«Այդ լուրերն աբսուրդ են»,-Aravot.am-ի հարցին՝ հայտնի՞ է՝ որն էր պատճառը, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ժպիտների քաղաք»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում կայացրեց, քանի որ լուրեր կան, թե Աննա Հակոբյանի այս որոշումը կապված է նրա հետ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ պայմանագիրը երկարացնել, մինչդեռ ըստ մամուլի հրապարակումների՝ Աննա Հակոբյանն այդ պաշտոնում իր թեկնածուն է ունեցել, այսպես արձագանքեց «Ժպիտների քաղաք»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, մանկաբույժ, օնկոլոգ Գևորգ Թամամյանը:
Պատճառների մասին Գևորգ Թամամյանը ոչինչ հայտնել չկարողացավ, քանի որ ասաց՝ չգիտի:
Խոսելով Աննա Հակոբյանի՝ մանկական ուռուցքաբանության զարգացման հարցում ունեցած ներդրման մասին՝ ասաց. «Տիկին Հակոբյանի դերը մանկական ուռուցքաբանության վերջին երկու տարիների զարգացման մեջ անուրանալի է և տեսանելի անզեն աչքով: Բացի որպես բժիշկ, նաև որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ՝ դիմելու եմ տիկին Հակոբյանին, որպեսզի հնարավորության դեպքում վերանայի իր որոշումը»:
Փորձեցինք հստակեցնել՝ կարո՞ղ է Աննա Հակոբյանի որոշումը նրա զբաղվածության հետ էր կապված, Գևորգ Թամամյանն արձագանքեց. «Չգիտեմ, չեմ կարող պատասխանել: Հնարավոր է»:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ իսկ այդ որոշման մասին հոգաբարձուների խորհուրդը նախապես իմացե՞լ է, քննարկում եղե՞լ է կամ այս պահին կա՞ նախագահի թեկնածու, Գևորգ Թամամյանը պատասխանեց. «Ոչ, նախապես հոգաբարձուների խորհուրդը չի իմացել այդ որոշման մասին: Հիմա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն Աննա Հակոբյանն է: Եվ հիմա էլ խնդրանքով դիմում եմ տիկին Հակոբյանին՝ հնարավորության դեպքում վերանայել իր որոշումը»:
Աննա Հակոբյանի որոշման պատճառների մասին պարզաբանման համար դիմեցինք նաև Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանին: Նա նշեց. «Վերոնշյալ թեմայով որևէ մեկնաբանություն այս պահին չեմ կարող տալ»:
Հարցին՝ իսկ հնարավո՞ր է Աննա Հակոբյանը ընդունի հորդորը և վերանայի իր որոշումը, Հասմիկ Հարությունյանը պատասխանեց, որ այդ մասին էլ այս պահին պարզաբանում ներկայացնել չի կարող:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ