Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյան․ Թուրքիան փորձում է հակակշռել Ռուսաստանին

Սեպտեմբեր 18,2020 20:15

«Ինձ համար կրկնակի անհասկանալի է, երբ Ղարաբաղը ասում է՝ մեր և Հայաստանի մոտեցումները նույնանման են»,- փորձագետների հետ քննարկման ընթացքում ասաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում չկա դիրքորոշում, չկա մի մոդել, որի մասին հանրությունը տեղեկացված կլինի․ «Եթե նույնանման են ինչի՞ն են նույնանման։ Հայաստանի չեղած դիրքորոշմա՞նը։ Եվ սա վտանգավոր է, եթե դու չունես հստակ դիրքորոշում, ուրեմն՝ հաջորդ առաջարկը քո օգտին չի լինելու։ Որովհետև միջնորդները շատ զգայուն են, և իրենք բանակցային գործընթացում փորձում են հասկանալ, թե որ կողմը ինչ չափի, ինչ խորության զիջումների է պատրաստ գնալ։ Եթե իրենք քեզնից չեն լսում հստակ մոտեցումներ, իրենք համարում են, որ քո դիրքորոշումը շատ էլաստիկ է, և կարելի է հենց այդ էլաստիկությունը դեպի քեզ կիրառել։ Սա շատ բնական բան է, որովհետև կյանքում առօրյայում այդպես է միշտ լինում»։

Իսկ Թուրքիայի հանգամանքը Ռոբերտ Քոչարյանը համարում է ընդհանուր տարածաշրջանի անվտանգության հարց է․ «(Թուրքիան խմբ. ) Միշտ Ադրբեջանին պաշտպանել է, բայց այս աստիճանի պատրաստակամություն կամ պատրաստակամության ցուցադրություն չի եղել։ Ինչ-որ չափով Թուրքիան փորձում է հակակշռել Ռուսաստանին։ Իմ տպավորությունը սա է։ Օրինակ՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանի միջամտությունը շատ ակտիվ էր, հիշում եք, ավելի շուտ՝ պաշտպանության նախարարության միջնորդությամբ էր զինադադարը կնքվել։ Հիմա Թուրքիան ուզում է դառնալ մի գործոն, որի հետ ստիպված են հաշվի նստել։ Եթե վաղը մյուս օրը սահմանային էլի կոնֆլիկտ լինի, Ռուսաստանից, որ ոչ միայն Ալիևի (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև խմբ.) հետ խոսեն, այլ նաև Էրդողանի (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան խմբ.) հետ խոսեն։

Եվ իմ տպավորությամբ՝ հենց այդ որոշակի հակակշիռն է այսօր ստեղծվում այն քայլերով, որոնք Թուրքիան անում է համաձայնեցված Ադրբեջանի հետ։ Հաջորդը լինելու է բանակցային գործընթացին ավելի ակտիվ մասնակցությունը։ Ադրբեջանը մշտական ներկայացրած Թուրքիան այն գործոնն է լինելու, որի հետ պետք է զանգեն, խոսեն, հաշվի նստեն, վերջապես պաշտպանության նախարարները իրար հետ խոսեն, ոնց որ Սիրիայում։ Փաստացի Սիրիայում Թուրքիան մտնելով Սիրիա հաստատեց իր ներկայությունը։ Եվ պարզ է, որ Սիրիայի ապագայի որևէ կարգավորում առանց Թուրքիա չի լինելու։ Նույնը փորձում են անել այստեղ»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930