«Մադրիդյան այդ փաստաթուղթը միակ միջազգային փաստաթուղթն է, որը հստակ արձանագրում է Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը»,- փորձագետների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ նրա, դա այն սկզբունքն է, որի վրա հիմնված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը․ «Ընդհանրապես ես չեմ հասկանում, թե այսօր Հայաստանի իշխանությունները ինչի՞ համար են … ոնց որ կորոնավիրուսից վախենան ինքնորոշում այդ բառից։ Վերջը դրա վրա է կառուցվել, Ղարաբաղի անկախության հռչակագիրը ամբողջությամբ արտացոլում է հենց այդ իրավունքը։ Եվ ինչի՞ համար է դա ևս կարևոր, որովհետև Ղարաբաղի անկախության իրավական հիմքերը անխոցելի են։ Անխոցելի են, որովհետև այն ժամանակ գործող օրենքի վրա էր հիմնված։ Եվ երբ բանակցային գործընթացը մտնում էր փակուղի, ես միշտ առաջարկում էի Ադրբեջանին (ԵԱՀԿ Մինսկի խմբի խմբ.) համանախագահողների ներկայությամբ, եկեք հարցը նայենք իրավական հարթության մեջ, մենք պատրաստ ենք ամբողջությամբ մտնել իրավական գործընթացի մեջ, մեզ ցույց տվեք որևէ մեր քայլը կամ այս երկրի ստեղծման իրավական հիմքերը թույլ են, խարխուլ են։ Չէին ուզում, միշտ պատասխանը գիտե՞ք՝ ինչ էր՝ վերջը սա քաղաքական հարթության մեջ պետք է լուծվի։ Չէին ուզում, որովհետև բանակցությունների թեման էր վերանում։ Էլ ի՞նչ բանակցենք»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ