Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյան․ Գործընկերոջ կարգավիճակից Ղարաբաղը ենթակա կարգավիճակի բերելը ծանրագույն վնաս է հասցնում ամբողջ գործընթացին

Սեպտեմբեր 18,2020 18:45

«Նույնացնել Ղարաբաղը Հայաստանի հետ դա այն կարմիր գիծն է, որը չի կարելի հատել»,- փորձագետների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ իր՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ լինելու տարիներին, Ղարաբաղը միշտ եղել է Հայաստանի գործընկերը, եղել են նաև լուրջ հակասություններ․ «Երբեք այդ հակասությունները հանրային քննարկման թեմա չէինք դարձնում, բայց եղել են։ Քելբաջարի (Քարվաճառ խմբ.) վերադարձի շուրջ, Աղդամի (Ակնա) և մյուս շրջանների ազատագրման հարցերի շուրջ, այո՛, եղել են լուրջ հակասություններ, բայց մենք մեր գործն արել ենք և հետո նստել ենք բանակցային սեղանին և փորձել ենք եզրեր գտնել, բարիշել, այսպես ասենք, չթշնամանալ։ Բայց մեր հեռահար նպատակները չենք զիջել միայն նրա համար, որ մեր հարաբերությունները լավ լինեն։ Չենք հրաժարվել, և ի պատիվս այն ժամանակվա իշխանությունների կարող եմ ասել, որ իրենք էլ այդ հարաբերությունների լարվածությունը չէին վերածում ինքնանպատակի՝ Ղարաբաղին ինչ-որ մի տեղ ճնշել, փողից զրկել, ֆինանսավորումը կանգնեցնել, սպառազինություն չուղարկել։

Այդպիսի բան չի եղել։ Հիմա վտանգը դրա մեջ է։ Մենք եղել ենք գործընկեր, հիմա Ղարաբաղը դարձել է ենթակա։ Շատ մեծ վտանգ եմ ես սրա մեջ տեսնում։ Առաջինը՝ մենք բանակցային գործընթացում լուֆտն ենք կորցնում տարբեր մոտեցումների, որովհետև եղել են ժամանակներ, երբ Տեր-Պետրոսյանը (առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խմբ․) ասում էր՝ հիմա էս ղարաբաղցիք չեն լսում, ի՞նչ անեմ, գնացեք համոզեք։ Եվ դա թատրոն չէր, դա բնական իրավիճակ էր։ Հիմա չես կարող ասել, դու ում ուզում ես Ղարաբաղում գործից ազատել ես տալիս, ում ուզում ես նշանակել ես տալիս, դու չես կարող ասել՝ ղարաբաղցիք չեն ընդունում այս կամ այն մոտեցումը։ Գործընկերոջ կարգավիճակից ենթակա կարգավիճակի բերելը ծանրագույն վնաս է հասցնում ամբողջ գործընթացին, և ի դեպ նաև Ղարաբաղի անվտանգությանը»։

Ռոբերտ Քոչարյանը հավելեց, որ այնպես չի եղել, որ Լեռնային Ղարաբաղի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ չշփվեն․ «Արկադի Ղուկասյանը համառորեն պաշտպանում էր։ Եվ Ղարաբաղը պետք է ընդհանրապես բանակցային գործընթացում, քան Հայաստանը։ Բաներ կար, որ իմ դուրը չէր գալիս, բայց սրտի խորքում համոզված էի, որ ճիշտ է անում։ Եվ ուրախ էի, որ ճիշտ է անում։ Այդ պահին կարող է մի քիչ դուրը չգա, բայց հաջորդ օրը ասում ես՝ ճիշտ է անում, ապրի։ Այսպես էր։ Նույնացումը ամենից վտանգավոր բանն է»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930