Իսրայելի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Մերձավոր Արևելքում բեկումնային պահ է։ Այսպես է մեկնաբանել պատմական համաձայնագիրը Հայաստանում Իսրայելի դեսպան Էլի Բելոցերկովսկին։
«Մինչ ամբողջ աշխարհում Մերձավոր Արևելքի տարածաշրջանն ընկալվում է որպես դիսֆունկցիոնալ ընտանիք, Աբրահամյան համաձայնագիրը ի ցույց դրեց գիտակից որոշում, որ այն կարող է լինել ֆունկցիոնալ։ Սա պատմական իրադարձություն է, որը տարածաշրջանի համար նոր սկիզբ է նշանավորում և խաղաղությունից բացի, նաև բարեկեցություն է ապահովելու, որն անմիջապես նկատելի կլինի»,- գրել է դեսպանը։
Նա նաև նշել է, որ համաձայնագիրը արաբական մյուս երկրների համար հեղափոխական հնարավորություն է Իսրայել պետության հետ ֆորմալ հարաբերություններ հաստատելու համար։ «Սա խաղաղության դեմ հանդես եկող ու կոնֆլիկտները շարունակող արմատական ուժերին ներկայացվող այլընտրանք է։ Համաձայնագիրը Մերձավոր Արևելքում հակամարտությանը վերջ դնելու կարևոր փուլ է»,- գրել է դեսպանն ու հավելել, որ այս համաձայնագիրը պաղեստինցիների համար նույնպես բացառիկ հնարավորություն է վերադառնալ Իսրայելի հետ բանակցություններին։
Էլի Բելոցերկովսկին անդրադարձել է նաև Հայաստանին և նշել, որ այն հայտնի է որպես հանգստության և կայունության հանգրվան, թեպետ և Իսրայելի պես անմասն չի մնացել հակամարտություններից և զոհերից։ «Հայաստանը Իսրայելի նման շատ լավ գիտակցում է մարդկային կյանքի թանկ գինը։ Եվ Իսրայելի նման Հայաստանը նույնպես խաղաղության ուղին գերադասում է պատերազմից։ Հենց այդ պատճառով Հայաստանն իր ընտրությունը կատարել է հօգուտ խաղաղարար ճամբարի, այլ ոչ թե պատերազմ հրահրողների։ Մենք վստահ ենք, որ Հայաստանը ողջունում է այս իրադարձությունը և նոր Մերձավոր Արևելքին նրա աջակցությանն ենք ապավինում»,- գրել է Հայաստանում Իսրայելի դեսպանը։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ