Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական հանդիպումն է ունեցել փորձագետների հետ։ Նրանք քննարկել են ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը։
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հետաքրքրվեց, թե Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների վատթարացումը ի՞նչ աստիճանի ազդեցություն կարող է թողնել Հայաստանի վրա՝ թե՛ Ղարաբաղի խնդրի հետ կապված, թե՛ Հայաստանի արտաքին քաղաքականության միջանցքի շուրջ։
Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ 1998-2008 թվականներին՝ իր նախագահության տարիներին, Հայաստանը կոմպլիմենտարության արտաքին քաղաքականություն էր վարում․ «Ուղղակի այն ժամանակ լրիվ ուրիշ էր, ճիշտ հակառակ պատկերն էր նրա, ինչ այսօր ձեզ մտահոգում է, և բոլորիս է մտահոգում։ Այն ժամանակ հարաբերությունները Ռուսաստան-Արևմուտք բավական ջերմ էին, նույնիսկ պատկերացրեք, որ ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի ծրագրերը ավելի շատ էին, քան Հայաստան-ՆԱՏՕ ծրագրերը։ Եվ 2002 թվականին, եթե չեմ սխալվում, Ռուսաստան-ՆԱՏՕ հանձնաժողով հատուկ ստեղծվեց, և բավականին արդյունավետ համագործակցել են իրենք մինչև վրացական կոնֆլիկտի պահը։ Մեկ տարով հետո սառեցվեց, հետո նորը վերսկսվեց մինչև 2014 թիվը, երբ Ղրիմը ընդգրկվեց Ռուսաստանի կազմի մեջ։ Բայց 1998-2008 թվականները այդ հնարավորությունը կար, դաշտն էր այդպիսին։ Ես բազմաթիվ հանդիպումների ժամանակ Շիրակի, Շրյոդերի, Բերլուսկոնիի հետ, ես տեսնում էի, թե ինչպիսի հարգանքով են խոսում նրանք Ռուսաստանի և Ռուսաստանի նախագահի մասին։ Չի եղել մեկ հանդիպում, որի ժամանակ մենք շրջանցեինք այդ հարաբերությունները, և այն ժամանակ հնարավոր էր կոմպլիմենտարության սկզբունքով փորձել մեր շահը փնտրել այնտեղ, որտեղ հզոր երկրների կամ երկրների միավորումների շահերն համընկնում, այլ ոչ թե հակասում են իրար»։
Նա կարծում է, որ առկա վիճակը անհրաժեշտություն է առաջացնելու մշակելու նոր մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան մեր ազգային շահերը առավելագույնս պաշտպանել լրիվ նոր իրավիճակում․ «Այն ժամանակ մենք ԵԱՏՄ անդամ չէինք, և այն ժամանակ մենք անդամակցեցինք մի շարք միջազգային տարբեր կառույցների։ Երբեք այդ անդամակցությունը չի հակադրվել Ռուսաստանի հետ մեր ամենից ջերմ հարաբերություններին բոլոր ոլորտներում՝ և՛ տնտեսական, և՛ ռազմական։ Ես կարծում եմ՝ այդ ժամանակ ուղղակի փայլուն օգտագործվեց այդ պահը, երբ կարելի էր ինտեգրվել աշխարհի մեջ չափազանց լավ հարաբերություններ պահելով քո ռազմավարական գործընկերոջ հետ, որը ևս այդպիսի ինտեգրման գործընթացի մեջ էր։ Եվ իրար հետ մենք միշտ քննարկում էինք սա, որոշ չափով սինխրոնիզացման նաև հարց կար։ Հիմա պատկերը լրիվ ուրիշ է, հիմա այս իշխանությունները պետք է կարողանան այդ մտավոր ներուժը գտնել, մշակել մի ծրագիր, որը հնարավորություն կտա այս փոթորիկի մեջով այդ նավը տանել այնպես, որ երկիրը խնդիրներ չունենա։ Ես կասկածում եմ, որ այդ մտավոր կարողությունը և այդ փորձը այս իշխանությունները ունեն։ Իսկ շատ ավելի կարճ, չեմ կարծում, թե որևէ մեկը կարող է ասել, թե ինչի է սա բերելու։ Մի քիչ սև ու սպիտակի են վերածվում այդ հարաբերությունները, և եթե հնարավոր է նպաստել, որ հակասությունները այդքան չխորանան, ապա ևս պետք է բոլոր հնարավորությունները ներդնել հնարավորինս մեղմացնելու համար այդ ոչ ցանկալի մեզ համար գործընթացը»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ