Ավետիք Բուդաղյանին Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մեղադրյալ է ներգրավել, գործն էլ ուղարկել է դատարան։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը պետք է որոշի՝ արդյոք հրազենից սպանված Բուդաղյանը մեղավոր էր, թե ոչ։ Հանգուցյալը մեղադրվում է 2013 թվականի հունիսի 1-ին ապօրինի զենք ձեռք բերելով Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու փորձի համար։

Սյունիքի նախկին մարզպետի ընտանիքը հայտնի է տարբեր աղմկահարույց քրեական պատմություններով։ Այժմ էլ հայր և որդի Խաչատրյանները հետախուզվում են երկու տարբեր քրեական գործերով։

Նախկին մարզպետի առանձնատան բակում 7 տարի առաջ սպանված Ավետիք Բուդաղյանը նաև մեղադրվում է Խաչատրյանների բարեկամ Նիկոլայ Աբրահամյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։ Այս գործը սկզբում մակագրվել էր նույն դատավորին՝ Նապոլեոն Օհանյանին, որն էլ տարիներ առաջ միակ մեղավոր էր ճանաչել սպանվածի եղբորը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանին՝ որսորդական հրացանով Խաչատրյանի ընտանիքի հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու համար։ Դատավոր Օհանյանը, սակայն, ինքնաբացարկ է հայտնել, իսկ գործը փոխանցվել է այլ դատավորի։

Տարիներ առաջ տեղի ունեցած արյունալի այս միջադեպից, այսպես ասած, արդարացված դուրս եկան Սյունիքի նախկին մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանն ու թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը։ Քրեական գործի հարուցման սկզբում երկուսն էլ մեղադրվում էին սպանության համար և կալանավորվել էին, բայց հետո քննիչը որոշել էր, որ նրանք կրակելով Բուդաղյանների վրա ու սպանելով եղբայրներից մեկին միայն ինքնապաշտպանվել են։

Իրավապաշտպանները քննադատում են իրավապահների այս նոր որոշումը՝ պնդելով՝ փոխարենը բացահայտվեր տարիներ շարունակ կասկածելի հանգամանքներում քննված գործը, փորձ է արվում արդարացնել տարբեր սկանդալներով հայտնի Խաչատրյանին ու նրա ընտանիքին։ Այն, ինչ կատարվում է, չի կարող լինել մի երկրում, որտեղ հեղափոխություն է տեղի ունեցել, և սա վկայում է այն մասին, որ հեղափոխությունից հետո ոչինչ չի փոխվել իրավապահ համակարգում, ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

«Ես կարծում եմ, որ շուտով «Լիսկան» էլ կվերակենդանանա և նրան էլ տեղ կտրվի այս հանրապետությունում, և ինչպես որևէ մեկը մինչև հիմա չի պատժվել, այնպես էլ անպատիժ կմնա «Լիսկան»: Թեև, ես ասեմ՝ ինչու եմ դա ասում, ես դա ասում եմ, եթե դա այդպես չէ, ուրեմն այդպես գործը չեն ուղարկի դատարան», – ասաց իրավապաշտպանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930