Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյան․ «Բանակցողները հայկական կողմից չէին հավատում, որ Ղարաբաղը կարող է ճանաչվել որպես անկախ պետություն ընդհանրապես»

Սեպտեմբեր 18,2020 18:15

«Իմ հանդիպումները Ալիևի հետ նորություն չէր, և մինչև ինձ հանդիպում էր առաջին նախագահը 1991 թվականից, և ինձնից հետո այդ հանդիպումները արդեն որդի Ալիևի հետ շարունակել է երրորդ նախագահը»,- փորձագետների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ Ղարաբաղը դուրս է մնացել բանակցություններից Լիսաբոնի գագաթնաժողովից հետո՝  1996 թվականից․ «Ըստ էության, 1997 թվականի ընթացքում ես չեմ հիշում որևէ հանդիպում Ղարաբաղի մասնակցությամբ։ Եվ այդ ձևաչափը ուղղակի բանակցային գործընթացից դուրս մնաց, ոչ թե ես փոխարինեցի ինչ-որ մեկին»։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ կար առանձին ձևաչափ և իրենք ընդունում էին, սակայն այդ ձևաչափն ավարտվել է Լիսաբոնում կայացված որոշումներով․ «Իմ տպավորությամբ, բանակցողները հայկական կողմից չէին հավատում, որ Ղարաբաղը կարող է ճանաչվել որպես անկախ պետություն ընդհանրապես։ Ես քանի անգամ քննարկել եմ այդ հարցը Ժիրայր Լիպարիտյանի հետ, շատ բարձր ինտելեկտի տեր էր, անկասկած, բայց ես տեսնում էի, որ այդ մարդը չի հավատում, որ մենք կարող ենք հասնել մեր հռչակված նպատակներին։ Ուղղակի չէր հավատում։ Ձևաչափն է, ըստ էության վերացել»։

Նա սխալ է համարում կարծիքը, թե Ղարաբաղը չկա բանակցային գործընթացներում․ «Պե՞տք է Ղարաբաղը վերադարձնել բանակցային սեղան։ Այո՛, պետք է։ Կհամաձայնի՞ Ադրբեջանը։ Չեմ կարծում, որ կհամաձայնվի, բայց այո՛, միշտ պետք է ձգտել, և երբեք պետք չէ որևէ առիթ տալ, որևէ լուրջ փաստարկ տալ Ադրբեջանին Ղարաբաղի մասնակցության հարցում մերժելը հիմնավորելու համար։ Օրինակ, երբ դու ասում ես՝ Ղարաբաղը Հայաստան է և վերջ, մեկ շաբաթ մինչև այդ հայտարարությունը դու ասում ես, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան։ Հարց է առաջանում՝ հանուն ինչի՞։ Դու Ադրբեջանին էական հնարավորություն ես տալիս ասել, որ վերջապես իրենք են հաստատում, որ դա նույն միավորն է և ինչի՞ պետք է նույն միավորի շրջանակներում մենք երկու հոգու հետ բանակցենք այս սեղանի շուրջ։ Գիտե՞ք՝ այս իշխանությունը ոչ միայն չգիտի՝ ինչ անել, այս իշխանությունը չգիտի, թե ինչ չի կարելի անել, և սա մեծ խնդիր է»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930